23 Ապրիլ 2013, 17:44
4118 |

Հայացք դեպի ապագա

Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի խոշորագույն ոճրագործություններից ու հայ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը, յուրաքանչյուրիս գիտակցության մեջ ի ծնե ունեցած սպիի պես մի բան է: Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալն ու զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը անվերապահորեն ընդունում և կատարում ենք, ինչպես մինչև օրս կատարում ենք բազմաթիվ ծեսեր և արարողություններ, որոնց սկզբնական նշանակության մասին հաճախ գաղափար իսկ չունենք, և որոնք, գուցե, հնացել կամ վաղուց արդեն օտար են մեզ համար: Եվ ամեն մեկս հոգու խորքում միշտ սպասում ենք այն օրվան, երբ Մեծ եղեռնը կճանաչվի միջազգային հանրության և առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից:

1915 թվականից ի վեր աշխարհի տարբեր պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը քննադատող բանաձևեր։ Միջազգային առաջին արձագանքն այդ իրադարձություններին 1915-ի մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Ուրուգվայը 1965-ին։ Ներկայումս ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների թիվը 20-ից ավելի է։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա՝ Եվրախորհրդարանը և Եվրոպայի Խորհուրդը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ի 40 նահանգներ և տարբեր քաղաքների քաղաքապետարաններ։ Չնայած նահանգների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն Կոնգրեսը, Սենատը, քաղաքական խնդիրներից ելնելով, այս հարցը վերջնականապես չեն լուծում։ Եթե մինչև 2004-ի կեսերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նկատվում էր տվյալ երկրի հայ համայնքի ազդեցությունը, ապա 2004-ին Սլովակիայի ճանաչումից հետո սկսվեց մի փուլ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներում հայ համայնքը գրեթե բացակայում է։ Պետությունները հետևում են միջազգային ասպարեզում հատկապես Եվրամիությունը ներկայացնող երկրների ժողովրդավարական քայլերին։ Եվրախորհրդարանի և եվրոպական երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դեպի Եվրոպա ձգտող պետություններին դրդում է համախմբվել նաև այս հարցում։ Ի դեպ, Ֆրանսիան և Բելգիան օրենք են ընդունել նաև Հայոց ցեղասպանությունը մերժող անձանց դատապարտելու մասին, 2007-ին նրանց միացավ նաև Արգենտինան։

Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակվում է: Շատերս երբևէ չենք էլ մտածել, թե ինչ կտա մեզ այդ գործընթացի բարեհաջող ավարտը: Այն, ինչ տեղի կունենա քաղաքական և տնտեսական դաշտում, գուցե, ինչ-որ չափով կարելի է կանխատեսել և պատկերացնել, բայց ի՞նչ կտա դա մեզնից յուրաքանչյուրին: «Ի՞նչ կտա քեզ Հայոց ցեղասպանության ճանաչումը»՝ հարց, որն ուղղել ենք մեր այսօրվա երիտասարդությանը:

1. Լևոն Մարգարյան, 22 տարեկան, մշակութաբան, Երևան
Ցեղասպանության ճանաչմամբ կլուծվի ՀՀ առջև ծառացած ամենամեծ քաղաքական ու բարոյական խնդիրներից մեկը: Զուտ բարոյական առումով դա մեզ բոլորովին նոր մակարդակի կբերի, կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, կբացվի հայ-թուրքական սահմանը կամ նման մի բան տեղի կունենա: Բացի այդ, դրա շնորհիվ շանս կստանանք ունենալու նոր որակի տնտեսություն, այսօրվա աշխարհում փակ սահմաններ չպետք է լինեն: Անձամբ ինձ համար դա, օրինակ, Թուրքիա գնալու ավելի հեշտ հնարավորություն կտա: Առհասարակ, ես Հայոց ցեղասպանության առնչությամբ շատ չեմ նեղվել երբեք, բայց համարում եմ, որ դա մեր քաղաքական կայացման համար լուծելու կարևոր հարց է:

2. Սուսաննա Մանուկյան, 24 տարեկան, PR մասնագետ, Աբովյան
Դժվարանում եմ ասել… Երևի լուծված վրեժի, բավարարվածության զգացողություն կունենամ: Իսկ որպես հետևանք առնվազն տարածքների վերադարձ եմ պատկերացնում. հայ ժողովրդի մի ամբողջ պատմություն է Արևմտյան Հայաստանում, չգիտեմ, գուցե զուտ հոգեբանական հարց է: Ինչքան էլ չսիրեմ ներկայիս Հայաստանը, ամեն դեպքում ես հպարտ եմ ու միշտ կհպարտանամ նրանով, ինչ անցյալի հետ է կապված: Իսկ տարածքների վերադարձով զգալիորեն կբարելավվի Հայաստանի տնտեսական վիճակը, հենց թեկուզ տուրիզմի ակտիվացման շնորհիվ:

3. Դավիթ Հակոբյան, 27 տարեկան, լուսանկարիչ, Երևան
Բարոյական փոխհատուցում և ուրիշ ոչինչ: Բա էլ ի՞նչ կարող է տալ. կյանքերը հետ չենք կարող բերել, իսկ իմ պապերը կալվածքներ չեն ունեցել, ես եղեռնի զոհի ժառանգ չեմ, որպեսզի թուրքերից նյութական հատուցում պահանջեմ:

4. Ֆենուլ Խաչատրյան, 19 տարեկան, լրագրող, Երևան
Հայոց ցեղասպանության ճանաչումը ինձ' որպես անհատի, չի տա ոչինչ: Դա պատմական իրողություն է ու ցանկացածիս համար անձնական ցավի պես մի բան է դարձել, ու ֆորմալ հայտարարությունն ինձ ոչինչ չի տա, իմ կյանքը չի փոխի: Իսկ հասարակության ու պետականության մասշտաբով շատ բան կարող է տալ՝ կախված նրանից, թե ինչ պահանջներ կներկայացվեն ու ինչ չափով այդ պահանջներն ի կատար կածվեն: Եթե դրա արդյունքում շահի հասարակությունը, մեր պետությունն էլ դառնա ավելի լավը, դա կլինի իմ անհատական շահը:

5. Հրաչյա Բարխուդարյան, 21 տարեկան, ուսանող, Նյու Յորք
Ոչինչ էլ չի տա, որովհետև արդարությունն այդպես երբեք չի կարող հաստատվել. ո'չ հողերը հետ կգան, ո'չ էլ փող կտան: Եթե տային, գուցե և ես էլ ինչ-որ բան ստանայի, բայց հենց այնպես ոչինչ չեն տա: Ես դա ասում եմ՝ ելնելով միջազգային փորձի վերաբերյալ իմ իմացածից, դա լինելու բան չի. լավագույն դեպքում այլմոլորակայինները կիջնեն, կազատագրեն ու մեզ հետ կտան հողերը, ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Բայց դե, ինչ խոսք, տալու դեպքում չէի հրաժարվի:

6. Արփի Դիլանչյան, 24 տարեկան, ռադիոֆիզիկոս, Թեհրան
Բարդ հարց է: Իմ նախնիները առնչություն չեն ունեցել այդ ողբերգության հետ, Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում հայտնվել են Նոր Ջուղայում, հետո Թեհրան տեղափոխվել: Իսկապես միշտ մտածել եմ, թե ինչ կտա ազգիս: Դե հող, բան, փոխհատուցում զոհերի ընտանիքներին և այլն: Բայց եթե իմ մասին խոսեմ… Ցեղասպանության ճանաչումը հոգեկան բավարարվածություն կբերի այն վերապրածներին, իսկ դա արդեն անմիջապես կանդրադառնա իմ հոգեվիճակի վրա, և ես, ինչպես յուրաքանչյուր հայ, կազատվեմ երկար տարիներ մեջս բույն դրած այդ բարդույթից:

7. Վիգեն Առուշանյան, 23 տարեկան, գործարար, Երևան
Անձամբ ինձ՝ ոչինչ: Պարզապես մեր երկրին ձեռնտու է պահպանել այս վիճակը, որովհետև քանի դեռ այդ հարցը լուծված չէ, մենք թուրքերի վրա ազդելու լծակ ունենք: Իսկ հենց խնդիրը լուծում ստանա, մեր դիրքերը կթուլանան, էլ մունաթի տեղ չենք ունենա: Ինձ թվում է՝ պատասխանատու դեմքերը դա քաջ գիտակցում են, հակառակ դեպքում վաղուց կլուծվեր այդ հարցը, որովհետև հիմիկվա պայքարի ձևն ինձ դուր չի գալիս: Եթե կոպիտ ասեմ՝ ստեղ-ընդեղ լացում են, որ մեզ սենց արեցին, նենց արեցին, իսկ գործնականում՝ զրո:

8. Անահիտ Գալստյան, 21 տարեկան, արվեստաբան, Երևան
Եթե մի կողմ դնենք իրավական, պետական մակարդակի հարցերը և խոսենք հենց իմ մասին, ապա ինձ բան էլ չի տա: Ինձ համար վիրավորական է անգամ այն գաղափարը, որ ինչ-որ մեկը պիտի մարդկանց ցավը ճանաչի կամ չճանաչի: Այո, ես դա ընդունում եմ որպես անձնական ցավ, այնքան անձնական, որ ճանաչել-չճանաչելու մասին խոսելն արդեն վիրավորում է ինձ:

9. Արեգ Սարինյան, 17 տարեկան, ուսանող, Երևան
Այդ հարցին մի քանի տեսանկյունից կարելի է նայել: Նախ ասեմ, որ ինձ ինչ-որ առումով նսեմացած եմ զգում, որ մեր երկիրը ուժերի ներածի չափով փորձում է ճանաչման հասնել, կարծես այնքան անինքնասեր ենք, որ սպասում ենք՝ այլ երկրները բարեգութ գտնվեն և բարեհաճեն ճանաչել, մենք էլ ուրախանանք դրանից: Այդուհանդերձ, ցեղասպանության ճանաչումն ինձ առանձնապես ոչինչ չի տա, բացի բավարարվածության զգացումից: Դա ինձ համար չի լինի քայլ առաջ դեպի ապագա:

10. Անահիտ Մելիքսեթյան, 21 տարեկան, ճարտարապետ, Երևան
Ես չեմ կարծում, որ իրականում մեծ փոփոխություններ կտա, այսինքն՝ այն հավատը, թե կընդունեն, կհատուցեն, «մեր Մասիսը ու հողերը կստիպեն հետ տալ մեզ»-ը մանկամիտ մոտեցում է… Անձնական առումով գուցե ինչ-որ չափով ներքին հանգստություն բերի, բայց դա էլ՝ «այնքանով-որքանով» տեսանկյունից: Եղածը եղած է, և համոզված եմ՝ հնարավորության դեպքում թուրքերը կկրկնեին այդ արարքն առանց վարանելու: Ես խորապես անտարբեր եմ այդ գովազդային «թուրքերին իրենց անցյալի հետ հաշտեցնելու» գաղափարի հանդեպ: Նյութական առումով լավագույն դեպքում պետք է ստանանք գումարային փոխհատուցում, ինչպես Գերմանիան է մինչ օրս տալիս հրեաներին, բայց միևնույն է, չեմ հավատում. թուրքա-ադրբեջանական հարաբերություններ, նավթ, հազար ու մի գործոններ կան ընդդեմ:

11. Գևորգ Պապոյան, 21 տարեկան, զինծառայող, Արալեռ, ԼՂՀ
Ճիշտ է, հիմա ամբողջ մտքերս կենտրոնացած են ծառայությունը բարեհաջող ավարտելու վրա, բայց, առհասարակ, ոչ մի ակնկալիք չունեմ այդ ճանաչումից: Լավագույն դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի, գումարային հատուցման մասին չեմ էլ մտածում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դրանից ոչ մի բաժին չունենք: Մի բան էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրությունը կարող է սրվել:

12. Անահիտ Տեր-Սարգսյան, 27 տարեկան, դերասանուհի, Երևան
Թվում է, թե կոնկրետ ինձ ի՞նչ պիտի տա որ: Մտածում եմ՝ իմ թե' մասնագիտական, թե' անձնական ոչնչի վրա չի անդրադառնա: Ինչպես ապրում եմ, այնպես էլ կշարունակեմ: Հետո մտածեցի, որ եթե ինչ-որ բան տա իմ շրջապատին, այդ դեպքում արդեն ինձ վրա էլ կանդրադառնա, քանի որ հետևում եմ շրջապատիս զգայական տատանումներին: Անձամբ ինձ հուզում է մարդը. եթե մարդն ազատ, անկախ էակ է իրեն զգում, համամարդկային արժեքներով է առաջնորդվում, նա դուրս է գալիս իր ազգային սահմանից, հետևաբար և վերջինիս վրա ծանրացած բարդույթներից:

13. Ստեփան Սմբատյան, 24 տարեկան, նախագծերի մենեջեր, Երևան
Եթե նայենք նյութական տեսակետից, ապա առանձնապես ոչինչ էլ չի տա, մյուս կողմից դա ինձ արդարության զգացում կտա, ես էլ սիրելով արդարությունը կուրախանամ դրանից: Հատկապես, եթե Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն, դա նաև վստահություն կտա, որ նման բաներ այլևս չեն կրկնվի: Եթե ցեղասպանությունն իրականացրած թուրք ազգը ինչ-որ կերպ պատժվի, դա կլինի նախազգուշացում մյուս ազգերի համար, իսկ ազգերից շատերն են ընդունակ նման ոճրագործության: Դա ինձ համար կարևոր է համամարդկային առումով, որպեսզի բոլորը ևս մեկ անգամ զգաստանան հանցանք գործելուց առաջ:

14. Լիլիթ Ամիրխանյան, 19 տարեկան, ուսանող, Թեհրան
Երբեք չեմ մտածել, թե ինչ կտա, մանկուց միշտ ուզել եմ, որպեսզի ճանաչվի ցեղասպանությունը: Բայց հիմա կարծում եմ, որ այդ ցանկությունն ինքնանպատակ է եղել, քանի որ չեմ մտածել ու գիտակցել, թե դա ինչի կբերի: Մայրիկիս տատիկն ընտանիքով գաղթել է Սիրիա, հետո տեղափոխվել Պարսկաստան: Մտածում եմ՝ ասենք ընդունվեց, հետո ի՞նչ է լինելու, արդյո՞ք մենք, նախ և առաջ, հետ կստանանք մեր հողերը: Միակ բանը, որ հաստատ ինձ կտա, այն է, որ ուղղակի համաշխարհային մակարդակով կխոսվի այդ մասին, մեր մասին ավելի շատ կլսեն, կիմանան իմ ժողովրդի մասին, իմ էթնոսի մասին: Բայց այս հարցին չեմ էլ նայում անձնական տեսանկյունից, դրա համար էլ չեմ կարող ասել, թե ինձ կամ իմ նման երիտասարդներին ինչ կտա: Ամենամեծ օգուտը դրանից կլիներ Արևմտյան Հայաստանը հետ ստանալը, որի մասին մենք այդքա՜ն երազում ենք, բայց դա հեշտ բան չէ, անգամ եթե Ցեղասպանությունը ճանաչվի: Չնայած իրատես լինելով էլ կարելի է լավատես մնալ: Հավատանք և, ով գիտի, միգուցե Արևմտյան Հայաստանը մի օր մեր երկրի սահմաններում հայտնվի :

15. Հակոբ Գազանչեան, 25 տարեկան, վեբ ծրագրավորող, ապագա թուրքագետ, Հալեպ
Օտար երկրների կամ թեկուզ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից 6,5 տարի առաջ Հայաստան տեղափոխվելուց հետո կամաց-կամաց հրաժարվել եմ՝ գիտակցելով, որ դա ինձ և ընդհանրապես հայությանը հոգեկան թեթևությունից, հանգստությունից բացի ուրիշ բան չի տալու: Մանավանդ, որ երկրի ներսում այնքան ճանաչելու և լուծելու հարցեր, խնդիրներ ունենք, որ ցեղասպանության հարցն ուղղակի խաղաքարտ է դարձել, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի: Ինձ համար իսկական ճանաչումը հենց մեր ժողովրդի կողմից ճանաչումն է, գիտակցությունը… Իրենք պետք է ընդունեն դա՝ որպես պատմության դաս և դրա վրա հիմնվելով կատարեն իրենց ապագա քայլերը:

 

Այս թեմայով