22 Ապրիլ 2013, 17:37
1177 |

«Լեռնցիների պարը» այլևս չի լինի փրկել

Քանդակը գունավոր մետաղից է, ծանր, վարկածի համաձայն, գողերն այն հանձնել են ընդունման կետերին:

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը վրդովված ու վիրավորված է. նրա «Լեռնցիների պարը» քանդակը 10 տարուց ավելի շինարարական հրապարակի ցանկապատից ներս էր ու դուրս՝ ուշադրությունից, իսկ հիմա բզկտված է ու հոշոտված: «Լեռնցիների պարը» 4 մ բարձրությամբ արձանախումբ է, որը 1984-ին տեղադրվել է Դվին հյուրանոցի մոտ: Սովետական ժամանակներում այն քաղսովետի հսկողության ներքո էր, անկախությունից հետո անցավ Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը: Քանդակը պահպանվող հուշարձանների պետական ցանկում է, հետևաբար՝ մշակույթի նախարարության վերահսկողության տիրույթում:

Դվին հյուրանոցը սեփականաշնորհելուց հետո քաղաքային իշխանությունները «Լեռնցիների պարի» պահպանման պատասխանատվությունը հանձնել էին սեփականատիրոջը: Նա էլ քանդակը ներգրավել էր կառուցապատման տարածքում: Իր ստեղծագործության ներկայով ու ապագայով մտահոգ Տիգրան Արզումանյանը դիմել է իշխանություններին՝ հետաքրքրվել քանդակի ճակատագրով: Կառավարությունը խնդիրը քննարկել է ու Դվինի սեփականատիրոջը հանձնարարել քանդակը շինհրապարակի տարածքում չընդգրկել ու տեսանելի պահել: Հանձնարարությունը, սակայն, չի կատարվել: Հարցը նորից է քննարկվել, ու որոշվել է արձանախումբը տեղափոխել ավելի ապահով տեղ:

Ինչ նոր որոշում էլ այսօր կայացվի, «Լեռնցիների պարը» այլևս չի լինի փրկել: Լեռնցիների միայն գլուխներն են մնացել, պարող մարմինները չկան, մաս-մաս կտրտվել ու թալանվել են: «10-20 օրում է արվել ամեն ինչ. դրանից առաջ ես պարբերաբար տեսակցության եմ գնացել իմ քանդակին. ավերակների, շինարարական աղբի մեջ էր, բայց կանգուն: Զարմանում եմ. մի՞թե ոչ ոք չի տեսել, թե ինչպես են էլեկտրական գործիքներով մասնատում արձանը, ախր գոնե ձայները չե՞ն լսել: Դա հնարավոր չէր թաքուն անել. արձանի 90 տոկոսը չկա, ո՞վ է արել. Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել: Բայց պատճառն ակնհայտ է. քանդակը գունավոր մետաղից է, ծանր, և գողերն այն հանձնել են ընդունման կետերին»:

Մեր քաղաքում «Լեռնցիների պարը» կողոպտված միակ արձանը չէ: Ղևոնդ Ալիշանի քանդակը տարիներ առաջ հենց Տիգրան Արզումանյանն է վերականգնել: Ավազակները դարձյալ գունավոր մետաղով գայթակղված հոշոտել էին գրողի կիսանդրին:

Այս թեմայով