22 Ապրիլ 2013, 13:35
2436 |

Գետնից բարձր

Վաղուց հաստատված փաստ է՝ բարձրորակ երաժշտությունը լայն զանգվածների համար չէ:

«Հեշտ մարսվող երաժշտություն» արտահայտությունը գրեթե միշտ օգտագործում են փոփ երաժշտության մասին խոսելիս: Վերջերս որպես վաղուց հաստատված փաստ է ներկայացվում այն տեսակետը, ըստ որի բարձրորակ երաժշտությունը լայն զանգվածների համար չէ: Բայց փոփ երաժշտություն ստեղծողներն այդ մտքի հետ համաձայն չեն: Ավելին, ժամանակակից երգերի հեղինակները չեն հոգնում փորձարարություններ անել և միքսելհինն ու նորը: Հենց այդպես էլ ստեղծվում են արդեն վաղուց դասական դարձած ստեղծագործությունների ժամանակակից տարբերակները, հնի հիման վրա գրված նոր երգերը:

Դեռ մեկ տարի առաջ «The beautified project» ռոք խումբը խիզախեց ու ռիսկի դիմեց: Արդյունքը բոլորին արդեն շատ լավ հայտնի «Կիլիկիա» երգի նոր տարբերակն է' խումբն ազգայինը ռոքային է դարձրել: Խմբի մեներգիչը՝ Անդրեն, հիմա ավելի հանգիստ է խոսում այս նախագծի մասին, բայց միևնույն ժամանակ նշում, որ հենց սկզբից էլ վախով են մոտեցել գործին: Գուցե դա է պատճառը, որ Կիլիկիայի վրա աշխատել են շուրջ 4 ամիս, նույնիսկ հայերեն բառերի ճիշտ արտաբերման համար դիմել են վոկալիստի օգնությանը: «Կոմիտասի ու Սայաթ-Նովայի գործերն արդեն շատերն են փչացրել, իսկ մենք չէինք ուզում նույնն անել: Դա է պատճառը, որ ես հենց սկզբից տղաներին ասացի՝ պատրաստ եղեք քննադատությունների: Պատկերացնում եք' որքան զարմացանք, երբ հնչեցին միայն դրական արձագանքներ: Ավելին, մեր կատարած ռոքային Կիլիկիան այսօր այդ երգի ամենաշատ դիտված ու լսված տարբերակն է», - հպարտությամբ ասում է Անդրեն:

Մասնագետները ևս պնդում են, որ դժվար ու հեշտ ընկալելի երաժշտությունների միքսից կարող է հետաքրքիր բան ստացվել: Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Սեդա Շերանյանն էլ է սրա հետ համակարծիք, «Դասականի, ազգայինի նորովի ներկայացումը կամ միքսը այլ ժանրի երաժշտության հետ կարող է լավ ազդեցություն ունենալ հասարակության վրա: Օրինակ, մի շարք ռեփ կատարումներ, որոնց հիմքում ընկած են դասական ստեղծագործություններ, բազմաթիվ մարդկանց ուշադրությունը գրավեցին դեպի այդ երաժշտությունը, հետաքրքրություն առաջացրեցին մի քիչ ավելի բարդ ընկալվող երաժշտության նկատմամբ», - կարծում է երաժշտագետը:

Երաժշտագետը նշում է, որ նման դեպքերում պետք է հատկապես զգույշ լինել ազգային երաժշտությանն անդրադառնալիս: Մի քանի ամիս առաջ Սիրուշոն ներկայացրեց Պռեգոմեշ երգը, որի հիմքում Կոմիտասի ստեղծագործությունն էր: Այս դեպքում գրվեց նոր փոփ երգ, որում օգտագործվեցին հայկական դասական երաժշտության էլեմենտները: Սա էլ հինը նորովի ներկայացնելու մեկ այլ տարբերակ էր: Երաժշտագետը նշում է, որ ազգայինի միքսը փոփ երաժշտության հետ բավական դժվար գործ է, քանի որ համադրվում են երկու անհամարժեք ժանրեր : «Չնայած' այդկերպ ազգայինն ու դասականը հասու են դառնում լայն մասսաներին, պետք չէ մոռանալ, որ բարձրակարգ երաժշտությունը մարդկանց հասցնելու համար պարտադիր չէ այն իջեցնել ամբոխի մակարդակին: Պետք է անել հակառակը՝ մարդկանց բարձրացնել գուցե մի փոքր դժվար ընկալվող, բայց բարձրարժեք երաժշտության մակարդակին», - նշում է Սեդա Շերանյանը:

Հայկական փոփ ինդուստրիայում եղել են նաև դեպքեր, երբ փոփ երգերի մեջ օգտագործվել են աշխարհում հայտնի դասական ստեղծագործություններ: Վերջին նման փորձն արեց երգահան Վահրամ Պետրոսյանը' անդրադառնալով ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին՝ «Ռեքվիեմին»: Վահրամի գրած երգն էլ է կոչվում «Ռեքվիեմ»: Հեղինակը հավանաբար որոշել է ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել հանրահայտ ստեղծագործության մասին ու արդեն սեփական «Ռեքվիեմի» մեջ օգտագործել Մոցարտի ստեղծագործությունից մի քանի հատված: Երգահանն այստեղ ոչ մի արտառոց բան չի տեսնում, իր հեղինակած երգն ընդամենր մի հասարակ աղջկա սիրո պատմության մասին է: Զրույցի ընթացքում նա բերեց մի շարք օրինակներ, երբ օվկիանոսից այն կողմ ստեղծագործող երգիչերը խառնել են հինն ու նորը:

«Փոփ երաժշտությունը դասական ստեղծագործությունների հետ միքսելը ես չեմ հնարել: Դա ամբողջ աշխարհում արդեն երկար տարիներ արվող բան է: Օրինակ, «Ավե Մարիան» ունի 200-ից ավելի տարբեր կատարումներ: Ճիշտ է' իմ գրած երգն ինչ-որ բարձր արժեքների մասին չէ, բայց դա չի նշանակում, որ դրանով ես ավելի հասարակ եմ դարձրել Մոցարտի «Ռեքվիեմը»: Ավելին՝ երգի շնորհանդեսից հետո շատերն իմացան' ով է Մոցարտն ու որն է նրա հեղինակած «Ռեքվիեմը», - բացատրեց Վահրամը:

Երաժշտության մեջ անթույլատրելի բաներ չեն լինում: Լինում են միայն անորակ ու որակյալ աշխատանքներ: Ամեն ինչ թույլատելի է, եթեդա էսթետիկ հաճույք է պատճառում ունկնդրին:

Այս թեմայով