20 Ապրիլ 2013, 19:21
1676 |

Մի հատիկ մասունք` միայն նրա համար

2013- ի ապրիլի 21-ին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 48 տարեկան։ Մարտական ընկերների ու մտերիմների համար նա դեռ 26 տարեկան է. այնքան, որքան էր, երբ Գետաշենի մատույցներում անհավանական մարտեր էր ղեկավարում, երբ իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը' կազմակերպում էր գետաշենցիների տարհանումը։

Մարտական ընկերների համար Թաթուլն անկրկնելի ռազմական գործիչ էր, որին բոլորը սիրով ու հարգանքով էին վերաբերվում, անեկբա ենթարկվում նրա հրամաններին։ Թաթուլը նրանց հուշերում կենսուրախ, կորովի, անվախ, կռվելով մինչև Արևմտյան Հայաստան գնալու պատրաստ մարտիկ է։ Նրանք տեսել են Թաթուլին, ուրախացել ու տխրել, պարտվել ու հաղթել նրա հետ, ճանաչել հրամանատարի բնավորության փխրուն ու կոշտ կողմերը։ Իսկ ո՞վ է Թաթուլ Կրպեյանն իր ժառանգի' դստեր համար։ Ինչպե՞ս է երիտասարդ աղջիկն ընկալում և ընդունում մի մարդու, որին չի էլ հիշում։ Ասպրամ Կրպեյանն ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետն ու աշխատում է ՀՀ ՊՆ-ում։

Ազգային հերոսի դուստր լինելը ստիպում է որևէ քայլ անելուց առաջ խորը մտածել. սխալվելը հասարակական հնչեղություն կստանա։ Այդպե՞ս է։
- Ազգային հերոսի դուստր լինելը պարտավորեցնող է ու ներշնչում է պատասխանատվության, նաև հպարտության մեծ զգացում։ Ես ամեն վայրկյան զգոն եմ, հիշում եմ' ում դուստրն եմ, ում ազգանունն եմ կրում։ Հորս չեմ հիշում, բայց նրա ներկայությունը միշտ ինձ հետ է։ Ամենավճռորոշ պահերին կողքիս է, անգամ զրուցում եմ նրա հետ։ Դա անբացատրելի զգացողություն է։ Այդ կապը խոսքերով չես նկարագրի։ Շնորհակալ եմ մորս, որ հորս հիշատակը միշտ կենդանի է պահել, ամեն վայրկյանս նրանով է լցրել, նրանով է ապրեցրել ինձ։
Ապրիլյան օրերին էլ զոհվեց Թաթուլ Կրպեյանը։ Ենթադրում եմ, որ ապրիլը Ձեր ընտանիքում առանձնահատուկ է՝ հակասական զգացողություններով լի։
- Հայրս զոհվել է ապրիլի 30-ին։ Պատմում են, որ ծննդյան օրը կռվի դաշտում են եղել։ Ընկերները փորձել են անակնկալ մատուցել նրան, բայց իրենք են անակնկալի եկել, երբ իմացել են, որ հայրս ընդամենը 26 տարեկան է։ Մինչդեռ ընկերները կարծել են, թե 40-նն անց է։ Այդքան հասուն ու խորը մարդ է եղել։
Սիրե՞լ է Թաթուլ Կրպեյանն իր ծննդյան օրը տոնել։
- Շատ է սիրել. առհասարակ ուրախ, կյանքով լեցուն մարդ է եղել։ Պատմում են, որ հենց երաժշտություն է հնչել, առաջինն ինքն է վեր կացել պարելու, թնդացրել է շրջապատը։ Հայրս նաև լավ երգելիս է եղել։ «Մարաթուկում» է երգել, հետո հիմնել է ԵՊՀ-ի «Կարս» ազգագրական երգի-պարի անսամբլը, որտեղ մայրս էլ է երգել։ Մենք նրա ծննդյան օրը ուրախ ենք նշում, որովհետև հայրս չէր ուզենա, որ տխուր ու արցունքով հիշեինք այդ օրը։
Ի՞նչ նվիրական մասունքներ է թողել Ձեզ։ Այնպիսի բան, որ միայն միայն Ձեզ է պատկանում։
- Ես ծնվել եմ փետրվարի 20-ին։ Երբ մի տարեկանս լրացավ, հայրս Գետաշենում է եղել, չի կարողացել գալ ու իր դստեր առաջին տարեդարձը շնորհավորել։ Չգիտեմ' որտեղից մի տիկնիկ է գնել և ընկերոջ' Արթուր Կարապետյանի հետ ուղարկել մեր տուն։ Ես շատ եմ սիրել այդ տիկնիկը։ Ոչ մի ուրշ խաղալիքով չեմ ուզել խաղալ, միայն այդ սովորական, մյուսներին գեղեցկությամբ զիջող տիկնիկն եմ պահանջել, որի թաթիկները շարունակ կրծոտել եմ։ Մայրս վերցրել է ձեռքիցս ու պահել. թույլ չի տվել, որ մինչև վերջ փչացնեմ հորս նվերը։ Երեխա ժամանակ չեմ հասկացել մորս արարքի պատճառը. հիմա եմ հասկանում, որ նրա համար շատ ծանր է եղել զրկել դստերը հոր նվերով խաղալու հաճույքից։ Բայց շնորհակալ եմ իրեն, որ տիկնիկս' հորիցս մնացած միակ մասունքը, պահել-պահպանել է, որպեսզի փոխանցեմ իմ երեխաներին։ Մեկ էլ մի նկար է մնացել նրանից, միակ լուսանկարը, որտեղ մենք միասին ենք։

Այս թեմայով