19 Ապրիլ 2013, 10:10
2165 |

Հույժ գաղտնի

Դեռ 10 տարի առաջ նրանց անունները լայն հանրությանը ոչինչ չէին ասում: Նրանց գործունեությունը տասնամյակներ շարունակ եղել է խիստ գաղտնի, և նույնիսկ այսօր այդ ամենի մասին կարելի է խոսել միայն մասամբ: Մենք գիտենք միայն, որ 1943-ին Թեհրանում հենց նրանք են կանխել Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ ահաբեկչությունը, որ նրանց շնորհիվ տարբեր երկրներում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի գաղտնի ռազմաբազաներից շատերը: ԽՍՀՄ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ Գևորգ և Գոհար Վարդանյանների գործունեության մասին մյուս մանրամասները մինչև օրս էլ փակի տակ են: Այս նյութը Գևորգ Անդրեյի Վարդանյանի վերջին հարցազրույցներից է:

Պարոն Վարդանյան, ձեր անունները գաղտնազերծվել են միայն 2000-ին, երբ արդեն 76 տարեկան էիք: Գրեթե ամբողջ կյանքը դուք ապրել եք գաղտնիության նշանի ներքո: Որքանո՞վ է դա նորմալ:
— Նորմալ է, երբ ընդհանրապես չեն գաղտնազերծում: Սովորաբար հետախույզների անունները հրապարակվում են տապալման կամ ինչ-որ արտակարգ պատահարի դեպքում: Իսկ մենք, արտասահմանում կատարած տասնամյակների հաջող աշխատանքից հետո, բարեհաջող կերպով վերադարձանք հայրենիք: Գաղտնազերծման փաստն ինքնին ակցիա էր: Պետք էր աշխարհին ցույց տալ, որ օտարերկրյա գաղտնի գործակալությունների քթի տակ երկար տարիներ աշխատում էին մեր գործակալները, և հատուկ ծառայությունները չէին կարողացել նրանց բացահայտել: Եվ, իհարկե, մեր անունների գաղտնազերծումը դրական դեր խաղաց հասարակական կարծիք ձևավորելու գործում: Ռուսաստանի քաղաքացիներն իմացան, որ այսօր էլ արտաքին հետախուզության ծառայությունը արդյունավետ է գործում և այնտեղ աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ մեր շատ կոլեգաներ ընդմիշտ մնում են ստվերում. այդպիսին է մեր աշխատանքը: Աշխարհում ցանկացած հետախուզություն ունի իր գաղտնիքները, իսկ գաղտնիքներն ունեն իրենց վաղեմության ժամկետը. 50, 100 տարի և ավելի: Նաև կան այնպիսի թեմաներ, որոնք ընդհանրապես գաղտնազերծման ենթակա չեն: Հաճախ նրա համար, որ պաշտպանեն, խնդիրներից ազատեն այն մարդկանց ազգականներին ու հարազատներին, ովքեր մասնակցել են նմանօրինակ գործողություններին:

Գրեթե ամբողջ կյանքն ուրիշի անվան տակ ապրելը երևի հոգեբանորեն շատ ծանր է:
— Իհարկե, բայց մեր բախտը բերեց այն առումով, որ մենք ամուսիններով էինք աշխատում: Այնպես ստացվեց, որ ես ու Գոհարը այդ համակարգում ենք 16 տարեկանից, ինչը շատ հազվադեպ է լինում: Սովորաբար երեսունից հետո են սկսում աշխատել՝ անցնելով հատուկ պատրաստություն: Երկուսով շատ ավելի հեշտ է դժվարություններ հաղթահարել: Հոգեբանական առումով դա շատ կարևոր է: Նաև օգնում է գիտակցումը՝ ինչի համար ես աշխատում, պարտքի զգացումը հայրենիքի հանդեպ: Ցանկացած աշխատանքի մեջ էլ դժվարություններ լինում են, մերը նույնպես ունի իր առանձնահատկությունները: Մենք մեր անուններն էինք փոխում, իրար այլ կերպ էինք դիմում: Ինչպես դերասաններ. նրանք նույնպես կերպարանափոխվում են բեմի վրա, ամեն բեմադրության մեջ նոր դեր են խաղում, նոր անուններով, սակայն չեն կորցնում իրենց «եսը»:

— Որքանով հայտնի է, այս պատմությունը սկսվել է դեռևս Ձեր հորից:
— Մեր ընտանիքը ԽՍՀՄ-ից Իրան է տեղափոխվել, երբ ես 6 տարեկան էի: Այն ժամանակ ես, իհարկե, դեռ ոչինչ չէի հասկանում: Հորս աշխատանքի էությունը սկսեցի գիտակցել մոտ 12 տարեկանից: Նրան 4 անգամ ձերբակալել են սովետական հետախուզության հետ կապեր ունենալու կասկածանքով, սակայն, ապացույցներ չունենալու պատճառով, ամեն անգամ ազատել են: Նա, իհարկե, շատ չէր խոսում: Սակայն ես, այնուամենայնիվ, ամեն բան հասկանում էի և արդյունքում գնացի նրա հետքերով:

Դուք Ձեր ընտրությունը կատարել եք, փաստորեն, երբ դեռ երեխա էիք: Որքանով էր գիտակցվա՞ծ ձեր այդ քայլը:
— Իհարկե, ցանկացած աշխատանքի մեջ ռոմանտիկայի որոշակի տարր կա, որը գրավում է երիտասարդությանը: Բայց իմ ընտրությունը միանշանակ գիտակցված էր:
Կենտրոնի կողմից ստացվել էր հատուկ խումբ ստեղծելու առաջադրանք: Մեզ շատ էին օգնում մեր հայրենակիցները՝ տեղի հայերը: Հիմնականում բոլորը ԽՍՀՄ-ի հանդեպ լավ էին տրամադրված, նրանցից շատերը Սովետական Միությունից էին տեղափոխվել Իրան և մնում էին նվիրված իրենց երկրին: Այդ պատճառով էլ ես բացահայտորեն, առանց նպատակը թաքցնելու նրանց մեր կողմն էի գրավում: Այն ժամանակ՝ 1940-ականներին, Իրանում ապրում էր ավելի քան 20 000 գերմանացի: Մեր առաջադրանքն էր նրանց մեջ բացահայտել ֆաշիտական Գերմանիայի հետախույզներին: Մեր կողմից նախաձեռնած գործունեության արդյունքում հաջողվեց ձերբակալել ավելի քան 400 հոգու: Նրանց մի մասը սկսեց մեզ հետ համագործակցել, մյուսը՝ ուղարկվեց ԽՍՀՄ, և նրանցից շատերն արդեն այնտեղ համաձայնեցին աշխատել սովետական հետախուզության համար:

Մեր ամենահայտնի օպերեցիան Թեհրանում 1943-ին ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ուղղված ահաբեկչության կանխումը դարձավ: Օրեր շարունակ մենք անցկացնում էինք փողոցում՝ հետևելով գերմանացի հետախույզների տեղաշարժերին, պելենգում էինք գերմանական ռադիոկայանները: Փաստորեն բացահայտվել էր դավադրություն, գտնվել և վնասազերծվել էին դրա մասնակիցները: Այս մասին արդեն թույլատրվում է խոսել. այս թեման գաղտնազերծված է: Ի դեպ, վերջերս մեզ գտել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ուինսթոն Չերչիլի թոռնուհին, ով ուզում էր անձամբ շնորհակալություն հայտնել իր պապի կյանքը փրկելու համար: Նա նույնիսկ այդ թեմայով ֆիլմ է նկարահանել: Սակայն 1943-ի Թեհրանի կոնֆերանսի հետ կապված պատմությունը մեր գործունեության մի չնչին մասն է: Իրանում մենք հարյուրավոր տարբեր առաջադրանքներ ենք կատարել, որոնց մասին այսօր դեռ չի կարելի պատմել:
Մինչև 1951-ն աշխատելով Իրանում՝ ես ու Գոհարը թույլտվություն խնդրեցինք վերադառնալ հայրենիք՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Մեզ առաջարկեցին ընտրել Սովետական Միության ցանկացած քաղաք, բայց մենք նախընտրեցինք Երևան գալ:

— Շատերը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչով են ընդհանրապես զբաղվում արտաքին հետախուզության աշխատակիցները:
— Մեր հիմնական աշխատանքն է մարդկանց մեր կողմը գրավելն ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալը: Հետևաբար, շատ կարևոր է շփվող լինել, կարողանալ մարդկանց հետ հեշտությամբ կապ հաստատել: Այդ հարցում կինը շատ է օգնում: Եթե կնոջդ հետ ես, քեզ հետ ավելի արագ են մտերմանում, քեզ ուրիշ կերպ են վերաբերվում, տարբեր երեկույթների են հրավիրում: Միայնակներին, իհարկե, շատ ավելի դժվար է: Եվ հետո՝ կինը գիտի՝ ինչպես խոսակցությունը ճիշտ ուղղությամբ տանել: Կանայք վարսավիրանոցում, ակումբում, նմանատիպ այլ վայրերում են ծանոթանում: Եվ հետզհետե իմանում են այն ամենն, ինչ հարկավոր է: Իհարկե, այդ հանդիպումները ծրագրված են լինում: Եթե որևէ տղամարդ ունի մեզ հարկավոր ինֆորմացիան, ապա մենք ճանապարհ ենք փնտրում դեպի նրա կինը: Հետո իբր պատահաբար ծանոթացած կանայք ծանոթացնում են իրար հետ ամուսիններին: Իսկ հետո՝ պետք է կարողանալ հետաքրքիր զրուցակից լինել, ընկերանալ, վստահություն ներշնչել: Չէ՞ որ բոլոր մարդիկ շատախոս են, բոլորն էլ սիրում են պատմել իրենց մասին, գլուխ գովել: Քեզ մնում է միայն համբերությամբ զինվել և ուշադիր լսել. մարդը շատ հետաքրքիր բաներ կպատմի: Այսպես մենք շատ բան ենք լսել ամբողջ կյանքի ընթացքում: Ի դեպ, երկուսով աշխատելու մյուս առավելությունն այն է, որ մենք մեկս մյուսին վերահսկում ենք: Տղամարդը երբեմն էյֆորիայի մեջ է ընկնում, փորձում է ինչ-որ ցուցադրական բաներ անել, իսկ կինն այդ պահերին նրան զսպում է:

Ի՞նչ էիք ինքներդ որոշում, և ի՞նչն էր արվում կենտրոնի թելադրմամբ:
— Մենք միայն առաջադրանքներ էինք ստանում, իսկ թե ինչպես դրանք կատարել՝ դա արդեն մեր խնդիրն էր: Եվ մենք ինքնուրույն էին այն լուծում: Կենտրոնին արդյունքն էր պետք, իսկ դրան հասնելու ճանապարհները մենք ինքներս էինք փնտրում: Մեզ միշտ հարգալից էին վերաբերվում և ոչինչ չէին ստիպում: Կենտրոնից ստացված ցանկացած հեռագիր խնդրանքի բնույթ էր կրում՝ «Խնդրում ենք հնարավորության դեպքում այս կամ այն բանը անել…»: Շատ կարևոր է, երբ քեզ վստահում են:

Ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի ձախողում չեք ունեցել: Իսկ պատահե՞լ է, որ եզրին լինեք:
— Իհարկե, բազմիցս: Աշխատանքի առանձնահատկությունը ստիպում են հաճախ փոխել և՛ անունները, և՛ քաղաքացիությունը, և՛ ազգությունը կամ էլ ընդհանրապես անձնական տվյալները: Այսօր դու Փոլն ես, վաղը՝ Դևիդը կամ էլի մի բան: Ինչ-որ ծանոթ քեզ մի անունով գիտի, իսկ մի քանի տարի անց կարող է պատահաբար քեզ ուրիշ քաղաքում հանդիպել և հայտնաբերել, որ դու ուրիշ անուն ունես, որ նախկինում դու ֆրանսիացի էիր, իսկ այսօր՝ ամերիկացի: Մի անգամ նման իրավիճակ ստեղծվեց Երևանում 1970-ին, երբ ես ու Գոհարը արձակուդում էինք: Մեզ փողոցում ճանաչեցին ամուսիններ, ովքեր որպես տուրիստներ եկել էին Հայաստան: Նրանք մեզ դիմեցին այն անուններով, որոնցով մեզ գիտեին արտասահմանում: Լավ է, որ մեր ձեռքերում ոչ սովետական թերթեր ունեինք, ոչ էլ հանրախանութից գնված ապրանքներ: Ակնթարթորեն կողմնորոշվելով՝ մենք ասացինք, որ մենք նույնպես, իրենց պես զբոսաշրջիկներ ենք: Իսկ հետո բառացիորեն մեկ ժամվա ընթացքում արագ տեղափոխվեցինք հյուրանոց, որպեսզի ոչ մի կասկած չառաջացնենք:

Սակայն մի շատ ավելի լուրջ դրվագ կար, երբ մենք իսկապես մերկացման սահմանին էինք: ԱՄՆ-ում էր: Մեր ընկերներից մեկը՝ ամերիկյան հատուկ գործակալության գնդապետ, մեզ հրավիրեց մի բարեգործական ընթրիքի: Սովորաբար մենք խուսափում էինք մարդաշատ վայրերից, որտեղ դժվար է իրավիճակը վերահսկել: Բայց այդ անգամ հրաժարվելն անհնար էր: Լիակատար հուսալիության համար Գոհարն առաջինը մոտեցավ սրահի դռանը, որպեսզի տեսնի՝ արդյոք հավաքվածների մեջ ծանոթ մեկը չկա, բայց անմիջապես վերադարձավ: Պարզվեց, որ նա նկատել էր մի կնոջ, ում հետ մենք հանդիպել էինք 22 տարի առաջ Հեռավոր Արևելքում: Ես նույնպես ստուգեցի. իսկապես ինքն էր: Ի՞նչ անել: Գոհարը շուտ կողմնորոշվեց. վերադառնալով մեր ծանոթի մեքենայի մոտ, տառապյալի դեմքով նա ասաց, որ իր մոտ խոլեցեստիտի նոպա է և խնդրեց իրեն մեքենան նստեցնել: Իհարկե, նույնիսկ եթե աշխարհը շուռ գար, նա այդտեղից ոչ մի դեպքում դուրս չէր գա: Բոլորը դես ու դեն ընկան, շտապեցին բժիշկ կանչել: Այնտեղ պատահաբար հայտնված քահանային նույնիսկ խնդրեցին աղոթք կարդալ: Նա 10 րոպե աղոթեց, սակայն, հասկանում եք' ամեն բան անօգուտ էր: Գոհարը պահանջում էր, որ իրեն շուտ տուն հասցնեն, իսկ ես, բնականաբար, պետք է իր կողքին լինեի: Այդպես էլ մենք հեռացանք այդտեղից: Մեր բախտը բերեց. եթե այդ կինը մեզ տեսներ և ճանաչեր (իսկ նա հաստատ կճանաչեր), միանգամից պարզ կդառնար, որ նախկինում մենք ուրիշ վայրում էինք ապրում և ուրիշ անուններ ունեինք: Մեր ծանոթ գնդապետը, իհարկե, ամեն ինչ կհասկանար. դա կլիներ մեր վերջը:

— Անընդմեջ մտածել մանրուքների մասին, ուշադիր լինել. այդ ամենը հոգեբանական հսկայական լարում է առաջացնում: Ինչպե՞ս եք տարիներ շարունակ ապրել այդպիսի վիճակում:
— Լարում կար, սակայն անընդհատ այդպես ապրել, իհարկե, անտանելի է: Կարելի է խելագարվել: Մենք շփվում էինք ընկերների հետ, սովորական կյանքով էինք ապրում: Ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք էր լինում հատուկ զգոնություն դրսևորել: Տարբեր երկրներում մենք տարբեր ազգություններով էինք ներկայանում: Սկզբում, ճիշտ է, որպես հայեր: Սակայն մեր մասնագիտության մեջ դա շատ դժվար ու վտանգավոր է:
Համարյա բոլոր երկրներում կան հայկական համայնքներ, նրանք միանգամից սկսում են հետաքրքրվել նրանով, թե ով ես, որտեղից ես: Եվ մի քանի օրվա ընթացքում կարող են քո մասին ամեն ինչ իմանալ: Մի խոսքով, մի այդպիսի զվարճալի դեպք եղել է: Մենք առաջադրանքով մի արևմտյան երկրում էինք: Հյուրանոցում մեզ հետ էին ապրում ինժեներներ Գյումրիից: Մի անգամ մենք միասին հայտնվեցինք վերելակում, մեկը մյուսին հայերեն ասաց' «Այս մարդը մեկ մի, մեկ էլ ուրիշ լեզվով է խոսում: Նա հաստատ թշնամի պետությունից է: Եթե շատ ուզի, հնարավոր է, ռուսերեն էլ կխոսի, բայց մեր լեզուն հաստատ չի իմանա»: Երբ մենք վերելակից դուրս եկանք, ես անգլերեն հրաժեշտ տվեցի նրանց' «Բայ-բայ»: Բայց ի պատասխան ստացա ամենակեղտոտ վիրավորանքներից… հայերեն: Մի պահ ապշեցի, շատ էի ուզում պատասխանել, սակայն կարողացա ինձ զսպել. բացվել չէր կարելի, չէ՞ որ այդ հյուրանոցում մենք դեռ երկար պիտի ապրեինք: Այդ օրից ես նրանց եմ փնտրում. պատասխան տալու ցանկությունը չի վերացել:

— Այսօրվա տեխնիկական հնարավորությունները շատ են թեթևացնում կյանքը: Տեղեկատվությունը շատ ավելի մատչելի է, միայն համացանցն ի՜նչ արժի: Իսկ ինչպե՞ս էիք աշխատում այն տարիներին: Որտեղի՞ց էիք անհրաժեշտ ինֆորմացիան հայթայթում:
— Միայն խոսակցությունների ու անձնական կապերի միջոցով: Պետք էր անհրաժեշտ մարդկանց գտնել, նրանց հետ հարաբերություններ հաստատել և նրանցից քաշել մեզ հետաքրքրող տեղեկությունները: Երկարատև քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց մի քանի տասնյակ մարդ գրավել մեր կողմը: Դա շատ մեծ թիվ է: Չէ՞ որ մենք չէինք կարող բացահայտորեն առաջարկել աշխատել ԽՍՀՄ-ի հետ. ինքներս մեզ կբացահայտեինք: Այդպես կարող էին գործել միայն սովետական դեսպանատների աշխատակիցները: Իհարկե, ամեն մեկը չէր համաձայնվի համագործակցել ԽՍՀՄ-ի հետ, հետևաբար, այլ լուծումներ էր պետք փնտրել: Նրանց նյութապես հետաքրքրել կամ բանակցություններ վարել այլ երկրի անունից: Եթե նա պետքական մարդ է' սկսում էինք ուսումնասիրել թույլ կողմերը: Դրանցից բոլորն ունեն: Մեկը թղթախաղ է սիրում, մյուսը կանանց հանդեպ թուլություն ունի և այլն: Այդպիսի մարդիկ միշտ փողի կարիք են զգում: Սկսում ես նրա հետ ընկերություն անել և մի օր, իմանալով, որ դու գործարար մարդ ես, նա պարտքով փող կխնդրի: Բնական է'չի վերադարձնի: Հետո նորից կխնդրի: Իսկ դու հանկարծ կասես, որ այդպես չի կարող շարունակվել և պարտքերը պետք է վերադարձնել: Բայց ինչպե՞ս: Եվ այդ ժամանակ, օրինակ, կարելի է իրեն առաջարկել հոդված գրել ինչ-որ ոչ տեղական թերթի համար, առանց հեղինակի անունը նշելու: Նա ինչ-որ անհաջող բան կբերի, իսկ դու իբր դա կուղարկես խմբագրին կամ մի ծանոթ լրագրողի: Իրականում այդ հոդվածն ընդհանրապես ոչ ոքի պետք չէ: Մի քանի օր այն տանը գցած կմնա և աղբամանը կուղարկվի: Հետո դու իրեն ասում ես, որ խմբագիրը առանձնապես չհավանեց հոդվածը, բայց միևնույն է խմբագրությունը որոշակի հոնորար կվճարի: Իսկ եթե հեղինակը ընտրված թեմայով ավելի բովանդակալից և որակյալ հոդված առաջարկի, հոնորարը շատ ավելի խոշոր կլինի: Այդպես նա աստիճանաբար սկսում է հոդվածների մեջ գաղտնի ինֆորմացիա հաղորդել, ընդ որում նա դա հասկանում է, բայց պատկերացնում էլ չունի' ում է վաճառում այդ ինֆորմացիան, որովհետև նրա համար ես ընդամենը միջնորդ եմ' մարդ, ով իրադրությունից ընդհանրապես տեղյակ չէ:

— Իսկ դուք ինքնե՞րդ էիք Ձեր ծախսերը հոգում:
— Անպայման: Եթե մեր եկամտով հետաքրքրվեին' պիտի որ ակնհայտ լիներ, թե որտեղից էր մեր փողը: Այդ պատճառով էլ մենք ինքներս էինք վաստակում: Ես գործարար էի: Փաստորեն' ես այն հազվագյուտ մարդկանցից էի, ովքեր Սովետի ժամանակ պաշտոնապես կապիտալիստ էին: Այնպես որ փող ունեի, բայց եթե ընթացքում մեծ գումարներ էին հարկավոր լինում, մեզ օգնում էր կենտրոնը: Այդ առումով խնդիրներ չէին ծագում: Մեր հետախուզությունը հարուստ էր և մեզ վստահում էր:

— Եթե համեմատենք տարբեր երկրների հետախուզությունները, ո՞րն է ավելի ուժեղ:
— Ամենաուժեղը սովետականն էր: Ե՛վ պատրաստվածության մակարդակով, և՛ հայրենանվիրության առումով: Բոլորը գիտեին' հանուն ինչի էին աշխատում: Պետք է արժանին մատուցել նաև անգլիական և իսրայելյան հետախուզություններին: Ամերիկացիները, իհարկե, շատ ավելի թույլ են: Այսօր Հայաստանին արժի այդ ուղղությամբ ակտիվանալ, չէ՞ որ չկա մի պետություն, որ չունենա արտաքին հետախուզության ծառայություն: Նույնիսկ Վատիկանն իր սակավաթիվ բնակչությամբ ունի այդպիսի ծառայություն, ընդ որում՝ բավականին ուժեղ: Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում ժամանակին նույնիսկ բարձրացվել էր արտաքին հետախուզության լուծարման հարցը: Դա ուզում էր անել Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը: Ես նրա հետ հանդիպում էի և համոզում այդ կառույցի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Չ՞է որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել միայն հետախուզությունը: Օրինակ' նախապես տեղեկանալ այն փաստաթղթի մասին, որը առաջիկա բանակցություններին կներկայացնեն քո հակառակորդները: Չի կարելի անլուրջ վերաբերվել երկրի անվտանգությանը, իր շահերի հետ կապ ունեցող հարցերին: Հետևաբար' այսպիսի խնդիրներով պիտի զբաղվեն ոչ թե ուղղակի լավ մասնագետներ, այլ իրենց աշխատանքին և իրենց հայրենիքին նվիրված մարդիկ:

Գևորգ Վարդանյան
Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924-ի փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում, Անդրեյ և Մարիա Վարդանյանների ընտանիքում: 1930-ին ընտանիքը տեղափոխվեց Իրան, որտեղ էլ հայրը սկսեց աշխատել ԽՍՀՄ արտաքին հետախուզությունում: Վարդանյան կրտսերը որոշում է գնալ հոր հետքերով և 1940-ի փետրվարի 4-ին անցնում ծառայության' ստանալով Ամիր ծածկանունը: Իրանում ծառայությունը շարունակվել է մինչև 1951-ը:

1946-ի հունիսի 30-ին Վարդանյանը ամուսնանում է տիկին Գոհարի հետ, ով նույնպես աշխատում էր Իրանում «Թեթև հեծելազոր» հետախուզական խմբում: 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվեցին Երևան և ընդունվեցին Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: Դրան հետևում է արևմտյան երկրներում անօրինական հետախուզական աշխատանքի 30 տարի Հեռավոր և Միջին Արևելքում:
1975-ին նրան շնորհվեց «գնդապետի» ռազմական կոչում:
1992-ից թոշակի է անցել:
2000 թվականի դեկտեմբերի 20-ին' Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության 80-րդ տարեդարձի առթիվ Գևորգ և Գոհար Վարդանյանների անունները գաղտնազերծվեցին:

Պարգևներ՝
Գևորգ Վարդանյան' Սովետական Միության Հերոս, IV աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, Լենինի շքանշանի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների, «Կովկասի պաշտպանության համար», «Մեծ Հայրենական պատերազմում 1941-1945 թթ. Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների ասպետ:
Մահացել է 2012 -ի հունվարի 10-ին: Հուղարկավորված է Մոսկվայում' Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը:

«Ереван» ամսագիր, N3(73), 2012

Այս թեմայով