19 Ապրիլ 2013, 13:21
14199 |

Բասկերի ոսկին

Պիրենեյան լեռների ստորոտներում՝ Իսպանիայի հյուսիսում ու Ֆրանսիայի հարավում, գտնվում է բասկերի երկիրը: Գիտնականները պարզել են, որ չնայած հսկայական տարածությանը բասկերն ու հայերը սերտորեն կապված են:

19-րդ դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը պատահաբար շատ հետաքրքիր բացահայտում արեց: Որպես արդեն բավականին հայտնի բասկագետ, նա որոշել էր ինքնազարգացման համար նաև հայերեն սովորել: Արդյունքներն անսպասելի էին. երկու ամիս չանցած՝ Դոջսոնը նկատեց, որ հայերենում ու բասկերենում շատ են նույն բառերը: Իր խոհերն այս ընդհանրությունների մասին նա 1884-ին հրատարակեց «Էուսկերա» ամսագրում: Դոջսոնը կազմել էր ցուցակ, որտեղ ընդգրկել էր ավելի քան 50 զուգահեռ բառ: Սա ապշեցրեց բոլորին, մանավանդ այն գիտնականներին, որոնք արդեն հասցրել էին ընտելանալ բասկերենի վրացական ծագման մասին տեսությանը: Խոսքը վերաբերվում էր լեզվի ամենակարևոր, հիմնային բառերին:

Հայերի ու բասկերի էթնիկ-լեզվական կապերի բնագավառում երկրորդ կարևոր բացահայտումն արվեց 20-րդ դարի 20-ականներին: Երիտասարդ բասկ բանասեր Բերնարդո Էստորնես Լասան, ով հետագայում դարձավ անվանի գիտնական ու ակադեմիկոս, բասկական բանահյուսություն էր հավաքում: Մի անգամ Իսաբա գյուղում՝ Նավարայի հյուսիսում, նա գրի առավ տեղական մի ավանդություն, համաձայն որի Իսաբան հիմնել էին հայերը՝ Նավարայի առաջին բնակիչներն ու բասկերի նախնիները: Նույն ավանդությունն ասում էր, որ բասկերի առաջնորդի անունը Այթոր է եղել, որ նա իր յոթ որդիների հետ եկել էր Հայաստանից, ու ի պատիվ նրանց յոթ բնակավայր հիմնել Նավարայում: Հայերը գիտեին նաև մետաղի մշակման գաղտնիքը: Հետագայում գյուղի արխիվում գտան բանավոր ավանդույթը հաստատող հին ձեռագիր պատմագրություն: Հետաքրքիր է, որ բասկերեն Իսաբա անունը նշանակում է «նախնիների հետք», ու ինչքան էլ անհավանական թվա, փաստ է. Իսաբայում մինչև հիմա էլ կա Էրմինիա անունով ճանապարհ: Ազգային ավանդույթն այն կապում է Արմենիա անվանման հետ, որը տրվել էր ճանապարհին ի պատիվ Նավարայի առաջին բնակիչների:

Սա կարելի կլիներ համարել բասկ ծերունիների երևակայության արդյունք, եթե չլինեին լեզվաբանական, պատմագիտական փաստերն ու դիցաբանությունը: Պարզվեց, որ բասկերենում լեգենդար նախահայր Այթորի անունը բառացիորեն նշանակում է «Այից եկած» կամ «ծագումով Այից», ինչն էլ բավականին մոտ է հայերեն «հայի թոռ» կապակցությանը: Բասկերենում ասում են «այթորեն սեմե»՝ «զտարյուն», բառացիորեն՝ «Այթորի որդի»: Սա վկայում է այն մասին, որ հնում բասկերը զտարյուն համարել են միայն Հայաստանից եկած Այթորի հետնորդներին:

Հետագա հետազոտությունների արդյունքում արվեցին նոր բացահայտումներ: Պարզվեց, որ բոլոր այս փաստերն ու զուգադիպությունները եվրոպական քաղաքակրթության ամենամեծ գաղտնիքի մի փոքր մասն են միայն: Իրականում բասկերի հայկական ծագման տեսությունն ունի խորը արմատներ նրանց պատմական հիշողության մեջ ու արտացոլվում է գրավոր աղբյուրներում: Դեռևս 16-17-րդ դարերում բասկական ազգային պատմագրության հիմնադիրներ Էստեբան դե Գարիբայը, Անդրես դե Պոսան ու Բալտասար դե Էչավեն համարում էին Հայաստանը բասկերի նախահայրենիք ու փորձում դա ապացուցել բասկահայկական ընդհանուր տեղանուններով: Անդրես դե Պեսոն ուղղակիորեն ասում է, որ բասկերը Հայաստանից են եկել, ու պնդում, որ Իսպանիայի միջերկրածովյան ափի Տարագոնա քաղաքն էլ են հայերը հիմնել: Տարագոնա անունը նմանություն ունի հայերեն Տարոնի հետ, որի հին ձևը Տարավնա էր:

Այս տեսությունը հաստատում է նաև 17-րդ դարի իսպանացի պատմիչ Գասպար Էսկոլանոն, ով Վալենսիա քաղաքի պատմության մասին իր գրքում (1610 թ.) ասում է, որ բիբլիական ջրհեղեղից հետո Թոբել նահապետն իր մարդկանց հետ իջավ Իսպանիայի արևելյան ափին, ու որ նրանք հայերեն էին խոսում: Գասպար Էսկոլանոն մանրամասնորեն նկարագրում է վայրերը, որտեղ ըստ ավանդության, թաղված են Իսպանիայի առաջին բնակիչների՝ հայերի աճյունները: Հիմա այդ վայրերում՝ հիմնականում ժամանակակից Կատալոնիայի տարածքում, եկեղեցիներ են, ինչն էլ իր հերթին վկայում է, որ այս վայրերը հնուց համարվել են սուրբ:

Ցավոք, այս բոլոր տվյալները երկար ժամանակ մոռացության էին մատնված: 1928-ին գերմանացի լեզվաբան Յոզեֆ Քարսթը հրատարակեց երկար տարիների իր հետազոտությունների արդյունքները՝ ներկայացնելով բասկերենի ու հայերենի ավելի քան 300 բառային ընդհանրություն, մեծ թվով հնչյունաբանական ու քերականական համընկնումներ՝ ներառյալ հոլովման, խոնարհման համակարգերը և այլն: Ավանդական լեզվաբանության կողմնակիցները դեմ դուրս եկան: Պատճառն ակնհայտ էր. Յոզեֆ Քարսթը հանդգնել էր վերանայել Եվրոպայի լեզվական քարտեզն ու նոր ճանապարհ բացել այնտեղ, որտեղ թվում էր՝ ամեն ինչ բացահայտված է: Քանի որ հայերենը համարվում էր հնդեվրոպական լեզու, իսկ բասկերենը՝ ոչ, էլ ոչ ոք հաշվի չէր առնում հարյուրավոր ընդհանրությունները, ազգային ավանդույթներն ու պատմական փաստերը:

Պետք էր շարունակել ուսումնասիրությունները, հիմնովին վերլուծել ու մեկնաբանել բասկերենի ու հայերենի ընդհանրությունների ահռելի համակարգը: Սրա համար էլ 1993-ին Երևանի Պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտում հիմնվեց «Արաքս» հայ-բասկական միջազգային ամսագիրը, որի խմբագիրները դարձան աշխարհի տարբեր երկրների անվանի հայագետներ ու բասկագետներ:
«Արաքս» ամսագրում հրատարակվեց շուրջ 30 գիտական աշխատություն, որոնք ուսումնասիրում էին բասկերենին ու հայերենին վերաբերող տարբեր հարցեր՝ լեզվաբանություն, դիցաբանություն, ազգագրություն, պատմագրություն և այլն: Այս գիտական ծրագրերն իրագործվում են Իսպանիայի ու Ֆրանսիայի բասկերի հետ սերտ համագործակցության արդյունքում:

Աշխատանքները տվեցին հետևյալ արդյունքները.

1. Կազմվեց բասկերենի ու հայերենի ընդհանրությունների առավել ամբողջական ցուցակ. դրանց թիվը հասնում է մոտ հազար բառի՝ ներառյալ քերականության մի շարք ձևամասնիկներ: Ընդհանրություններն այնքան շատ են, որ կարելի է նույնիսկ բարդ նախադասություններ կազմել, որոնք ընդհանուր առմամբ հասկանալի կլինեն թե՛ բասկերին, և թե՛ հայերին: Այսքան մեծաթիվ համընկնումներն անհնար է համարել զուգադիպություն, իսկ փոխառությունը բացառվում է՝ հաշվի առնելով երկու ժողովրդի միջև ընկած մեծ հեռավորությունը:

2. Հայկական լեռնաշխարհում ու Բասկոնիայում մեծ թվով տեղանուններ կան, որոնք երբեմն կրկնության աստիճան մոտիկ են միմյանց: Առաջ այդպիսի համընկնումը գիտության համար հետաքրքիր չէր, քանի որ այլ շրջաններում էլ կարող են միմյանց նման տարրեր լինել: Սակայն հայերենի ու բասկերենի տեղանունների ընդհանրություններն ունեն կարևոր յուրահատկություն՝ երկու լեզվում էլ հիմնականում նույն իմաստն ունեն: Օրինակ՝ հայ. «արան» (հովիտ) - բասկ. «արան» (հովիտ), հայ. «կարբի» (քարի տակ) – բասկ. «կարբե» (քարի տակ), հայ. «ծավալ» – բասկ. «սաբալ» (ծավալ) և այլն:

3. Ինչպես արդեն նշեցինք, բասկերի ազգային ավանդույթը Հայաստանը համարում է նրանց նախահայրենիքը: Տարբեր աղբյուրներ վկայում են այն մասին, որ Հայաստանից եկածները գիտեին մետաղի մշակման գաղտնիքը: Այս տեսանկյունից շատ հետաքրքրիր է բասկերի ինքնանվանումը՝ «էուսկալդուն», որ առաջացել է «էուսկ» արմատից: Վերջինս տարբեր բարբառներում տարբեր ձևեր ունի՝ էուսկ, ուսկ, էսկու, ասկ և այլն: Այս արմատը ծագումով կապված է հայերեն «ոսկի» բառի հետ, որը հայկական բարբառներում էլ տարբեր ձևեր ունի՝ իսկի, վեսկե, ասկի, ուոսկի և այլն: Հայերեն «ոսկի» բառից է առաջացել «Ոսկան» անունը, որ բառացիորեն նշանակում է «ոսկի ունեցող» ու նման է բասկերի էթնիկ անվանմանը՝ «բասկոն»՝ լատիներեն աղբյուրներում՝ «վասկոն»: Հետաքրքիր է, որ Ուրարտուի թագավորության ժամանակ Վանա լճի հարավարևելյան ափը, այսինքն՝ հայ ժողովրդի բնօրրանը, կրում էր Խուբուշկիա անունը, որ բառացիորեն նշանակում է՝ «ոսկու հովիտ»: Վաղ միջնադարյան հայկական աղբյուրներում Խուբուշկիան հիշատակվում է արդեն այլ անվամբ՝ որպես Հայոց ձոր: Ուրարտական արձանագրություններում հիշատակվում են նաև Ուրմիա լճի հյուսիսարևելյան ափի Ուշկիանի լեռները: Ստրաբոնի ժամանակ սրանք արդեն կոչվում էին Հայկական լեռներ, իսկ հետագայում հայկական աղբյուրներում սկսեցին նշվել որպես Ոսկեան՝ ոսկե: Այս փաստերից կարելի է եզրակացնել, որ մեր նախնիների համար «ոսկի մշակող» ու «հայ» գաղափարները հոմանիշ են եղել: Սա հաստատվում է նաև բասկական ազգային ավանդություններով:

Իհարկե, չի կարելի ասել, որ հայերի ու բասկերի կապերին վերաբերող բոլոր հարցերը վերջնականապես լուծվել են: Սակայն ամենակարևորն արդեն պարզ է. բասկերի քաղաքակրթությունում առկա է շատ խոր հայկական շերտ, որն առաջացել է նախապատմական շրջանում գաղթային գործընթացների արդյունքում: Բոլորն ընդունում են, որ բասկերը Եվրոպայի ամենահին ազգն են: Նրանք այստեղ շատ ավելի շուտ էին հաստատվել հնդեվրոպացիներից, ովքեր Եվրոպա առաջին անգամ ներխուժեցին մ.թ.ա. 1000-ին: Հետևաբար, այդ ժամանակ հայկական տարրն արդեն կար արևմտյան Եվրոպայում ու զգալիորեն ազդում էր եվրոպական քաղաքակրթության զարգացման վրա:

Բասկերի ժողովրդական զրույցների մեջ կան տարօրինակ առասպելական «բասայաուններ» կոչվող կերպարներ. սրանք ապրում էին անտառներում՝ հեռու սովորական մարդկանցից: Այլ ազգերի դիցաբանության մեջ էլ կան նման կերպարներ, բայց բասկերի բասայաունների յուրահատկությունը այն է, որ նրանց հայտնի էր մետաղի ու հացահատկի մշակման գաղտնիքը: Պատմության որոշ ժամանակահատվածում, հավանաբար, առասպելական պատկերացումները ձուլվել են պատմական դեպքերին: Բարի անտառային հսկաների կերպարը կարող էր հայերի գալուց առաջ էլ գոյություն ունենալ, բայց հետագայում Հայաստանից եկածներին, ովքեր ծանոթ էին մետաղի ու հացահատկի մշակմանը, սկսեցին նույնականացնել բասայաունների հետ: Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ այն ժամանակներում մետաղ ձուլող ու հացահատիկ աճեցնող մարդկանց հեշտությամբ կարող էին համարել գերբնական էակներ:

Այսպիսով, հայերը բացի լեզվից, Եվրոպա բերեցին նաև կարևորագույն արտադրական ձեռքբերումներ՝ մետաղի մշակում ու հացահատիկի աճեցում: Պատահական չեն, հետևաբար, գյուղատնտնեսությանը վերաբերող բասկերենի ու հայերենի ընդհանուր բառերը: Հարկ է նշել նաև որ հնագիտական տվյալների համաձայն՝ արմենոիդ ռասան Պիրենեյան թերակղզում հայտնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին, իսկ այն, որ բասկերը արմենոիդ են, չի հերքում ոչ ոք:
Այս պատմության մեջ իրենց հետաքրքիր ու անսպասելի ներդրումն ունեցան նաև ծագումնաբանները: Հայտնի է, որ հայերն ունեն ողնուղեղի դոնորության խնդիր: Ավելի պարզ՝ հայը ողնուղեղ կարող է ընդունել միայն հայից: Դրա համար էլ գիտնականները փնտրում են այնպիսի դոնորային հյուսվածքներ, որոնք կհամապատասխանեն հայկականին: Եվ ահա պարզվեց, որ հայկականին ամենամոտը բասկերի ոսկրահյուսվածքն է:

Բասկերի ազգային խոսքն ասում է՝ «Bere burua ezagutea, da jakitea» - Ինքնաճանաչումը իսկական գիտություն է:

Լեզվաբանական ընդհանրություններ
Txar (չար, վատ) – չար
Zati (կտոր, մաս) – զատ (առանձին)
Ur (ջուր) – ջուր
Toki (տեղ) – տեղ
Eta (եթե) – եթե
Jarauntsi (ժառանգել) – ժառանգել
Horma (պատ) – որմ
Hirugarren (երրորդ) – երրորդ
Astundu (ծանր) - հաստատուն
Gari (կորեկաձավար) – գարի
Haritz (կաղնի) – հառիճ (կաղնի)
Hazi (աճել) - հասնել
Intxaur (ընկույզ) – ընկույզ
Ahuntz (այծ) – այծ

Տեղանվանական ընդհանրություններ՝
Աշտարակ – Աստարակ (բնակավայր Ֆրանսիայի հյուսիսում),
Գորիս – Գորիս (բնակավայր Բասկոնիայում),
Դեբա (գետ Հայաստանի հյուսիսում) – Դեբա (գետ Բասկոնիայում)
Շուբրիա (Սասունի հին անունը) – Շուբերոա (բասկական գավառի անուն Ֆրանսիայում)
Արաքս – Արաքսես (գետ Բասկոնիայում)
Արան (տեղանք Հայաստանում) – Արան (տարածված տեղանուն Բասկոնիայում)
Կարկառ (գավառ Արևմտյան Հայաստանի Վան նահանգում) – Կարկառ (հայտնի տեղանուն Բասկոնիայում)
Կարբի (գյուղ Հայաստանում) – Կարբե (տեղանուն Բասկոնիայում)
Ծավալք (բնակավայր Սյունիքում) – Սաբալցա (տեղանուն Բասկոնիայում) և այլն:

«Ереван» ամսագիր, N4, 2006

Այս թեմայով