18 Ապրիլ 2013, 15:29
2014 |

Իտալացու երևանյան «ստվերների քայլերթը»

Դեռ մինչև հանդիպման սկիզբը սոցիալական կայքերումում արդեն նկատվում էր միջոցառմանը մասնակցել պատրաստվողների ակտիվությունը: Շատերը հիշում էին Պացցանիին Երևան կատարած նախորդ այցից: Արդյունքում գրատան սրահը մարդաշատ էր, շատերը տեղավորվել էին նույնիսկ գետնին:

Այս անգամ Պոցցանիի այցը նոր հրատարակված «Ստվերների քայլերթ» բանաստեղծությունների հավաքածուի առթիվ էր: Գիրքը թարգմանվել է նաև հայերեն ու ռուսերեն լեզուներով: Հայերեն թարգմանության հեղինակը Դավիթ Մաթևոսյանն է, ռուսերենինը' Վիկա Չեմբարցևան: Հավաքածուին կից ընթերցողները նվեր ստացան ձայնասկավառակ:

«Այս հավաքածուն ընդհանուր աշխատանքիս արդյունքն է' տարբեր փուլերի և ուղղվածությունների անթոլոգիան: Բանաստեղծություններից բացի հավաքածուն ներառում է նաև ձայնասկավառակ, որտեղ ընթերցում եմ ստեղծագործություններս հատուկ այս առիթով գրված երաժշտության ուղեկցությամբ», - ասում է Կլաուդիո Պոցցանին:

Նրանք, ովքեր մոտավորապես ծանոթ են Պոցցանիի ստեղծագործություններին, գիտեն' բացի գրող լինելուց նա արտիստ է: Նրա հանրային ընթերցումները պարզապես ասմունք չես անվանի: Կլաուդիոն իր ելույթը «մեկ դերասանի թատրոնի» է վերածում՝ որսալով ունկնդիրների' հիացմունքից պահած շունչը: Բարձրահասակ ու ուժեղ բանաստեղծը չի վախենում ցույց տալ իր նրբությունը, կիրքն ու անպաշտպանությունը: Կլաուդիոյի ժեստերը դարձել են այցեքարտ. նա խաղում է յուրաքանչյուր տառի, բառի հետ' ապտակելով օդը:

Ջենովայում ծնված բանաստեղծը գնահատված ու սիրված է հայրենիքում և այլ երկրներում նախևառաջ իր բանաստեղծական ներկայացումների համար: Պոցցանիի' ավելի քան 10 լեզուներով թարգմանված բանաստեղծությունները հայտնվել են պոեզիայի ժամանակակից միջազգային կարևորագույն անթոլոգիաներում և ամսագրերում: 1983-ին Պոցցանին հիմնել է «Ժամանակի մեջ ճամփորդների խումբ» մշակութային կազմակերպությունը, որի օգնությամբ նախաձեռնել և կազմակերպել է բազմաթիվ նախագծեր ու գրական փառատոներ Իտալիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում և Բելգիայում: Պոցցանին 1995-ին սկիզբ առած և Իտալիայում պոեզիայի ամենամեծ իրադարձությունը համարվող Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնի հիմնադիր տնօրենն է:

Ընթերցողների հետ երևանյան հանդիպումը Պոցցանիի ձեռագրին բնորոշ էմոցիոնալ էր: Երևանյան հանրային ընթերցման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ իտալերենով, այնուհետև'Վիկա Չեմբարցևայի ու Դավիթ Մաթևոսյանի կատարմամբ բնօրինակի թարգմանված տարբերակները: Թարգամանչի' «Եթե ձանձրացանք, կարող ենք դադարել ընթերցումը» հարցը հավաքվածների վրդովմունքին արժանացավ. «Ոզում ենք լսել Պոցցանիին՝ նույնիսկ չհասկանալով լեզուն …»:

Այս թեմայով