06 Փետրվար 2013, 16:51
2971 |

Վան Գոգ. դեղին աստղերը` կապույտ առաստաղին

«Վան Գոգն» էսթետիկ վայր է, միևնույն ժամանակ ավելորդ ձևականություն, սնոբիզմ չկա: Ոչ ինտերիերը, ոչ մենյուն, ոչ էլ անձնակազմը չեն ճնշում կամ պարտադրում հաղորդակցվել բարձր արվեստին:

Սրճարանի բոլոր նկարներից կրկնօրինակ է միայն մեկը, հավանաբար կռահեցիք՝ում «Արևածաղիկները»: Մնացածը բնօրինակներ են, ընդ որում` ամենևին էլ ոչ երկրորդական նկարիչների՝Ռուդոլֆ Խաչատրյան, Ժան Գարզու և շատ ուրիշ հայ վարպետներ: Ընդհանրապես, «արտ-սրճարան» անվանումն իրեն արդարեցնում է ամեն քառակուսի սանտիմետրին դրված «արվեստի» իրերով` սև ձիերի քանդակներ, արվեստի մասին գրքեր, նկարչության ալբոմներ: Նույնիսկ բարը մոխրամանների փոխարեն զարդարում է պալիտրայից, վրձիններից ու չինական կավե թեյնիկից կոմպոզիցիան: Իսկ առաստաղի լույսերի շուրջբոլորը նկարած են Վան Գոգի «Գիշերվա» աստղերը:
Ուտեստներն ու խմիչքները մենյուում գրված են նույն «Գիշերվա» ռեպրոդուկցիայի վրա, սակայն հարկ է նշել, որ հենց մենյուն բավականին փոքր է՝ ավելի հարմար փաբին, քան սրճարանին: Չնայած այստեղ կարելի է փորձել այն, ինչը երևանյան ուրիշ սրճարաններում սովորաբար չեն մատուցում: Օրինակ՝ մսով նրբաբլիթներ (800 դր.), հենց այն, որոնցով մայրիկներն ու տատիկները կերակրում են համայն ազգը Ամանորին: Ի դեպ, մեկ բաժինը բաղկացած է երկու բլիթից, կա նաև նույնի կաթնաշոռով տարբերակը, ավելի էժան (700 դր.): «Տնական» ճաշատեսակներից մատուցում է նաև պելմենի (1300 դր.): Մայրիկի կամ տատիկի խոհանոցի համին կարոտ մնացածների համար այս պելմենիները հազար տորտելինի ու ռավիոլի արժեն:

«Վան Գոգի» ճաշացանկի անվիճելի առավելությունը գինն է: Այն շատ մարդասիրական է, առանձին դեպքերում՝ նույնիսկ միջինից բավական ցածր: Օրինակ, պանրի տեսականին արժե ընդամենը 1500 դրամ, իսկ խոզապուխտով ու պանրով սենդվիչը` 400, 500 և 700՝ կախված սենդվիչի չափից: 700 դրամանոց սենդվիչը շատ հագեցնող է, դրանից հետո թվում է՝ հենց նոր երեք բաժին պելմենի կերաք: Աղցանների լայն տեսականին ներկայացված է միայն օլիվյեի տեսքով (800 դր.), հավանաբար, խոհարարը հավատարիմ է մնացել տնական խոհանոցի ոճին:
Աղանդերի համար մենյուում առանձին տող չկա, բանն այն է, որ աղանդեր էլ առանձնապես չկան, խնձորով կարկանդակը միակն է: Հանուն արդարության նկատենք, որ այն նախևառաջ շատ համեղ է, ու, բացի այդ, թանկ չէ (500 դր.):
Եթե առաջին, երկրորդ և երրորդ ճաշատեսակներով մենյուն առանձնապես չի հպարտանում, ապա խմիչքները ներկայացված են լայն ընտրանիով: Դասական կոկտեյլները` Bloody Mary-ին կամ Screwdriver-ը՝ Օտվյորտկան, արժեն 1000 դրամ, Մոխիտոն ստանդարտ գնով է` 2000 դրամ, կծու Դուդուն կարելի է գնել 800 դրամով, իսկ կրակոտ Հերոսիման` 1800:
Թեյերը արժեն 300 դրամ, երեք տեսակի են` սովորական սև, կանաչ և Earl Grey: Փոխարենը սուրճի տեսականին շատ ավելի լայն ու հետաքրքիր է: Ամերիկանոն այնպիսի բույր ունի, որ սկսում ես կասկածել՝չլինի Ստարբաքսու՞մ ես: Կապուչինոն (900 դր.) նույնպես վատը չէ, իռլանդական վիսկիով սուրճը սովորականից ավելի էժան է (1300 դր.):
Ընդհանուր առմամբ, «Վան Գոգը» էսթետիկ վայր է, միևնույն ժամանակ ավելորդ ձևականություն, սնոբիզմ չկա: Ոչ ինտերիերը, ոչ մենյուն, ոչ էլ անձնակազմը չեն ճնշում կամ պարտադրում հաղորդակցվել բարձր արվեստին: Ամեն ինչ արվում է աննկատ. հիանալով Ռուդոլֆ Խաչատրյանի ներկայությամբ՝ այցելուներն ակամա հաղորդակցվում են արվեստին: Ի դեպ, Ջոն Ֆաուլզին հո տանը չե՞ք մոռացել:

Այս թեմայով