02 Ապրիլ 2013, 11:49
130 |

Ծիծաղը դեմքի զարդն է

Հաստ ու բարակ գծագրական մատիտներով, սպիտակ թղթերով, ռետինով ու էտյուդնիկով զինված Հյուսիսային պողոտայի մշտական բնակիչ, ծաղրանկարիչ Հունան Ավետիսյանը, ի տարբերություն իր անվանակցի, «թնդանոթը» ոչ թե կրծքով, այլ մատիտներով է «վնասազերծում»:

Ինչո՞ւ «դիրքավորվեցիք» հենց Հյուսիսային պողոտայում:

- Դրսում ծաղրանկար անելը սեզոնային աշխատանք է, այդ պատճառով էլ ավելի մարդաշատ ու ավելի կենտրոնական վայր է պետք: Հյուսիսայինը Երևանի ամենավառ, ամենամարդաշատ փողոցներից է: Բացի այդ, այստեղ շատ են լինում երիտասարդներ և զբոսաշրջիկներ:

Ձեր գովազդային պաստառը միստր Բինի պատկերով է: Բինն է ձեզ գովազդում, թե դուք' Բինին:

- Մենք վաղեմի ընկերներ ենք, մեկս մյուսին ենք գովազդում:

Ծաղրանկարչի առաջին անհրաժեշտության «պարագաները»:

- Հումորի զգացում, երևակայություն և ցենզուրայի բացակայություն: Վերջին երկուսը չգիտեմ, բայց հումորի զգացումը ոչ մեկին էլ չէր խանգարի:

Նկարվել բոլորն են սիրում, իսկ ծաղրանկարվե՞լ:

- 3 տարի է' նույն փողոցում նույն գործն եմ անում: Առաջին տարին քչերն էին նկարվում, հիմնականում՝ տուրիստները: Հիմա արդեն այդպես չէ: Պարզապես ծաղրանկարը որոշակի տրամադրություն է պահանջում:

Հայերի հումորի զգացումը տե՞ղն է:

- Համեմատության կարգով կարելի է ասել' այո: Մի քանի տարի առաջ այս նույն գործով Վրաստան էի գնացել: Պարզվեց, որ վրացիները զիջում են հայերին: Չէին հասկանում ու չէին ընդունում ծաղրանկարը: Ծաղրանկարն ամենաշատը ռուսներն են սիրում, առանց կոմպլեքսների, ազատ, թեթև ապրող ազգ են:

Արտաքինի մեջ ի՞նչն է կարևոր ծաղրանկարչի համար:

- Մարդու դեմքի արտահայտությունն ու դիմագծերը: Դեմքի արտահայտիչ մասերը ես ավելի եմ շեշտում՝ փորձելով չկորցնել նմանությունը: Մարդն իրեն պետք է ճանաչի ծաղրանկարում: «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը ծաղրանկարչին միայն խանգարում է:

Հայերը կրակն են ընկել իրենց մեծ քթի ձեռքը՝ անխնա հանձնելով այն պլաստիկ վիրաբույժների դանակին: Իսկ ծաղրանկարի՞չն ինչպես է վարվում այդ հայկական հարստության հետ:

- Ճիշտ է, մերոնք շատ են նեղվում իրենց քթի ձևից ու շատ հաճախ նկարվողն ասում է' գիտեմ որ քիթս մեծ ա, բայց դու էդքան էլ մեծ մի նկարի, խնդրում եմ: Մինչդեռ ծաղրանկարը հենց դա է, հակառակ դեպում դիմանկար կստացվի, ոչ թե ծաղրանկար: Ծաղրանկարում շեշտվում է դեմքի կամ մարմնի ամենաարտահայտիչ մասը' լինի քիթը, աչքերը, շրթունքը, հասակը:

Տխրությո՞ւնն է հեշտ պատկերել ծաղրանկարում, թե՞ ուրախությունը:

- Հավասարապես բարդ է: Ծաղրանկարը չի ենթադրում միայն ուրախ դեմքեր: Պետք է այնպես նկարել, որ նույնիսկ ամենատխուր դեմքը ծիծաղելի լինի հենց իր տխրության մեջ: Տխրությունը ծաղրանկարչի թեթև ձեռքով ի զորու է ուրախ տրամադրություն հաղորդել:

Եղե՞լ են բողոքներ ձեր աշխատանքից:

- Մի դեպք եմ հիշում, որ ծաղրանկարը մարդու դուրը չէր եկել: Բայց համոզված եմ, որ պատճառը ոչ թե վատ արված նկարն էր, այլ պարզապես նա չէր հասկանում' ինչ է ծաղրանկարը: Մի անգամ էլ մի եվրոպացու եմ նկարել ու մինչև հիմա հիշում եմ այդ մարդու դեմքը, այնքան արտահայտիչ էր: Նրան մեծագույն հաճույքով եմ նկարել: Արդյունքում և ես հաճույք ստացա իմ գործից, և նա: Բայց նման դեպքերը քիչ են:

Մարմնիդ վրա բազմաթիվ դաջվածքներ ունես: Դրանք նկարչությո՞ւն, թե՞ ծաղրանկարչություն են:

- Դաջվածքներս ավելի շատ իմիջիս հետ կապ ունեն: Դրանցից ոչ մեկը ծաղրանկար չէ, հումորային չեն:

Ի դեպ, ի՞նչ մասնագիտություն ունեք:

- Մանկավարժ-նկարիչ եմ, ավելի ստույգ' գեղանկարիչ՝ խորացած ծաղրանկարչության մեջ:

Քաղաքական թեմաներով ծաղրանկարներ արե՞լ եք:

- Գրեթե ոչ: Բայց վաղուց եմ մտածում այդ թեմայի մասին, մտածում եմ նաև անգլուխ ձիավորի դեմքը ծաղրանկարելու մասին: Մտքեր, գաղափարներ շատ ունեմ, բայց ժամանակ չունեմ կյանքի կոչելու:

Ցանկացած հարցի՞ն եք հումորով մոտենում:

- Այո, և դա ինձ շատ է օգնում: Այլ կերպ չեմ էլ պատկերացնում, ճիշտն ասած:

Այս թեմայով