05 Փետրվար 2013, 15:15
3092 |

Միշո. մեր տան մասին

Երևանը շատ են տանջել: Հիմա էլ են շարունակում: Որովհետև երևանցի հասկացությունն ա մի քիչ անհասկանալի դարձել: Մարդիկ գալիս են, գնում են: Իմ ընկերներից շատերը, որոնք կարային շատ բան տալ Երևանին, ուղղակի չեն դիմանում, գնում են:

Արմատներով ղարաբաղցի եմ, կյանքիս առաջին երեք տարին ապրել եմ Կոմիտասում: Բայց հետո տեղափոխվել եմ 7-րդ մասիվ: Ոնց որ կղզի լինի, աշխարհից կտրված: Մեզնից էն կողմ մենակ 8-րդ ու 9-րդ մասիվներն են: 7-րդ մասիվի տեսարժան վայրերից մեկը եկեղեցին ա: Օրենքով 5-րդ մասիվում ա, բայց էնքան մոտիկ ա, որ մենք էլ համարում ենք, որ մերն ա: Բլուրը, որի վրա կանգնած ա եկեղեցին, ինչքան գիտեմ, Երևանի ամենաբարձր կետերից ա: Դրա համար ստեղ մեկ-մեկ նենց քամի ա անում, որ խոսալուց մարդիկ իրար չեն լսում:

Մեր շենքը համար 24-ն ա: 24 թիվը ընդհանրապես շատ ա հանդիպում իմ կյանքում. 24 շենք, 24 բնակարան, ծնվել եմ ամսի 24-ին: Ու երկու տարի առաջ 24 տարեկան էի: Իսկ մինչև 24 դառնալը, դպրոցական տարիներին, սկսեցի բակում բասկետբոլ պրոպագանդել: Էնքան էի տարված, որ հերս հատուկ մեր համար շիթ սարքեց ու տենց 90-ականներին 7-րդ մասիվում բասկետբոլի դաշտ կար: Բայց ամեն անգամ պիտի մի երեք-չորս գնդակով գայինք, որովհետև դաշտը բարձրության վրայ ա, ու գնդակը միշտ ընկնում-գլորվում էր եսիմուր: Ու մինչև էդ մի գնդակը ինչ-որ մեկը հետ կբերեր, մնացածը շարունակում էին խաղալ: Ինչն ա հետաքրքիր՝ էս փոքր տեղում երեք հատ սպորտային տարածք ունենք: Մի քիչ վերև կարմիր ավազով ծածկված դաշտն ա: Էնտեղ ֆուտբոլ խաղալուց հետո ավազ էինք թքում: Իսկ պիոներ-պալատի տարածքում «գլադիատորական» ֆուտբոլի դաշտն ա: Ստեղ միշտ ջարդած ապակի էր լցված: Հիմա էլ: Թե որտեղից՝ հայտնի չի: Ու եթե խաղի ժամանակ մեկը կորպուս էր պահում, մյուսը հաջորդ օրը մի քանի կարով էր իջնում բակ: Էքստրեմալ քուչի ֆուտբոլը որ չհաշվենք, պալատում նաև երեք տարի գնացել եմ կառատեի ու երեք տարի՝ ակորդեոնի: Ակորդեոն՝ խոխմայ ա, չէ՞: Բայց մինչև հիմա նոտաները չգիտեմ, մենակ սլուխով:

Կարող ա թվալ, որ 7-րդ մասիվում ահավոր լոքշ ա, բայց ասեմ, որ ահագին բան կար անելու: Օրինակ, էն ժամանակ իսկական բաեվիկ էինք նայում բակից: Հենց մեր դեմը՝ ռազմական ակադեմիան ա: Վարժանքների ժամանակ վերտալյոտներով գալիս էին բոմբ էին գցում, կրակում էին... Մենք էլ էրեխեքով հավաքվում էինք, սարից մեր համար նայում էինք...

Ստեղից էն կողմ սարեր են: Դրա համար կարելի ա մեկ-մեկ ինչ-որ կենդանիներ տեսնել: Ասենք, մեկը գնում ա բալկոն ծխելու, տեսնում ա՝ դեմը գել ա կանգնած, քիչ ա մնում ծխելու ուզի: Ես ինքս աղվես եմ տեսել... Մի խոսքով, կիսավայրի տեղ ա: Չնայած էս վերջերս ներքևը սուպերմարկետ են բացել, ցիվիլիզացիա: Մի թվին էլ մեր կողմերում բացվել էր Երևանի առաջին մեծ ռեստորաններից մեկը, Cheldon: Բայց երկար չապրեց՝ խփոցիներ, կրակոցներ: Տենց փակ էլ մնացել ա:
Կռիվներ հաճախ էին լինում: Մի ժամանակ, մինչև եկեղեցու կառուցելը, էստեղ անտառներ էին: Ու մի անգամ էդ բլրի վրա մի հատ էպիկական խփոցի եղավ: Կողքից երևի լրիվ Վիլյամ Վոլաս վիճակ էր: Կոնկրետ պայմանավորված ժամին, ով ինչ ուներ ձեռը վերցրած գնացինք կռվի: Իրանք վերևից, մենք՝ ներքևից, ու «Բրեյվհարթի» նման քշինք իրար վրա:

Մոտիկ ընկեր ունեի, Բանգլադեշում էր ապրում: Մասիվից իրանց տուն հասնելու համար պետք էր երեք մարշրուտկա փոխել: Ու նենց էլ չէր, որ մեծ ընտրություն կար՝ հենց էդ երեք կոնկրետ համարներն էին, որոնց պետք էր բռնացնել: Ճանապարհը տևում էր մեկուկես ժամ: Էդ ընթացքում կարելի էր առանց վռազելու կյանքդ պլանավորել, մտածել, ինչ-որ բաներ հիշել, ուրախանալ, լոմկվել:

Մասիվի ամենամեծ ատրակցիոնը գազանանոցն էր: Փոքր ժամանակ դասից փախնում էինք ու գնում էինք էնտեղ: Պարզ ա՝ մի կոպեկ փող չունեինք, դրա համար հետևից մտնելու տեղ էինք գտել: Մի անգամ առավոտը իննի կողմերը դպրոց ոչ էլ մտանք ու քյասար գնացինք գազանանոց: Ինչ-որ ձև մտանք, մեկ էլ տեսնենք հենց կողքներս մի խումբ գոռնի կազյոլներ խոտ են ուտում իրանց համար: Գնացինք, սկսեցինք պտտվել, մեկ էլ դեմներս պահակը դուրս եկավ: Նայեց մեզ ու հասկացավ, որ էս առավոտ գիշերով գլխավոր մուտքից դեռ ոչ մեկ չի եկել, բա էս երե՞քը ինչ գործ ունեն էստեղ: Թռանք:
Մասիվը նոր թաղամաս ա: Դրա համար բոլոր շենքերը ոնց որ քոփի-փեյսթ արած լինեն: Ու որ իջնում էինք քաղաք զարմանում էինք, որ շենքերը ուրիշ ձևի էլ են լինում: Բայց կենտրոն հասնելը հեշտ բան չէր: Ճանապարհի մի մասը ճոպանուղիով էինք կտրում, մի մեծ կտոր էլ պետք էր անցնել Նորքի անտառներով: Շակալներ էին հանդիպում, մեկ-մեկ ճամփին պետք էր լինում կրակ վառել: Ոնց որ «Լոսթում» լինեինք:

Կենտրոն

Կենտրոնում սկսեցի ավելի երկար մնալ, երբ ընդունվեցի բժշկական համալսարան: Բժիշկ դեռ չեմ դարձել: Բայց եթե շարունակելու լինեմ՝ ինձ տեսնում եմ որպես հոգեբույժ:
2001 թիվն էր: Ինչ-որ մեկը որոշեց հավաքել Երևանի բոլոր ռեպերներին, որ խումբ կազմենք: Հավաքվեցինք Հրապարակի մետրոյի մոտ: Մի հատ շենք կար, էն ժամանակ կիսակառույց էր՝ ով ասես չէր գալիս, ինչ ասես չէր անում: Մենք էլ ռեպերական հանդիպում կազմակերպեցինք: Մեծ մասը Մոսկվայից եկած ռուսախոս տղեք էին: Երևանյան հիփ-հոփ դեռ չկար: Հենց էդ սխոդկային էլ հանդիպեցի Հայկոյին: Մյուս օրը արդեն ավելի փոքր կազմով նստեցինք կինո «Մոսկվայի» բակում, կաֆե կար մի հատ: Հայկոն բերել էր իրա տեքստերով տետրը: Բացեցի, տեսա՝ ժարգոնով, քաղաքային լեզվով ա գրած: Դրանից առաջ ես խոսակցականով չէի էլ փորձել գրել: Ասեց՝ ախպերս ստուդիա ունի, գնա՞նք գրվենք: Էնպես որ «Հայ տղեքը» սկսվեց Հրապարակից:

Մեր առաջին ֆոտոսեսիան Արամի փողոցի վրա էր: Շատ խոխմա էր: Լավ, պրոֆեսիոնալ սյոմկա էր, հազիվ 50 դոլար կարողացանք տալ, ալբոմի շապիկ պիտի աներ: Ի՞նչ բեմական շոր, ի՞նչ պատրաստվել: Հայկոյի հետ սովորականի նման հագնվեցինք, մազերներս աջ սանրեցինք ու հորս մեքենայով իջանք Արամի փողոց: Էդտեղ անելու գաղափարը լավն էր, շատ երևանյան տրամադրություն կար նկարների մեջ:

Սկզբում Կենտրոնը խորթ էր, ոնց որ տուրիստ լինեինք, ասենք, Փարիզում: Երեկոյան իջնում էինք պիվա խմելու: Իսկ սովորական նստելու տեղ շատ չկար, մի քանի կաֆե: Դիսկոները ծանր պատմություն էին, որովհետև էն ժամանակ ինչի՞ էին գնում դիսկո՝ խմելու ու աղջիկ կպցնելու: Դրա համար վերջում միշտ խփոցիներ էին լինում: Բայց ինչ-որ ժամանակ անցավ, մեծացանք, ընտելացանք ու ուղիղ Կասկադի դեմը կաֆե բացեցինք: Հետո դուրս եկա բիզնեսից, բայց էլի ընկերներս են աշխատացնում: Իսկ մինչև էդ ամենօր էնտեղ էինք: Ամենաահավորը, որը դրա մասին ֆանատներս էին ջոկել: Մի աղջիկ կա՝ մինչև հիմա ամեն օր գալիս ա ստեղ, հետս խոսում ա, գնում ա: Մեկ-մեկ նստած ենք լինում տղեքով դրսի սեղանի մոտ, մեկ էլ ինչ-որ երեխեք մի քիչ հեռվում հեռախոսից իմ երգն են միացնում ու ուշադիր նայում են վրես: Կամ էլ կողքով դանդաղ մեքենայ ա անցնում, մեջը ՀՏ Հայկոյի երգը զլած, ոնց որ ես դրանից պիտի ինձ վատ զգամ կամ նեղվեմ: Կենտրոնի հավեսը էն ա, որ էստեղ կարելի ա շատ լավ զգալ Երևանի ծայրահեղությունը: Համեմատեք Կենտրոնի տարբեր թաղերի մասսաները: Օրինակ՝ Կասկադի ու կինո «Ռասիայի»: Ոնց որ տարբեր քաղաքներից լինեն, բայց իրարից հինգ րոպեի հեռավորության վրա են:

Երևան

15-16 տարեկան էի, որ առաջին անգամ Երևանի մասին երգ գրեցի, էն էլ՝ գրական հայերենով: Նոր էի քաղաքը բացահայտում, ու ինձ տարել էր: Հետո կոնտակտը ավելի խորացավ, սկսեցի լսել՝ քաղաքը ինչ ա խոսում, ու էլի մի քանի հատ երգ գրեցի: Երևանը մեր տունն ա, երգերն էլ մեր տան մասին են: Գիշերը ավելի հավես բան չկա, քան մենակ Երևանի փողոցներով քայլելը: Մնում ա՝ մեքենայով չլինեմ:

Իմ համար Երևանը ունի մի քանի յուրահատկություն: Եթե ժամանակ առ ժամանակ գնաս ստեղից, մեկ-երկու ամսով, ինչքան թույն տեղում էլ լինես՝ մեկ ա Երևանը սիրում ես: Բայց եթե երկար ժամանակ մնում ես ստեղ, կարող ա տրաքես մեջտեղից, որովհետև ահավոր շատ ներվայնացնող բաներ կան:

Էս վերջերս մի քանի անգամ Լոսում եմ եղել: Տեղի հայ տղեքը միշտ հարցնում են՝ «կմնա՞ս ստեղ»: Որ մտածում եմ՝ Լոսում հարմարությունների առումով դրախտ ա համեմատած Երևանի հետ: Բայց որ մի քիչ երկար ես մնում, հասկանում ես, որ Ամերիկայում ամեն ինչ պլանավորված ա: Եթե ուզում ես ընկերներիդ տեսնես՝ պիտի մի քանի օր առաջ հետները պայմանավորվես, դասավորես: Եթե ինքդ ոչ մի բան չանես՝ ոչ մի բան չի լինի: Իսկ ստեղ՝ լիքը բան ինքն իրան ա լինում, անկախ քեզնից՝ լավ, թե վատ: Էդ առումով կյանքը միշտ եռում ա, ակտիվություն կա:

Երևանը շատ են տանջել: Հիմա էլ են շարունակում: Որովհետև երևանցի հասկացությունն ա մի քիչ անհասկանալի դարձել: Մարդիկ գալիս են, գնում են: Իմ ընկերներից շատերը, որոնք կարային շատ բան տալ Երևանին, ուղղակի չեն դիմանում, գնում են: Մյուս կողմից էլ տարբեր քաղաքական հարցեր, լարված վիճակներ: Երևի ժամանակ ա պետք, որ քաղաքը խախանդվի:

Այս թեմայով