26 Մարտ 2013, 15:42
1374 |

Ծառը

Դերասան Նարեկ Դուրյանը տարիներ առաջ տեղափոխվել է Ավստրիա, ապա, անընդհատ շրջելով տարբեր եվրոպական երկրներով, ի վերջո վերադարձել Երևան: Գուցե այն պատճառով, որ ուրիշ ոչ մի քաղաքում նման պատմություններ չեն պատահում:

Երբ 70-ականների կեսերին սովորում էի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մեր պրոռեկտորը Մանուկ Կարպիչն էր՝ ինքնատիպ ու վառ անձնավորություն: Այն ժամանակ Երևանում ծառեր աճում էին որտեղ ասես, անգամ ասֆալտի վրա: Եվ ահա, այդպիսի մի ծառ էլ աճել էր մեր ինստիտուտի մուտքից բառացիորեն երկու քայլ այն կողմ: Մի անգամ Մանուկ Կարպիչը հենվեց այդ ծառի ծռմռված բնին, ընկավ ու կոտրեց ձեռքը: Կազդուրվեց, վերադարձավ աշխատանքի: Հենց մուտքի մոտ պրոռեկտորին կեղծ հոգատարությամբ շրջապատեցին ուսանողները, սկսեցին հարց ու փորձ անել.

— Վայ, բա ո՞նց պատահեց: Ուղիղ տեղն ընկնե՞լ:

— Դե՛, հիմար պատմություն ստացվեց: Դուրս եմ գալիս, կանգնում այս ծառի մոտ, զրուցում, — պատմելուն զուգահեռ Մանուկ Կարպիչը ցույց էր տալիս, թե ինչպես է ամեն ինչ պատահել, — ահա այսպես հենվում եմ:

Նա կրկին հենվեց, ընկավ ու կրկին կոտրեց ձեռքը: Հիվանդանոց, գիպս, ամբողջ Երևանը սկսեց պատմել այս պատմությունը, փոխանցելով մեկը մյուսին ու ծիծաղելով կրկնակի կոտրված ձեռքի պատմության վրա:

Որոշ ժամանակ անց, վերադառնալով ինստիտուտ, Մանուկ Կարպիչը դեպքի վայրում հանդիպեց միայն ծառից մնացած կոճղին: Ասում են՝ նա էր հրահանգել վերացնել այդ ճակատագրական ծառը:

 

Այս թեմայով