16 Դեկտեմբեր 2020, 14:55
48591 |

Համոզված եմ՝ հուշարձաններն են, որ անցյալից կվերադարձնեն մեր բարձր գիտակցությունը

Մշակութային ժառանգության պահպանության հնարավոր հեռանկարների ու աշխատանքների մասին զրուցել ենք «Բնօրրան» ՀԿ-ի համահիմնադիր Հռիփսիմե Հարությունյանի հետ:

- «Բնօրրան» ՀԿ-ն արդեն քանի տարի է` զբաղվում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային  կոթողների պահպանության խնդիրներով: Որպես մի կառույց, որ ավելի քան  կոփված է այդ ոլորտում, ինչպես եք տեսնում Ադրբեջանի տարածքում գտնող հայկական ժառանգության պահպանության խնդրի լուծումը:

- Մեր կարծիքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կամ տարածքում առկա հայկական հուշարձանների վերաբերյալ առաջացած խնդրի լուծումը բաղկացած է երկու հիմնական փուլից։ Առաջին փուլում հարկավոր է իրականացնել միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն հուշարձանների պատշաճ պահպանմանը։ Մենք առաջարկում ենք եռակողմ ձևաչափ, որի կողմերից երկուսը կհանդիսանան Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունները, իսկ երրորդ կողմը՝ միջազգային կառույց, օրինակ՝ Յունեսկոն։ Չենք բացառում նաև մի քանի միջազգային նման կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Նշված երեք Կողմերը կներկայանան ազատ և անկախ փորձագետներով, կստեղծվեն հանձնաժողով և համապատասխան աշխատանքային ներկայացուցչական խմբեր, որոնք կայցելեն մեզ մոտ առկա ցանկում ներառված հուշարձանների տեղանքները, կիրականացնեն ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե փաստացի ինչ վիճակում են գտնվում հուշարձանները։ Կարձանագրվեն հիմնականում հավաքագրված փաստերը։ Այնուհետև, հավաքագրված փաստերը արձանագրելուց հետո կստեղծվի հիմնարար փաստաթուղթ, որի հիմքում ընկած կլինեն գրանցված պատմական հուշարձանները և վերջիններիս պահպանմանն ուղղված պայմանները, պարտավորվածություններ կրող կողմի վերաբերյալ միջազգային պայմանգրերով նախատեսված դրույթները։ Ի դեպ երրորդ կողմը՝ միջազգային կառույցը/կառույցները, կարող է/են ապագայում մասնակցություն ունենալ թե՛ հուշարձանների պահպանման աշխատանքներում, թե՛ փաստաթղթի դրույթներով նախատեսված վերահսկողության գործընթացներում։ Իմ կողմից նշված բոլոր գործընթացները մանրամասն կարգավորումների, քննարկումների, ինչպես նաև Կողմերի հետ բանակցությունների կարիք ունեն։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ենթադրյալ հետևանքները՝ հարկավոր է արագ կողմնորոշվել և նպատակային քայլեր ձեռնարկել։ Ջուղայի խաչքարերի ոչնչացման ճակատագիրը հնարավոր է չկրկնվի․․․

- Իսկ որքան իրատեսական եք գնահատում պատկանելիության ապացուցողական մասն այս պատմական իրավիճակում:

- Անշուշտ, հուշարձանների էթնիկ պատկանելությունը գոնե մեր՝ հայերիս մոտ, որևէ կասկած չի հարուցում։ Անգամ եթե այսօր Ադրբեջանի կողմից փորձեր է արվում վերափոխելու մեր հուշարձանների պատմական իսկությունը, միևնույնն է, մենք հնարավորություն ունենք պայքարելու, ապացուցելու, պատմության աղբյուրները վերականգնելու, սակայն եթե հուշարձանները ոչնչացվեն, այլևս անիմաստ կլինեն պատկանելության մասին մեր քննարկումները։ Դրանով է միմիայն պայմանավորված պահպանման առաջնայնությունը։ Կարծում եմ՝ երկրորդ փուլի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ազնիվ մասնագետների՝ պատմաբանների, գիտնականների, ճարտարապետների, ովքեր խորը ուսումնասիրություններ կիրականացնեն և հուշարձանների հայկական պատկանելության հարցը վերջնականապես կպարզաբանեն և կբացահայտեն։ Այլ բան է, եթե մեր գիտնականներից լինեն մասնագետներ, ովքեր դեմ չեն լինի հուշարձանների պատկանելության հարցն ուղղել դեպի հակառակ սլաքի ուղղությամբ, սակայն սա արդեն այլ խնդիր է։

- Ձեր ՀԿ-ն  դարձավ Եվրոպա Նոստրա կազմակերպության անդամ, ինչի առիթով էլ շնորհավորում եմ։ Հակիրճ  կպատմեք ձեր կազմակերպության  մասին:

- Շնորհակալություն․․․․ Այո, մենք միաժամանակ նոր և հին կազմակերպություն ենք, գրեթե 60 տարվա պատմության իրավահաջորդ։ Վերջերս «Բնօրրան ՀԿ» կազմակերպությունը միավորվեց «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն ՀԿ»-ի հետ, որը ստեղծվել էր դեռևս 1963 թ․-ին համահիմնադիր Մարտիրոս Սարյանի նախաձեռնությամբ և 2017 թ․-ին կասեցվել էր, սակայն 2019 թ․-ին «Բնօրրան ՀԿ»-ի շնորհիվ կրկին վերսկսեց իր գործունեությունը, իսկ 2020 թ․-ին միավորման արդյունքում վերանվանվեց «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման ընկերություն հայկական ՀԿ»։

- Որտեղ եք տեսնում ձեր մասնակցությունը, որպես ՀՀ-ում գրանցված, միևնույն ժամանակ,  միջազգային կազմակերպությունների անդամ ՀԿ:

- Մենք պատրաստ ենք լծվել այս գաղափարին, ապահովել անկախ փորձագետների ներգրավման գործընթացը, մասնակցել Կողմերի աշխատանքները նկարագրող/կարգավորող փաստաթղթերի ստեղծմանը։

- Ինչու որոշեցիք  հանձ առնել նման բարդ, բայց կարևոր նախաձեռնությունը: 

- Ցավոք, դեռևս պետության կողմից ձևավորված չէ հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քաղաքականություն, որը կծառայեր իբրև հիմնական ուղեցույց, կկառավարեր ռիսկերը վնասակար շեղումներից։ Պետք է նաև նշեմ, որ ՀՀ տարածքում բացահայտված է առնվազն 25000 հուշարձաններ, որոնց մեծ մասը գտնվում է, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, որոշ հուշարձաններ էլ ոնչնացման եզրին են․․․ Սա մեր վերաբերմունքի արդյունքն է։ Մենք այժմ ավելի շատ գովաբանում ենք, քան գիտակցում և պահպանում։ Տպավորությունն այնպիսին է, որ, կարծես, հեռացել ենք մեր իսկ առաքելությունից, ինքնությունից, սակայն համոզված եմ՝ հուշարձաններն են, որ անցյալից կվերադարձնեն մեր բարձր գիտակցությունը, որով էլ պայմանավորված է մեր այսօրվա լինելությունը և ապագան կերտելու հնարավորությունը։

 

- Չեք հանձնվում, փաստորեն...

- Երբեք: 

Այս թեմայով