09 Օգոստոս 2018, 00:51
890 |

6-րդ ամենամյա «Workout Fest 2018» փառատոն

Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ «Workout Fest 2018» առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից: Փառատոնը նվիրված էր Հայաստանում սթրիթ վորքաութ մարզաձևի հիմադրման 6 ամյակին:

Միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էր սթրիթ վորքաութ ուժային նորմատիվների մրցույթ, սթրիթ վորքաութի և  Հայաստանի Կյոկուշին Կարատեի Ֆեդերացիայի կարատեի ցուցադրական ելույթներ, բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ, հայկական ավանդական շուրջպարեր և ռազմապարեր, բրեյք դանս շոու, ինչպես նաև STR ակումբի մասնակցությամբ տյունինգ շոու:

«Workout Fest 2018» փառատոնի ժամանակ սահմանվեց բոլոր ներկաների մասնակցությամբ միաժամանակ գետնից հրումներ կատարելու ավանդական ռեկորդը:

Միջոցառումն ուղեկցվեց բացօթյա փարթիով փառատոնի հատուկ հյուր DJ Vakcina-ի մասնակցությամբ:

«Տարեցտարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում: Հաճելի է տեսնել, որ փառատոնն իր շուրջն է համախմբում մարզիկների Հայաստանի տարբեր ծայրերից: Մարզաձևը Հայաստանում հիմնադրվել է 2012 թվականից և շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտել: Սթրիթ վորքաութը զանգվածային սպորտային շարժում է, որը հիմնված է սեփական քաշով կատարվող ուժային վարժությունների վրա, և այսօր այդ մարզաձևով զբաղվողների թիվը Հայաստանի 28 քաղաքներում և Արցախում գերազանցում է 1000-ը: Մենք փորձում ենք երիտասարդների համար ձևավորել նոր միջավայր՝ նպատակ ունենալով Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել բակային մարզումների մշակույթը, նպաստել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես առողջ սերնդի ձևավորմանը»,- ողջունելով միջացառման հյուրերին՝ ասաց Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանը:

«Workout Fest 2018» -ի գլխավոր հովանավորը "Family Network" (F net) ընկերությունն էր, որը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը:

«Այնքան հպարտ և ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ և ակտիվ երիտասարդներ և ընտանիքներ: “Family Network”-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես և մտավոր առողջ, ուժեղ և խելացի ընտանիքի և սերնդի ձևավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու և կարևոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված "google generation"-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ ինը տարի առաջ հիմնեցինք “FamilyNetwork”-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով իսկական մեծ, չաղ հավեսով հայկական ընտանիք»,-իր ողջույնի խոսքում նշեց միջոցառման գլխավոր հովանավոր "Family Network" ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանը: 

                

                                            

Այս թեմայով