02 Հոկտեմբեր 2017, 12:48
797 |

Ավան գյուղում «Երեմյան Փրոջեքթսի» սոցիալական նախագիծը որպես գյուղ-քաղաք փոխշահավետ համագործակցության վառ օրինակ

Սեպտեմբերի 30-ին, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար հատուկ շրջայց էր կազմակերպվել ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնք:

Շրջայցի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացվեցին համայնքում իրականացվող «Երեմյան Փրոջեքթս» ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրի մանրամասները՝ ուղղված գյուղի տնտեսական զարգացման սատարմանը, գյուղական կյանքի ակտիվացմանը, բիզնես-գյուղ արդյունավետ համագործակցության կայացմանը։Լրագրողները ծանոթացան գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի գործառնության սկզբունքներին, մթերման կազմակերպման գործընթացի առանձնահատկություններին, հանդիպեցին համայնքապետի,  գյուղական տնտեսությունների ներկայացուցիչների, ֆերմերների հետ:

ՀՀ Արագածոտնի  մարզի Ավան համայնքում  2017  թվականի հուլիսից գործարկվել էր գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով հանձնում են իրենց  գյուղմթերքը՝ կաթնամթերք, մսամթերք, ձու, միրգ, բանջարեղեն և այլն: Այս նախագիծը ՀՀ-ում առաջինն է և իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում՝ հիմքեր ստեղծելով գյուղի արտադրողի և տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցության, սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթի ձևավորման համար: Այս կարճ ժամանակահատվածում նախագիծը գրանցել է նշանակալի արդյունք՝ 50 միլիոն դրամի առևտրաշրջանառություն. մթերվել է 8000 կգ խոզի միս, 2000 կգ տավարի միս, 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր և այլն:

 

«Մեր նախաձեռնության նպատակն է լինել գյուղի և գյուղացու կողքին՝ մի կողմից թեթևացնելով նրանց ֆինանսական բեռը, մյուս կողմից տալով հնարավորություն թարմ ու սննդարար մթերք մատակարարել մեր սպառողին: Բացի այդ, գյուղմթերքն իրացնելու համար այլևս Երևան կամ մոտակա քաղաքներ հասնելու անհրաժեշտություն չկա: Ամեն օր մեր մեքենան մոտենում է մթերման կետ և տեղափոխում գյուղմթերքը: Ընդ որում, մինչև սպառողին հասնելը մթերքը հատուկ մշակման է անցնում մեր խոհանոցում»,-ասել է «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը՝ շրջայցի ընթացքում՝ ներկայացնելով նախագծի ստեղծման շարժառիթն ու նպատակը:

 

Դավիթ Երեմյանը այս մի քանի ամսվա ձեռքբերումներից է համարում նաև այն, որ Ավան համայնքում կարողացել են  ստեղծել պայմաններ, որպեսզի  համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայնում, նրանց մոտ աստիճանաբար ձևավորվել է բիզնես մտածողություն:

«Երեմյան Փրոջեքթս»-ն իր սոցիալական նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերում է աջակցություն նաև դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում:

 

Ներկայում Ավան համայնքն ունի 220 տնտեսություն, այստեղ ապրում է 860 մարդ, բնակիչների հիմնական զբաղմունքը խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, այգեգործությունը  և բանջարաբուծությունն է: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի ստեղծման համար  ընտրվեց հենց Ավան համայնքը, Դավիթ Երեմյանը նշեց. «Ես մանկության շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ այս գյուղի հետ կապված, Ավանն իմ մայրիկի գյուղն է: Տեղի բնակիչներն աշխատասեր, զուսպ, ազնիվ մարդիկ են, շատ բան եմ սովորել իրենցից։ Բացի այդ, Ավան համայնքը բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման առումով»:

 

Ի պատասխան այլ համայնքների հետ համագործակցություն սկսելու մասին հարցին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանն ասաց. «Նոր ենք սկսել այս աշխատանքը, դեռ համայնքի ամբողջ պոտենցիալը չենք գնահատել, գյուղը այդ մասով զարգանալու մեծ ներուժ ունի: Նախ կհասկանանք՝ գյուղը որքանով է կարողանում բավարարել պահանջարկը, որից հետո կմտածենք այլ համայնքների հետ համագործակցություն սկսելու մասին»:

Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանն իր երախտիքի խոսքը հայտնեց «Երեմյան Փրոջեքթս»-ին իրենց գյուղի տնտեսության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար. «Ցանկանում եմ գյուղի անունից շնորհակալություն հայտնել` մեզ լավատեսություն ներշնչելու և հնարավորություն տալու շարունակելու ապրել և արարել այստեղ՝ չհեռանալով և չդատարկելով գյուղը: Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն ու այգեգործությունն է, այսօր բնակիչները շատ ոգևորված են, նրանք ապահովված են աշխատանքով և ունեն կայուն եկամոտ: Տեսնելով, որ իրենք գնահատված են իրենց աշխատանքում, բնակիչները սկսել են բազմացնել անասուների քանակը՝ ավելի շատ գյուղմթերք իրացնելու և գյուղը զարգացնելու նպատակով»:

Գյուղի բնակիչ Ռոբերտ Հարությունյանն արդեն 3 ամիս շարունակ մթերման կետ է հանձնում մսամթերք և կաթնամթերք, գոհ է և´ եկամուտից, և´ մթերման կազմակերպման գործընթացից. «Այն ժամանակ, երբ մթերքը գյուղացին ինքն էր տեղափոխում քաղաք,  ուներ և´ ճանապարհածախսի, և´ սպառման հետ կապված դժվարություններ: Ավելի շատ վերավաճառողն էր օգտվում, քան գյուղացին: Իսկ հիմա մենք 20-30 % օգուտ ենք քաղում մեր արտադրանքի մեջ»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը և գյուղի բնակչին բնորոշ հյուրընկալ տրամադրությամբ հրավիրեց             ԶԼՄ-ի ներկայացուցիչներին տեսնելու իր այգիները և հյուրասիրելու մրգերով:

 

 

Այս թեմայով