29 Ապրիլ 2017, 15:59
43887 |

Մուրաբայի հրաշքը

Մուրաբա+վրձին ու մաքսիմում կես ժամից քաղցր դիմանկարն արդեն պատրաստ է: Մի գտալ մուրաբան նրան մինչև յոթերոդ երկինք կհասցնի. քաղցրակեր, քաղցրասեր, պոզիտիվ. չէ, նա Կարլսոնի հետ որևէ կապ չունի. նա Ռոբերտ Նիկողոսյանն է, մեր քաղաքի Ռոբերտը:

Քաղցրակե՞ր ես

Հա՜: Դրա համար էլ մեկ-մեկ նկարս կիսատ ա մնում. մուրաբան նախատեսվածից շուտ ա վերջանում:

Դրա համա՞ր ավանդական ներկապնակը մուրաբայով փոխարինեցիր

Համ էլ. բայց ուզում էի նկարչությանը նոր կերպ մոտենալ՝ նոր նյութով: Ամբողջ աշխարհում արդեն բավականին շատ են նկարել  ջրաներկով ու յուղաներկով, թող մի քիչ էլ մուրաբայով նկարվի:

Մուրաբայի արվե՞ստ, թե՞ ինչ…

Գուցե դժվար է մուրաբայով նկարն արվեստ համարել, բայց կրեատիվ մտածողության արդյունք հաստատ կարելի է համարել: Նոր բան ստեղծելն էսօր շատ դժվար ա. ամեն ինչ կա արված-ստեղծված: Մարդկանց դժվար ա զարմացնել էսօր. բայց որ լավ մտածես զարմացնելու ձև կարող ես գտնել. ես էլ մուրաբան գտա:

Ուտելու և նկարելու համար քո ամենասիրած մուրաբան ո՞րն է

Ուտելու համար՝ թզինը, նկարելու համար բոլոր մուգ գույնի մուրաբաները:

Մուրաբայի բանկան քո ստեղծագործական ընթացքի մեկնա՞րկն է

Չէ, սկսզբում համակարգչով գծանկար եմ անում, հետո բացում մուրաբայի բանկան. մնաացածն ինքն իրեն է ստացվում:

Միշտ մեկ գույնով ես նկարում: Ո՞նց ես գույների բացակայության հարցը լուծում

Փաստորեն՝ հա: Լույս ու ստվերով եմ փորձում գույն ստանալ՝ սպիտակ թուղթը որպես լույս, մուրաբան որպես ստվեր:

Դժվարությունը ո՞րն է մուրաբայով նկարչության

Եթե մուրաբան ծորաց, կամ սխալվեցիր ռետինը քեզ չի փրկի: Սխալվեցիր՝ պետք է դեն գցես արածդ ու նորից սկսես:

Ո՞ւմ ես արժանացնում քո քաղցր վրձնին

Պոզիտիվ մարդկանց, մեր ազգի համար մեծ վաստակ ունեցող մարդկանց: Մի խոսքով ասելիք ունեցող մարդը իմ վրձնի ամենալավ մոտիվացիան է:

Հիմա՞ ով է քեզ մոտիվացրել ու ո՞նց

Արամ MP3-ին եմ նկարում՝ թթի մուրաբայով: Իմ կարծիքով, մուրաբան Արամին ավելի պոզիտիվ ա դարձնում: MP3-ին ու մուրաբան սազում են իրար:

Արձագանքները մուրաբայի նման քա՞ղցր են, թե՞…

Հիմնականում քաղցր են: Ամենավերջին արձագանքն ասեմ՝ Մկոյին էի նկարել ու երբ տեսել էր սենց քոմենթ էր արել՝ սարի պես տղա էինք դառանք մուրաբա: Հասկացա, որ հավանել է: Մի անգամ էլ Կոմիտասին էի նկարել կետչուպով. արձագանքները մուրաբայի նման քաղցր չեղան:

Տանը չե՞ն դժգոհում, որ մուրաբաները միայն թեյին չեն ծառայում

Դեռ ոչ, բայց հենց սկսեն դժգոհել ես նոր նյութ կմտածեմ նկարելու համար:

Ի՞նչ ես կարդում, ի՞նչ ես լսում

Քիչ եմ կարդում. հիմնականում արկածային ժանրն եմ նախընտրում: Լսում եմ ռիթմիկ երաժշտություն: Թարմություն, դինամիկա եմ ստանում դրանից:

Երևանը փոքր, մոնոէթնիկ քաղաք է. հե՞շտ է, դժվա՞ր է Երևանում ստեղծագործել

Նպատակ ունենալն է դժվար. թե չէ քաղաքը ոչ նպաստող ոչ էլ խանգարող հանգամանք է:

Նկարներդ կարճ կյանք են ունենում. չե՞ս սրտնեղում դրա համար

Չէ, ավելի ճիշտ էդքան էլ չէ, բայց հիմա փնտրտուքի մեջ, որ դրանց կյանքը երկարացնելու համար տեխնիկական միջոցներ գտնեմ: Հենց ձևը գտնեմ փոքրիկ ցուցադրություն եմ կազմակերպելու:

Իսկ մինչ այդ որպես պատկերասրահ ֆեյսբուքն ու հեռախոսդ են, չէ՞

Հա: Ավարտելուց հետո անմիջապես ֆոտո եմ անում, տեղադրում ֆեյսբուքում, հետևում եմ լայքերին, գրառումներին: Ֆեյսբուքն էլ վատ պատկերասրահ չէ, ի դեպ:

Գուցե մարդիկ՝ դու էլ, քաղցրի պակա՞ս ունեք

Չէ. մարդիկ, այդ թվում ես, սիրո պակաս ունեն: Իսկական, մաքուր աստվածային սիրո պակաս. իսկ էդ սիրո հիմքի վրա շա՜տ բան կարելի է կառուցել:

Այս թեմայով