06 Դեկտեմբեր 2016, 22:52
1824 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Կիսահաղորդիչներն ու արվեստը

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Մերուժան Մարտիրոսյան

Չորս օրը կազմում է տարվա շատ փոքր մասը, անկախ նրանից` դա տոկոսներով է արտահայտվում , թե առանց դրա։ Բայց այն կարող է ավելի իմաստալից լինել, քան տարվա մնացած բոլոր օրերը միասին վերցրած։ Չուզենալով ստել, միանգամից ասեմ, որ չափազանցրեցի, թոբա թե այդպիսի կարճ ժամանակը ավելի կարևոր լինի։ Բայց, հնարավոր է էնքան կարևոր լինի, որ բավականին երկար ժամանակ հիշվի։ Հիմա երևի կմտածեք, Էս մարդը պետք է խոսի մաթեմատիկայի ու կյանքի հակասությունների մասին, բայց ոչ, դրա մասին էլ չեմ խոսելու։ Այլ խոսելու եմ միջազգային IEEE ընկերության կողմից կազմակերպված Սիմպոզիումի (ոմանք կնախընտրեին «կոնֆերանս» բառը, բայց ինչ արած)։

Առավոտյան ժամը յոթին սովորականի նման արթնացա, որոշեցի թեյ խմել, բայց նախքան ջուրը կեռացնեի սկսեցին ապարգելակվել իմ ուղեղի սինապսները։ Այլ կերպ ասած հիշեցի, որ ես առավոտյան թեյ խմելու սովորություն չունեմ: Բա էդ դեպքում ի՞նչ անեմ: Շտապեմ աշխատանքի՞: Մի րոպե… Հանկարծ հիշեցի, որ ես մի միջոցառման պետք է մասնակցեմ, որը շուտով սկսելու էր։ Արագ նախապատրաստվեցի, հետո մի անգամ էլ պատրաստվեցի ու պոռթեցի։ Ինչպես միշտ՝ հասա ժամանակից կես ժամ շուտ ու սպասեցի ընկերներիս։ Հավաքվելուց հետո մտանք ներս։ Հատկապես ուզում եմ հիշեցնել մեր՝ հայերիս գերճշտապահության մասին, որը մեզ չստիպեց երկար սպասել գրանցման գործընթացին։ Համենայնդեպս այնքան սպասեցինք, որ չհասցրեցինք քննարկել ազգին վերաբերող բոլոր կարևոր հարցերը։ Գրանցման գործողության ավարտից հետո շտապեցինք ներս ու վերջապես սկսվեց երկար սպասված կոնֆերանսը։

Սիմպոզիումի ընթացքում բազմաթիվ կարևոր, արդիական և համարձակ հարցեր ու նորամուծություններ քննարկվեցին։ Չցանկանալով թերագնահատել դրանցից որևէ մեկի կարևորությունը, կցանկանայի նշել հատկապես դրանցից մեկը, վախ ունենալով որ ոչ մի տեղ դրա մասին չի խոսվի։ Միկրոէլեկտրոնիկան առաջին հայացքից արվեստից բավականին հեռու է, այդ պատճառով ինձ համար շատ տպավորիչ էր տեսնել արվեստասեր և գեղեցիկը գնահատող պրոֆեսորի։ Նա մտածել էր մի տեխնոլոգիայի մասին, որը թույլ կտար կիսահաղորդիչների վրա ստանալ ցանկացած պատկեր, ու որի շնորհիվ նախագծողը կարող է իրեն արվեստագետ զգալ։ Ով գիտի, հնարավոր է մի քանի տարի հետո ժամանակակից արվեստի թանգարաններում հնարավոր լինի տեսնել միկրոսխեմաներով կազմված սյուռեալիստիկան գործեր։

Այս թեմայով