24 Նոյեմբեր 2016, 14:53
1692 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Մեքսիկական կրքեր և իտալական բուրիտո

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Դավիթ Սարգսյան

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սիմպոզիումի առաջին օրվա վերջում պարզվեց, որ մեքսիկացի գիտնական Վիկտոր Չամպակին պիտի ուղեկցեմ «Մարիոթ»` ուզում էր փոխվել: Հա, երևի սկզբից պիտի ասեի, որ էս տարի East-West ամենամյա կոնֆերանսը անց էր կացվում Հայաստանում ու մի շարք (բավական մեծ շարք) հայտնի գիտնականներ էին եկել: Լավ, չշեղվենք: Եվ այսպես, մեքսիկացի Վիկտորին ուղեկցեցի «Մարիոթ»:

Դրանից առաջ որոշվել էր, որ պիտի գիտնականներին տանենք Մատենադարանը ցույց տալու, ու ես ու մի քանի ուսանող պիտի ներկայացնեինք նրանց մեր դարավոր գիրն ու գրականությունը. կարճ ասած` գիդությունով պիտի զբաղվեինք: Ու նաև պայմանավորվածություն կար, որ մեքսիկացու հետ պիտի միանայինք Մատենադարան գնացող առաջին խմբին: Սպասեցինք 10 րոպե, 20 րոպե, 40 րոպե` խումբը չկար: Բայց հյուրին պետք էր զբաղեցնել: Ստիպված պատմեցի Մատենադարանի և հայ դարավոր մշակույթի մասին այն ամենը, ինչ գիտեի (կամ նույնիսկ չգիտեի): Ինքն էլ ասեց, որ շատ լավն ա Երևանը, մանավանդ աղջիկները: Ես էլ հետ չմնացի, ասեցի` բա որ իմանաս մեքսիկացի աղջիկնե~րն ինչ լավն են: Ծիծաղեցինք:

Վերջապես, խումբը եկավ (զարմանալիորեն): Միացանք: Ու ես ստիպված մոռացա իմ մեքսիկացուն, քանի որ խմբի մեջ կար մեկը, որին ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ որակել որպես սիմպոզիումի մեծանուն հյուրերից (իսկ դրանք, մեղմ ասած, քիչ չէին) ամենաթույն դեմքը` իտալացի Ռիկարդո Մարիանին Intel-ից (fellow): Դե իհարկե, ես առիթը բաց չէի թողնի իր հետ մի երկու բառ փոխանակելու` փոխանակեցի: Ոչ միայն այդ օրը, հետապնդում էի Մարիանիին նաև մնացած օրերին: Լուրջ պատճառ ունեի` իմ PhD-ն վերաբերում է ավտոմոբիլներում էլեկտրական ու էլէկտրոնային սարքերի ֆունկցիոնալ անվտանգության ստանդարտին (պիտի մշակեմ հիշող սարքերի դրան համապատասխան թեստավորման համակարգ), իսկ իտալացին ոչ ավելի ոչ պակաս` այդ ստանդարտի հեղինակն է: Սրան մնում է միայն գումարել, որ ինքն իր բերանով ասեց, որ իրա տատիկը հայ ա (ազնիվ խոսք` հայավարի բոլորին հայ չեմ սարքում, ինքն ասեց): Իսկ ամենաթույն պահը էն էր, երբ ասեց` «եթե լավ առաջարկներ ունես` ինձ mail արա», ու ես դրանից հետո էլ ոչ մի բան չլսեցի: Չնայած հասցրեցի ընկալել, որ իր սիրած ուտելիքը բուրիտոն է, ես էլ ասեցի` «դու հլը սպաս չես կերել»: Մի խոսքով, շատ հետաքրքիր էր:

Վերջում ավելացնեմ, որ էդ առաջին օրը էդպես էլ չգնացինք Մատենադարան` արդեն փակ էր, դրա փոխարեն ուղևորվեցինք Կասկադ: Ոտքով էինք, մեծ մասը տարիքով մարդիկ էին, ու երբ հասանք, Կասկադի աստիճանները տեսան, ասեցին` «մենք ստեղ կնստենք, դու բարձրացի իջի…»:


 

Այս թեմայով