22 Նոյեմբեր 2016, 10:58
748 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Դեմքեր և դեպքեր սիմպոզիումյան կյանքից

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Լուսինե Մարտիրոսյան

Առավոտ էր: Երևանյան աշնանային առավոտներից մեկն էր: Մարդիկ շարունակում էին ապրել իրենց առօրյա կյանքով: Բոլորը, սովորության համաձայն, ինչ-որ տեղ էին շտապում: Իսկ այդ ժամանակ Հանրապետության Հրապարակին հարակից փողոցներից մեկը լեցուն էր աշխարհի տարբեր մայրցամաքներից այստեղ հավաքված մարդկանցով: Ես այն երջանիկներից մեկն էի, ով կանգնած էր այդ ամբոխում: Այստեղ էլ շտապում էին` գրանցվել Սիմպոզիումին մասնակցելու համար: Ես էլ, դե, գրանցվեցի:

Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ ամեն ինչ հրաշալի էր, հետաքրքիր և տպավորիչ: Հետաքրքիր պահեր եղան հենց սկզբից: Intel-ը ներկայացնող իտալացի մասնագետը հպարտությամբ հայտնեց, որ որ շաաատ ուրախ է էստեղ գտնվելու կապակցությամբ, քանի որ իր հայրիկի մայրիկը հայ է եղել: Իհարկե, իր ներկայացրած նյութն էլ իր հետաքրքրությունն ուներ և ակտուալ էր մեր օրերում: Բայց ես միևնույն է, չէի կարող մտքիցս հանել «դե մենք` հայերս, շատ խելացի ենք աշխարհի տարբեր մասերում» ռազմահայրենասիրական եզրակացությունը:

Քոֆի-բրեյքի ընթացքում ծանոթացա մի իրանցի մասնագետի հետ, որը կարծես «Գտնված երազ» մուլտֆիլմի մեջի ծերուկը լիներ: Խոսում էինք մարդկանց անունների ծագումնաբանությունից: Ասաց, որ իր տղայի անունը Արվանդ է, որը թագմանաբար հայերենով նույն Երվանդն է: Հետո ավելացրեց, որ ուրախ է, որ հայտնի ու ճանաչված հայերից մեկի անունն էլ է Երվանդ` սիմպոզիում կազմակերպիչ Երվանդ Զորյանի մասին էր ասում:

Ելույթները շատ էին, ամենատարբեր թեմաներով, բայց ինձ ամենից շատ հետաքրքրեց «Նեյշնլ Ինսթրումենթսի» տղաների ներկայացրածները ("Smart Devices Require Smarter Test Systems" և “5G goes to Massive MIMO”), քանի որ երևում էր, որ լավ պատրաստված էին, իսկ նյութն ու սլայդերի հաջորդականությունը համահունչ էր:

Այդ չորս օրերի ընթացքում շատ տպավորվեցի նաև ԱՄՆ-ի Synopsys-ի ներկայացուցչի ելույթով: Էս վերջերս ես շատ եմ հետաքրքրված Տեսլայի մեքենաներով ու ինքը խոսում էր էլեկտրական մեքենաների մասին: Դրանց օգտագործման հարմարավետության, օդի աղտոտվածության մասին, և որ շատ կարևոր էր` չշրջանցեց նաև թերությունները, որոնք, ի զարմանս շատերիս, բավական շատ են (օրինակ` թանկարժեքությունն ու էլեկտրականության մեծ ծախսը):

Հույս ունեմ` հաջորդ սիմպոզիումին մեր ուսանողական 15 հոգանոց անձնակազմից գոնե մի քանիսը կներկայացնեն իրենց ելույթները ու այս անգամ մենք արդեն կլինենք ոչ թե դիտորդի, այլ մասնակցի կարգավիճակում: Բոլորիս մաղթում եմ հաջողություն:

 

Այս թեմայով