Այսօր մի շարք մտահոգ քաղաքացիներ հանրային քննարկում էին հրաիրվել` Երևանի ճարտարապետկան և պատմամշակութային դեմքը պահպանելու համար:
Քննարկմանը մասնակցում էին երգահան Արթուր Իսպիրյանը, կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, իրավաբան Վիկտոր Մնացականյանը, փիառ մասնագետ Թամարա Սարյանը, ճարտարապետ –դիզայներ Վահան Բալասանյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և այլք:
Քննարկման ժամանակ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել խորհուրդ, կամ հանրային վերահսկողության մեխանիզմներ` որպեսզի մտահոգ քաղաքացիները կարողանան մասնակցել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Պետք է ներկայացնել կոնկրետ, կոնստրուկտիվ առաջարկներ, մասնակցել նաև ավագանու նիստին, վերահսկել գործողությունները, հարկ եղած դեպքում դիմել դատարան, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ժամանակակից և գրագետ գոտիավորման մասին, պետք է լինի նաև օրենք Երևանի և Փոքր կենտրոնի մասին»,- մանրամասնեց նա:
Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ շուտով քննարկման է դրվելու Երևանի զարգացման ծրագիրը և ակտիվորեն պետք է մասնակցեն հանրային քննարկմանը, որը տեղի է ունենալու Նոյեմբերի 21-ին:
«Քաղաքապետարանում շատ են ուրախանում, որ մարդ չի գալիս, միայն մեկն է լինում` դաշնակցական, Երևանի բնակչության հուզող խնդիրները չեն դառնում ավագանու որոշումների, նախագծերի թեմա»- ընդգծեց Անահիտ Բախշյանը:
Ճարտարապետ Վահան Բալասանյանն էլ ընդգծեց, որ առաջին հերթին պետք է բարձրաձայնել Երևանի զարգացման գլխավոր հատակագիծ ունենալու հարցը, գլխավոր հատակագիծը հին է և ինչ ցանկանում, այն էլ կատարում են:
Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ նշեց, որ պետք է նվազեցնել քաղաքական ազդեցությունը, կոռուպցիոն ռիսկերը: «Ամբողջ համակարգը մեկը մյուսի գրպանը մտած է, ինչ ուզում են՝ քանդում են, պայթեցնում»,- ընդգծեց նա:
Քննարկման մասնակիցները կարծում են, որ պետք նաև օրենսդրական և կադրային լուրջ փոփոխություններ արվեն: Մտահոգ քաղաքացիների խորհուրդը վերջնական ձևավորումից հետո պատրաստվում իրականացնել ֆլեշ-մոբեր, քննարկումներ այդ թվում նաև պաշտոնատար անձանց հետ:
Աղբյուրն՝ այստեղ: