01 Նոյեմբեր 2016, 20:40
1631 |

Հայկական ՏՀՏ ոլորտի պատվիրակությունը Startup Istanbul միջոցառմանը

Հոկտեմբերի 5-11-ը հայկական ՏՀՏ ոլորտի պատվիրակությունը մասնակցում էր Ստամբուլում կայացող Startup Istanbul խոշոր տարածաշրջանային միջոցառմանը։

«StartupIstanbul» ֆորումը համախմբել էր 500-ից ավելի սթարթափերի, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների, ոլորտի առաջատարների: Հայաստանյան 10-ը ընկերությունները այդ  500 սթարթափերի շարքում էին ընտրված: Այն բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով՝

Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր

Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն

LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ

HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ

Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար

Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում

HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք

DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ

FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված

ArmNomads - խաղերի ծրագրավորում

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` եզրափակիչ փուլին, ավելի քան 4000 հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը:

Y combinator-ի գործընկեր Ադորա Չյունգը սթարթափերին խորհուրդ է տալիս դադարել մշտապես մտածել  գումարի մասին: «Կենտրոնացե՛ք ստեղծելու իրական արժեքներ: Դա ձեր հաջողելու նախապայմանն է»,- նշում է նա:

Արժեքների, կապիտալի ստեղծումը հնարավոր է միայն հարմարավետության գոտուց դուրս գալու պարագայում: StartupIstanbul-ի մեկ այլ բանախոս, ՛՛From The Other Side of The World՛՛-ի հեղինակ Էլմիրա Բայրասլին  սթարթափերին հորդորում է չակնկալել ստեղծել նորարություն՝ ապրելով հարմարավետության մեջ: «Նորարությունը ծնվում է անհարմարությունից: Դադարե՛ք արդարացումներ գտնել և պատասխանատվություն ստանձնեք»:

Ադորա Չյունգն էլ խորհուրդ է տալիսգաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող սթարթափի հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն ձեռնարկատերերը»:

Սթարթափում հաջողելու համար բանախոսները խորհուրդ են տալիս կանգ չառնել, չփնտրել ավելի լավ ժամանակ ձեռներեցությամբ զբաղվելու ու բրենդ ստեղծելու համար: Ստեղծել սեփական սթարթափի զարգացման ռազմավարությունը, գործել միասնական:

Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը: ՄԻՖ(MEF) (Թուրքիահամալսարանի փոխռեկտոր, թուրք ձեռներեցների շրջանում ազդեցիկ դեմքերից Էրհան Էրկուտը նշել է, որ  Հայաստանի և Թուրքիայի ՏՏ ոլորտների միջև համագործակցության մի շարք հնարավորությունների ներուժ է տեսնում: «Սա քաղաքականություն չէ, սա էկոնոմիկա է և բարեկեցություն»:

«StartupIstanbul»-ի մասնակից, HY PICTURES-ի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ արևմտահայ գրականության կոմիքսներով հետաքրքրվել են թուրքական հրատարակչությունները, և հնարավոր է՝ դրանք թարգմանվեն և տպագրվեն թուրքերեն լեզվով:

Հայաստանյան մասնակիցները պատմում են, որ թուրքիայի մասնակիցների հետ շփումներում խոչընդոտներ չեն եղել:

«Երբ թուրք մասնակիցները, հարցնում էին` որտեղի՞ց եք, ասում էինք` Հայաստանից, ասում էին՝ Հայաստանի՞ց եք, ինչ լավ է, որ եկել եք այսօր: Շփումը նույնն է, ինչ Պակիստանի, Ամերիկայի ներկայացուցիչների հետ, վերաբերմունքի տարբերություն մենք չենք զգում»,- ասում է StartupIstanbul-ի մասնակից, Earlyone սթարթափի ներկայացուցիչ Ֆլորա Բաբաջանյանը: 

Հայկական LiTech նորաստեղծ ընկերությունն արդեն իսկ Kworks թուրքական աքսելերատոր ծրագրի կողմից համագործակցության առաջարկ է ստացել:

Ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: Վերջինս մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական Միությունը:

 

 

 

Այս թեմայով