15 Հոկտեմբեր 2016, 16:47
20455 |

Չնկարահանված

Ամեն անգամ նրան տեսնելուց ափսոսում էի, որ Վան Գոգը երևանյան գետնանցումներով չի անցել, եթե նույնիսկ անցել էլ է, ապա կարևոր կտավ չէր ստեղծել: Ափսոսում էի, որ Սարոյանը 21-րդ դարի Երևանում ձմռանը չի զբոսնել, այլապես մենք կկարդայինք սպիտակամազ ծերունու մասին, ով հատընտիր լիմոններ էր վաճառում:

Մոտավորապես 80 տարեկան, բարձրահասակ ծերունուն երևանցիները հաճախ հանդիպած կլինեն Նոր Նորքի երկրորդ զանգվածի գետնանցումներից մեկում լիմոններ վաճառելիս:

- Բարև Ձեզ:

-…,- լռեց:

- Ինձ երկու հատ լիմոն տվեք, խնդրեմ,- ասացի և մեկնեցի 1000 դրամանոցը, ինձ համար սովորական էր, որ բարևիս չպատասխանեց: Արդեն գիտեի 500 դրամ է տալու և երկու լիմոն, քանի որ լիմոնների պարկի վրա միշտ գինը գրված էր: Նա տվեց 2 լիմոն և մոտի կոպեկների միջից դժվարությամբ, դողացող ձեռքերով առանձնացրեց 500 դրամ և մեկնեց ինձ, չէի ուզում վերցնել, բայց զգացի նրա ձեռքի սառնությունը, երբ կոպեկները փոխանցեց, արդեն վերցրել էի, անհարմար էր ետ տալը: Անհասկանալի պահվածքով մի քանի քայլ հեռացա, սակայն նորից ետ եկա սառը կոպեկներով 2 լիմոն ևս գնեցի: Ծիծաղեց: Մի բան փոխվեց, նա ինձ իր գույներով ու կերպարով միշտ հետաքրքիր էր, նրան երբեք ոչ ժպտալուց էի տեսել, ոչ էլ ծիծաղելուց: Խոսելու ոչինչ չունեի, շնորհակալություն ասել էի, բայց ուզում էի մնալ նրա մոտ:

-Մասիվո՞ւմ եք ապրում,- չգիտեի ուրիշ ինչ ասել, որ մի քանի վայրկյան ավելի շարունակվեր մեր շփումը: Նա ժպտաց: Ես նայում էի նրան, փոքր, կապույտ աչքերը, արև կուլ տված ծովերի նման փայլում էին:

- Դու էլ ես Մասիվում բնակվում:

- Բայց ես Մասիվից չեմ,- հենց այնպես ասացի ես:

- Ես էլ, ես Երևանցի եմ:

- Ցտեսություն, - այլևս ոչինչ չասացի ու գնացի լիմոնով թխվածք և լիմոնով աղցան պատրաստելու: 

 Նա դարչնագույն տաբատ էր հագնում, դարչնագույն գլխարկ, մուգ կանաչավուն  վերարկու, նա փոքր փայտե սայլակի վրա սպիտակ պարկով ամեն օր բնակարանից գետնանցում էր տանում լիմոնները: Գետնանցումում փոքր վաճառքի կետեր կային, գրքավաճառը, ծաղկավաճառը, հագուստ վաճառող շատախոս կինը նույն գետնանցումում էին աշխատում, սակայն նրան երբեք  զրուցելիս չէի տեսել, փոխարենը ինձ համար նրա կենսագրությունն էի հորինել:

Հորինված  կենսագրություն՝ներկա ժամանակով

Նա բծախնդիր մարդ է: Կինը երիտասարդ տարիքում է մահացել,  աղջիկ չունի (եթե ունի էլ, ամուսացել է ոչ հոր սրտով մարդու հետ, իսկ ծերունին խռոված միայն երբեմն առ երբեմն թոռների հետ է շփվում): Երկու տղա ունի. արտագաղթել են, սկզբից փոքրը (ավելի ճարպիկը) գնաց Հայաստանից, հետո եղբորն էլ տարավ, իսկ ծերունին բարդ բնավորություն ունի, չի գնում մոտները կամ ինչ իմանաս, պարզապես չի ուզում գնալ Երևանից: Հետաքրքիրը նրա բնակարանն է՝ ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկի 2 սենյանականոց բնակարանում է ապրում, պատուհաններին հաստ կտորից ծաղկավոր վարագույրներ են կախված, որոնք մաքուր տեսք ունեն, բայց վերջին քսանամյակում  լվացած չեն լինի: Հյուրասենյակում հին կահույք կա, որն էլ հանգուցյալ հարևանի ձեռքի գործն է, առաջ երբ տանն հյուրեր էին գալիս կինը գովաբանում էր հարևանի ձեռքի շնորքն ու բոլորին ներկայացնում, որ կահույքը պատրաստված է Աշտարակից բերված պոպոկի փայտով: Իսկ նրա ձեռքրեը մատնում էին տարած ծանր հիվանդության մասին, որը ալկոհոլի հետ սեր ունենալուց էր առաջացել: Այժմ նա չի խմում չի ծխում, իսկ բնակարանից երկար տարիներ չհագած արդեն քայքայվող հագուստի և լիմոնի հոտ է գալիս: Սիրում է հաց ու կարագ ուտել, իսկ լիմոնով թեյ չգիտեմ սիրում է, թե ոչ, սակայն միշտ խմում է:  Լուրերին ռադիոյով է հետևում, հեռուստացույցով միայն ֆուտբոլ է նայում՝ Արարատ 73-ից հետո Դորտմունդի Բորուսիային է երկրպագում, չգիտեմ պատճառը կամ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունն է թիմում կամ էլ մարզաշապիկի լիմոնագույնը: Ինչ-որ գործարանում պահեստապետ է աշխատել և կապտավուն Մոսկվիչ է ունեցել, ննջասենյակի պատից կախված եղնիկներով գորգի վրա փակցված նկարում ինքը, կինն ու երեխաներն են՝ մեքենայի ֆոնին:  Հարևան կանայք նրան մեղադրում են միայնակ ապրելու և տղաների մոտ չգնալու համար, իսկ տղամարդիկ անհասկանլի վերաբերմունք ունեն, մանավանդ նրանք, ովքեր ժամանակին բաժակի ընկերներ էին: Թե նա ինչ է մտածում այս ամենի մասին չգիտեմ,  բայց գիտեմ, որ անընդհատ մտածում է մի մեծ բան կորցնելու համար, կամ ափսոսում է, կամ մեղադրում ինքն իրեն, ինչևէ…

Իրականում ես նրա մասին ոչինչ չգիտեմ, սա իմ հորինած բազում կենսագրություններից մի տարբերակն էր: Միշտ մտածում էի, որ նրա մասին վավերագրական ֆիլմ եմ նկարահանելու: Կենսագրությունն հորինում էի, որովհետև նրա գույներն ավելի հետաքրքիր էին, քան որևէ մեկի ճակատագիրն ու պատմությունը: Ժամանակի հետ փոխեցի երևանյան հասցես, մոտ մեկ տարի առավոտներն այլևս չէի հանդիպում լիմոններ վաճառող ծերունուն, սակայն նրա  սառը ձեռքը, կապույտ աչքերը, ծիծաղն ու դեղին երանգը միշտ հիշում էի: Երբ որոշեցի “Մի պտղուց Երևան” շարքը պատրաստել առաջինը հիշեցի նրա մասին:

 - Պապիկը մահացել է,- իմ հարցին, թե որտե՞ղ է լիմոններ վաճառող ծերունին, պատասխանեց գետնանցումում ծաղիկներ վաճառողինը:

 Ես անգամ նրա անունը չգիտեմ… 

Հ.Գ. (Խմբագրության հավելումը 16.10.2016 )

 Սոնայի այս  հրապարակումը  շատերին հուզեց, և գտնվեցին անգամ մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում էին  այս պապիկին և կիսվում  նրա հետ ունեցած իրենց զանազան հուշերով: Սիրով հավելում ենք հոդվածը մեր ընթերցողներից մեկի  հուզիչ  մի հիշողությամբ:

«Լիմոն Պապին». հիշողությունը` Համլետ Խնկոյանի

«Ամեն ինչ սկսվեց 2014 թ․ դեկտեմբեր ամսին։ ՀՊՏՀ ընդունվելուց 1 ամիս անց տեղափոխվեցի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ՀՊՏՀ «Ուսանողի տուն» ու ամեն անգամ տանից խանութ գնալու ճանապարհին՝գետնանցումի տակ, հանդիպում էի մի բարի պապիկի , ով առավոտյան ժամը 10-ից մինչև 00։00 նստում էր մի 20 լիտրանոց տարայի վրա, և լիմոն էր վաճառում , օրական մոտ 30 հատ՝ աշխատելով մոտ 1000 դրամ։Պապիին շատ էի հարգում, որովհետև լինելով 77 տարեկան նա չէր մուրում , այլ իր հալալ քրտինքով աշխատում և պահում էր կնոջն ու տղայի (տղան անաշխատունակ էր) ընտանիքը։Մի անգամ պապիկի մոտով անցնելիս, սովորականի պես գնեցի լիմոն ու նա մի տեսակ սառը հայացքով ինձ ճանապարհեց , իդեպ նա միշտ էր սառն ինձ հետ։Այդ անգամ որոշեցի հասկանալ՝ ինչու է այդպես և երբ մոտեցա, պապիկն ինձ ասաց , որ նա ունի տեսողության խնդիր, և միայն շատ մոտիկից է կարողանում պատկեր ստեղծել, իսկ հեռվից տարբերում է միայն գույները։Այդ փաստը ինձ շատ տխրեցրեց , և ես որոշեցի ինչ որ կերպ օգնել պապիկին՝ վիրահատել աչքերը։ Այդ մասին գրառում արեցի տարբեր սոցիալական կայքերում և, ի զարմանանս ինձ, այն մեծ արձագանք գտավ շատ մարդկանց շրջանում,այդ թվում ՀՊՏՀ ՈՒԽ – ի նաղագահ Սերգեյ Խառատյանի , Հայ Կրթական Հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանի։Հաջորդ օրը կրկին գնացի պապիկին այցելության , բացատրեցի իրավիճակը և վերցրի նրա տան հասցեն։Այցելեցի նրա տուն, ծանոթացա տանեցիների հետ և խնդրեցի ինձ տրամադրել պապիկի բոլոր փաստաթղթերը՝ աչքերի վիրահատությանը օգնելու նպատակով։Հաջորդ քայլս եղավ այն,որ գնացի Սուրբ Գրիքոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ ասացին, որ փաստաթղթերի հիման վրա(նա ուներ 2-րդ կարգի հաշմանդամւթյուն) պապիկին անվճար կվիրահատեն։ Ամեն ինչ լավ էր ընթանում , ինձ ուղարկեցին բաժանմունքի վարիչ Անուշ Արծրունովնայի մոտ, ով տեղեկացրեց ,որ վիրահատությունը կարվի անվճար, բայց ոսպնյակի գումարը (մոտ 80 հզ․ դրամ) պետք է վճարել։Թղթերը լրացնելիս նա հարցրեց պապիկի ազգանունը,իսկ ես պատասխանեցի՝չգիտեմ:Բաժանմունքի վարիչին թվացել էր,որ Պապիկը իմ պապին է։Հասկանալով ,որ նա անծանոթ է, Ա․Արծրունովնան ասաց,որ ինքը կվճարի ոսպնյակի գումարը։Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց,իսկ դեղերի հարցում օգնեցին ՀՊՏՀ ՈՒԽ-ն և Հայ կրթական հիմնարկությունը։Այդ դեպքից հետո այցելությունները Պապիկի տուն կրեցին հաճախակի բնույթ։Մենք մտերմացանք և այս տարի Ամանորին էլ Ձմեռ Պապիկի գլխավորությամբ այցելեցինք Պապիկի ընտանիքին։ Մոտ կես տարի է անցել նրանից,որ մարդիկ գետնանցումով անցնելիս էլ չեն տեսնում Լիմոն Պապիկի բարի ժպիտը։Ապրիլի 6-ին նա մահացավ՝թողնելով մեզ քաղցր հուշեր»։

Այս թեմայով