14 Հոկտեմբեր 2016, 11:22
1771 |

«Նամակ հայ զինվորին»

Թանկագի´ն զինվոր

 

Ների՜ր, քեզ վաղուց չեմ գրել: Այնքա՛ն զբաղված էի. դպրոց, համալսարանի ընտրություն, ախր… բայց ո՜չ, սա արդարացում չէ. չէ՞ որ նույնիսկ արթնանալուս համար քե՜զ եմ պարտական, չէ՞  որ նույնիսկ ամենօրյա բարևն ասելիս քե՜զ պետք է հիշեմ, քանզի արևն այսօր էլ  քո՜ շնորհիվ է բարի… հը՛մ, Դավի՞ թ, Տիգրա՞ն, թե՞ Ավետ: Հա՜յ զինվոր, քեզ տարբեր անուններով եմ կոչում, որովհետև զինվոր բառն այնքա՛ն հավաքական է, այս մեկ բառը միավորում է հազարավոր եղբայրներիս:  Դավի՜թ, քո մեջ այնքա՛ն շատ են անվանդ դիմագծերը, Դավթի ամբողջ խիզախությունն ու ուժը հոգումդ ես կրում: Տիգրա՜ն, ակամայից անվանդ կողքին ցանկանում եմ դնել Մեծ պատվանունը, այնքա՛ն մեծ ես քո տեսակով ու այնքա՛ն արժանի Տիգրան Մեծի հետնորդը լինելուն: Ավե՜տ, երանի՛ Հայաստանի երկնակամարում թևածող աղավնին անվանդ պես ավետաբեր լինի և միշտ խաղաղության թևով թևածի հայոց անխախտ բարձունքում:

«Ա՜ռ թուրդ, հա՜յ զինվոր, կռվի՜ր, մարտնչի՜ր այնպես, ինչպես լոկ քե՜զ է հատուկ, միայն քեզ՝ արիական ազգի մարտունակ զավակիդ»,-գուցե հենց այս խոսքերով են քեզ գոտեպնդել ու բանակ ճանապարհել, Արցախյան պատերազմին ճանապարհելիս էլ երևի այս խոսքերով են քաջալերել ու հաղթանակի հույս տվել: Երևի այս խոսքերն են կողպել զինակոչիկի մոր սիրտը, որ թաքուն արտասուքից հետո թույլ է տվել որդուն պատերազմ գնալ: Իսկ պատերազմ գնալը հավասարազոր է գիտակից մահվան, այն մահվան, որ ավելի շատ կյանք է կամ գոնե նոր կյանքի սկիզբ: Մահ, որին հպարտությամբ են դիմավորում, կյանքը զոհելով՝ հերոսանում ու անմահանում հայոց պատմության ամենաարյունոտ, բայց և ամենալուսավոր էջերում, ամենահուզիչ, բայց հպարտություն ծնող արխիվներում: Պատերազմ գնալ, նույնն է, թե մոր անքուն գիշերների պատճառը դառնալ, սակայն, նաև նպաստել, որ մայրդ թեկուզ անքուն գիշերվանից հետո կրկին արևածագ տեսնի, և այն էլ՝ իր մայր հողում:

Գիտե՞ս, դեռ մանկուց փնտրում եմ իմ հերոսին: Առաջին դասարանում ես նրան մուլտֆիլմում էի գտել, տարիներ անց՝ գրքում, իսկ այսօր…Այսօր ես նրան հանդիպեցի լուսադեմին, երբ նայում էի արևի շողերի լուսավոր շղարշով պատված քաղաքիս: Քառօրյա պատերազմից հետո թռչունները սկսել են այլ ընթացքով ճախրել: Նրանք երկնքում ազատության, անկախության ու հաղթանակի բույն են կերտել ու ամեն անգամ արծվային թռիչքով հաստատում են ազատության հույսով տոգորված հայրենասերի ներուժը: 18-ամյա հայրենասերի, որ իր կյանքը զոհեց հանուն անկախ Հայաստանի, հանուն ինձ ու Հայաստանի խաղաղ երկնքի:

Շնորհակալ եմ յուրաքանչյուր այգաբացի, խաղաղ քնի և անկախ երկրի համար, հա՜յ զինվոր:

Պետք է ավարտեմ նամակս, հայոց պատմության դասագիրքս ինձ է սպասում: Քայլ ար առա՜ջ, հա՜յ զինվոր, դու՜, որ պատերազմ ես գնում, բայց երազանքդ խաղաղությունն է… Դու՜, որ մարտնչում ես ինքնամոռաց, բայց ո՜չ երբեք հայրենիքդ մոռացած: Ծառայի՜ր խաղաղությամբ ու վերադարձի՜ր, որ մորդ դեմքին միշտ արևոտ ժպիտ շողա, որ երջանկությունից ու սիրուց փայլեն քո կողակից հայուհու աչքերը, ով սպասել է քեզ, ու ով հպարտ է՝ կողքին հերոս ունենալով: Ծառայի՜ր ու վերադարձի՜ր, որ շարունակվի քո քաջ տոհմածառը, ու աշխարհում ծնվեն նոր Դավիթներ, Տիգրաններ, Ավետներ ու Արեգներ, և վերջիններիս միշտ ուժ տվող Անիներ ու Տաթևներ: Քեզ է սպասում մի ամբողջ ազգ, քո օրոք պետք է գրվեն հայոց պատմության նոր ու ավելի փառահեղ էջեր:

Վերադարձի՛ր, հա՜յ զինվոր:

Մեծ սիրով և հարգանքով` քո կրտսեր քույրիկ

Միլեն Բաղդասարյան

Այս թեմայով