21 Մարտ 2013, 14:02
110 |

Արևմտահայերեն մտածողը

Սագո Արեանին նկատեցի համացանցում, նա ակտիվորեն տարածում էր իր արևմտահայ բլոգը' «Զիլ խոսքը», մասնակցում քննարկումների, մտքեր արտահայտում, որոնք վերաբերում էին Հայաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: Բեյրութից Երևան եղած ճանապարհն ինտերնետի միջոցով զրոյացել էր, ու արևմտահայ գրող, հրպարակագիրը դարձել էր մեր իրականության մի մասը: Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ Սագոն իր ընտանիքով վերջնականապես տեղափոխվել է Հայաստան: Հանդիպելու և պլանների մասին զրուցելու պայմանավորվածությունը ձեռք բերեցի հենց համացանցով, հետաքրքրվեցի, թե որտեղ է հիմնականում լինում: Ասաց' կլուբում, պարզվեց, որ դա նույն The club-ն է: Գնացի, պատվիրեցի նարնջի հյութ ու սպասեցի իմ վիրտուալ ավագ ընկերոջը: Ուղիղ նշանակված ժամին ներկայացավ ու ձեռքով բարևեց ինձ' զուգահեռ արդարանալով'«Ձեզ մոտ ընդունված չէ կանանց ձեռքով բարևել, վերջերս մի կնոջ բարևեցի, ճիշտ չընկալեց»: Արդեն իսկ հետաքրքիր սկիզբ էր:

Սագո Արեանը, ով իրականում Ղազարյան ազգանունն ունի, պարզապես Բեյրութի գրական խմբակներից մեկը հաճախելիս որոշել էր ստորագրվել «Արեան». ավելի ազգային էր: «Այդ ժամանակ, դա շատ ոգևորող էր, բայց տարիքին զուգահեռ մարդը բեռնաթափվում է նման բաներից, գիտակցում, որ իրականում աշխարհի, մարդկության մի մասն էս ու պիտի խոսի նրանց լեզվով: Կարիք չկա հայ լինելու փաստով դիմացինի աչքը հանել' ես հայ եմ, ես հայ եմ»:

Գրական ասպարեզում Սագո Արեանն իր առաջին քայլերն արել է դեռ չորրորդ դասարանում: Հիշում է, թե ինչպես էր ատում հայոց լեզվի ուսուցչին ու շատ վատ էր սովորում: «Բայց հանկած ուսուցիչս փոխվեց, եկավ նորը: Նա ասաց, որ պետք է նամակ գրել քաղբանտարկյալներին, լավագույն նամակը կտպագրվի: Ես էլ գրեցի: Հավատս չէր գալիս, երբ իմացա, որ նամակս տպագրվել է: Հայերենի հանդեպ մի տեսակ գուրգուրանքով լցվեցի, ու ամեն ինչ էդտեղից էլ սկսվեց»,-պատմում է Սագոն:
Սագոյի նամակը տպագրվեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթում: Նամակին հետևեցին այլ նամակներ, թղթակցություններ, սկզբում՝ դաշնակների «Ռազմիկ» թերթում: Գրում էր պաթետիկ, հայրենասիրական ոճով: Ժամանակներն էին այդպիսին, արդարանում է. ևս մեկ անգամ:

«Մեր կյանքը բաժանված էր երկու մասի' պիտի ընտրեիր կամ զենքը, կամ գրիչը: Դե, ես էլ ընտրեցի գրիչը: Հիմա, երբ հիշում եմ գրվածքներս, ծիծաղս գալիս է, ախր շատ վերամբարձ բաներ էի գրում»: Ժամանակի ընթացքում Սագո Արեանի գրական նախասիրությունները փոխվեցին: Շուտով նրան «այլախոհ» պիտակեցին: Իսկ նա շարունակում էր գրել, այս անգամ՝ «Արծիվ» թերթի համար: «Գրում էի Ասալայի, պաղեստինյան շարժման, հեղափոխության մասին: Բայց որոշ ժամանակ անց էդ քաղաքական ջիղը մարեց իմ մեջ»,-խոստովանում է գրողը: Սագոն որոշեց կենտրոնանալ պոեզիայի վրա, հրատարակեց բանաստեղծությունների երկու հատոր: Առաջինը կոչվում էր «Դարդամ տողեր», մյուսը' «Գանայի հարսանիքը»:

Այդ ամենից անցել է տասը տարի: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ Սագոն առաջին անգամ այցելեց Հայաստան: «1995-ին առաջին այցելությունս էր, Հայաստանն այդ ժամանակ գորշ էր, բայց ես սիրեցի այն: Ես չայցելեցի լյուքս վայրեր, այլ գնացի ազատագրված տարածքներ' Կովսական: Բախտս չբերեց մասնակցել Արցախյան ազատամարտին, տղաներն արդեն գնացել էին…», - պատմում է Սագոն:

Այդ օրից ի վեր ամեն տարի այցելում էր Հայաստան, մինչև վերջնականապես տեղափոխվեց այստեղ: Սագոն անկեղծորեն ասում է, որ իր եկած օրից մինչև հիմա երբևէ չի հիասթափվել Հայաստանից: «Բազմաթիվ հայեր վախենում են ներս մտնել, իրենք իրենց տանն են, ունեն բանալիները, բայց վախենում են իրենց զգալ, ինչպես տանը: Ես ասում եմ' ներս մտեք, դրսում ցուրտ է, կմրսեք»:
Լեզվական խոչընդոտները Սագոն հաղթահարել է՝ հայտարարելով, որ երբեք չի հրաժարվի արևմտահայերենից: «Մեկ-մեկ ընկերներս խնդում են, երբ փորձում եմ արևելահայերեն խոսալ: Ես արևմտահայերեն եմ մտածում, նույնիսկ իմ բարևի մեջ ուրիշ բան կա», - համոզված է Սագոն:

Բայց դա չի խանգարում նրան սիրել այն ամենը, ինչ շրջապատում է իրեն Հայաստանում: Շրջապատի մարդկանց էլ փորձում է խորհուրդներ տալ՝ ինչ անեն, որպեսզի ի վերջո իրենց տանը զգան: Իհարկե, կան բաներ, որ Սագոյին նույնպես դուր չի գալիս: «Մարդկանց գորշությունն անտանելի է: Բեյրութից եկած ընկերներս ասում են' էստեղ մարդիկ խնդալ չգիտեն: Ես էլ ասում եմ, եղբայր, սա Կովկասն է, այստեղ կամ սիրում են, կամ' հայհոյում: Բայց նույն ժամանակ ոչ մի տեղ անծանոթ մարդիկ քեզ չեն հարցնի' տղա ջան, սովա՞ծ ես, ջուր կուզե՞ս, մնալու տեղ ունե՞ս»:
Սագոն ասում է, որ սա է իր տեղը, այստեղ ապրելով նա իրեն ավելի մոտ է զգում Արևմտյան Հայաստանին: Ճիշտ է, Բեյրութում ինքը լավ տուն ուներ, մեքենա, բարձր վարձատրվող աշխատանք, բայց այդուհանդերձ իրեն հիանալի է զգում հենց այստեղ ու հենց այսպես: Ուզում է, որ երեխաները ռուսերեն սովորեն' ի հեճուկս իրեն, ու դառնան իսկական աշխարհաքաղաքացի: Ի դեպ, Հայաստանը նաև երեխաների սրտովն է, նրանք ավելի հանգիստ են ու ապահով:

Այժմ Սագոն աշխատում է մի վեպի վրա, որը նրան ամբողջությամբ կլանել է:
«Ես նման բան չէի զգացել արձակի հանդեպ, ինձ թվում է՝ նման զգացողության պատճառը նաև հայկական հողն է», - խոստովանում է գրողը:

Այս թեմայով