28 Ապրիլ 2016, 18:51
2822 |

Աշխարհի ամենախելացի քաղաքները

Խելացի քաղաքները (smart cities) կիրառում են նորարարական տեխնոլոգիաներ՝ կյանքի որակը բարելավելու, էներգիայի պահանջը նվազեցնելու և միջավայրն ավելի մաքուր պահելու նպատակով: Ահա այդ քաղաքներից մի քանիսը: Այս ցանկում Երևանը դեռ չկա:

1.Սան Ֆրանցիսկո

Սան Ֆրանցիսկոն հյուսիսամերիկյան առաջատար քաղաքներից է` որպես ապրելու համար հարմարավետ վայր:  Վերջին երկու տասնամյակում ամերիկացիները  աշխատել են այն ավելի խելացի դարձնել: Այնտեղ կա էլեկտրական փոխադրամիջոցների համար նախատեսված ենթակայան, որը լիցքավորում է 110 հասարակական կանգառներ: Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հատուկ համակարգ է ներդրվել: Սան Ֆրանցիսկոն հանրայնացրել է քաղաքային ենթակառուցվածքներին վերաբերող գրեթե բոլոր տվյալները` հնարավորություն տալով ծրագրավորողներին և ստարտափ ընկերություններին նորամուծություններ մշակել:

Photo Source: theneweconomy.com
Photo Source: theneweconomy.com

2. Ամստերդամ

«Կանաչ» քաղաք դառնալու համար Ամստերդամը համագործակցել է փորձառու կազմակերպությունների հետ: Philips-ը, Cisko-ն ու IBM-ը օգնում են տեխնոլոգիական նորամուծություններ անել քաղաքում: Քաղաքի կանգառները, գովազդային վահանակները և լույսերը լիցքավորվում են արեգակնային էներգիայով, որի շնորհիվ էլ կրճատվում են ծախսերը: Հազարավոր տներ ապահովված են ավտոմատ անջատվող լուսային դիոդներով: 

3.Տոկիո

Ճապոնական խոշոր ընկերությունները հեղափոխություն են անում ոչ միայն Տոկիոում, այլև ամբողջ աշխարհում: 2006-ին Տոկիոն սկսեց ակտիվորեն կանաչապատվել: Իշխանությունների նպատակն է մոտ 1 մլն ծառ տնկել, ինչը քաղաքը կվերածի կանաչ կղզու: Panasonic ընկերությունը կառուցել է էկո գյուղ, որտեղ տարբեր վնասակար արտանետումները գրեթե զրոյական են:  Տոկիոյում ստեղծել են տնային պայմաններում աշխատող ավտոմատ համակարգ, որը կանխատեսում է եղանակն ու հուշում երբ սկսել լվացքը: 

 

4.Քսինջիանգ

Չինական այս փոքրիկ քաղաքում ամեն մի կանգառ ապահովված է էլեկտրոնային էկրանով, որ ցուցադրում է ավտոբուսների ժամանման ժամերը: Այդ տվյալները հնարավոր է տեսնել նաև բջջային հեռախոսներով: Տները ապահովված են տագնապի կոճակներով: Սեղմելով դրանք`բնակիչները  ազդանշան են տալիս արտակարգ իրավիճակի մասին: 

5.Սիեթլ

Սիեթլը նույնպես դասվում է ամենախելացի քաղաքների շարքին: Սիեթլում իջեցրել են հարկերը բոլոր այն ձեռնարկատերերի համար, ովքեր կանաչ տեխնոլոգիաներ են կիրառում: Էներգիայի պահանջն այստեղ երբեք բարձր չի եղել: Սիեթլն ունի նաև ածխածնի ամենաթույլ արտանետումները: 

 

6.Կոպենհագեն

Դանիան ուրբանիստական պլանավորման ավելի քան 90 տարվա փորձ ունի: Դանիացիները ուրբանիստական պլանավորման  հանձնաժողով են ստեղծել դեռևս 1925-ին: Զարմանալի չէ, որ Կոպենհագենը նույնպես աշխարհի ամենախելացի քաղաքներից է: Այն նպատակ ունի մինչև 2025-ը զգալիորեն նվազեցնել արտանետումները, որը կխթանի կանաչ տեխնոլոգիայի աճին: Դանիայի մայրաքաղաքը նաև ամենաէներգախնայող քաղաքներից է:  Երբ քաղաքում երթևեկություն չկա, լույսերն անջատում են: 

7.Ստոկհոլմ

2010–ին Եվրամիությունը Ստոկհոլմին տվեց «2010-ի Եվրոպայի կանաչ մայրաքաղաք» կոչումը: Եվրոպայի հյուսիսում գտնվող այս գեղեցիկ քաղաքը շատ լուծումներ է գտել «կանաչ» փիլիսոփայությանը համապատասխանելու համար: Այնտեղ մոտ 1000 զբոսայգի կա (դա քաղաքի 30%-ն է կազմում): Բնակչության 90%-ը ապրում է կանաչ տարածքներում: Նրանք ունեն նաև աղտոտված ջրի մաքրման համար նախատեսված 2 գործարան: Ստոկհոլմում կա  մոտ 3000 ընկերություն, որոնք քաղաքը էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու նպատակով կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ: 

8. Վիեննա

Վիեննան աճող քաղաք է, այն ունի ավելի քան 1.7 մլն բնակչություն: Քաղաքի բնակչության ավելի քան 90%-ը հեշտությամբ կարող է օգտվել հասարակական տրանսպորտից: Քաղաքն ունի ավտոմատացված քարտային համակարգ, որի միջոցով հաշվարկում են երթևեկության վճարները՝ տրանսպորտի ցանկացած տեսակի համար: Սա շատ կարևոր գործոն է, քանի որ տրանսպորտից օրական մոտ 1.3 մլն ուղևոր է օգտվում:

9.Նյու Յորք 

Չնայած նրան, որ Նյու Յորքը աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից է, այն ևս  դասվում է կանաչ քաղաքների շարքին: Քաղաքի պատմական կենտրոնական զբոսայգին հսկայական տարածք է զբաղեցնում` մխրճված երկնաքերերի մեջ:Այն նյույորքցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրն է, այստեղ կարելի է քարտերով հեծանիվ վարձել ու հետո թողնել այգու ցանկացած վայրում: Այստեղ այգիներ կան անգամ շենքերի տանիքներին: 

10. Սանտյագո

Շարքն ամփոփում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն:  Սանտյագոյում նույնպես գործում է տրանսպորտային էլեկտրական համակարգ: Քաղաքը ուշադրությունը կենտրոնացրել է նաև բնակարանային ավտոմատացված համակարգերի վրա: Այստեղ նույնպես տարածում ունեն արեգակնային էներգիայով աշխատող կայանները: 


Այս թեմայով