02 Ապրիլ 2016, 20:21
1520 |

Սիրում եմ Երևանի…

ImYerevan.com-ը բաց հարցում է անցկացրել, որին մասնակցել են երևանցիներն ու մեր սիրելի մայրաքաղաքի հյուրերը: Ի թիվս այլնի, նրանք պատասխանել են նաև «որո՞նք են ձեր սիրելի վայրերը Երևանում և ո՞ւր խորհուրդ կտաք այցելել» հարցերին: Եվ այսպես`

1. Կասկադ` Գաֆեսճյան քանդակների պարտեզի և արվեստի կենտրոնի հետ միասին: Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար Կասկադը ոչ միայն աստիճաններն են, այլև այդ ամբողջ տարածքը, պուրակը, Թամանյանի արձանը և այլն:  

 

2-րդ հորիզոնականում Կասկադի «հարևանն» է` ժողովրդական լեզվով ասած` Օպերան, կամ` Ազատության հրապարակը: Այն կառուցվել է 1930-ականների սկզբին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Հենց թատրոնին կից լինելու պատճառով էլ ժամանակին կոչվել է «Թատերական հրապարակ», իսկ 1991 թվականից վերանվանվել` «Ազատության»։ Հրապարակի դեմքը դարձած Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի բրոնզե և գրանիտե արձաններն այստեղ տեղադրվել են 1957 թվականին:

 

3. Հյուսիսային պողոտայով առաջանալով` կհասնենք հարցման արդյունքում 3-րդ հորիզոնականում հայտնված Հանրապետության հրապարակ` իր երգող շատրվաններով: Բուն հրապարակը ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի, կառուցապատվել 1926-ից 1958 թվականներին: Իսկ շատրվաններն այստեղ հայտնվել են 1953 թվականին, և դրանից մոտ 20 տարի անց էլ սկսել են «երգել»:

 

4. Ծիծեռնակաբերդ. Հետաքրքիր է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համալիրն ու թանգարանը հաճախ են հանդիպում «տեսարժան և սիրելի» վայրերի ցանկում: Այն համայն հայության համար դարձել է յուրատեսակ ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին։

 

5. Հաջորդը Մատենադարանն է: Ասում են` առաջին Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել: Հայերեն ձեռագիր մատյանների ներկայիս խոշորագույն պահոցը ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։

 

ImYerevan.com-ը բաց հարցման մասնակիցները որպես սիրելի վայր են նշել նաև Պատմության թանգարանը, Էրեբունին, Վերնիսաժը, Թումոն, Փարաջանովի թանգարանը, Աբովյան փողոցի, պոնչիկանոցը, Դոլմաման և այլն:

 

Այս թեմայով