31 Դեկտեմբեր 2015, 15:47
1686 |

Ինչպիսի՞ն էր 2015-ի Երևանը

Մենք` քաղաքի շարքային բնակիչներիս, «Վարդագույն քաղաք»-ի փոփոխություններն արագ ենք նկատում. լավի համար ուրախանում ենք, վատի համար` տխրում, երբեմն էլ` արտահայտվում: ImYerevan-ը տարեմուտին ընդառաջ հնարավորոըթյուն է ընձեռել տարբեր ասպարեզներում հայտնի ու սիրելի քաղաքացիներին` ճարտարապետից մինչև գրող, կիսելու քաղաքի ներքին և արտաքին միջավայրին վերաբերող դրական և բացասական փոփոխությունների մասին իրենց խոհերը, շուրջ մի տարի քաղաքի հետ ունեցած իրենց ներքին երկխոսությունը բացելու, խոսելու քաղաքի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին ` պատասխանելով երկու հետևյալ չփոփոխվող հարցերին.

1. Ի՞նչ կարող էիք անել քաղաքի համար, որ չեք  արել այս տարի:

2. Որոնք են  եղ՞ել այս տարվա քաղաքի դրական ու բացասական փոփոխությունները: 

Արսեն Կարապետյան (ՇուռԴաբավոգ),  ճարտարապետ

1. Եթե անձամբ իմ մասին է խոսքը, ապա առանձնապես օգուտ չեմ տվել քաղաքին, փորձել եմ մի քանի խնդրի վրա ուշադրություն հրավիրել, բարձրաձայնել, բայց, ինչքան որ ես եմ հասկանում, մեր պատկերացրած քաղաքի համար պայքարի այս փուլը մենք բոլորս տանուլ ենք տվել: Ես երկու կետ կառանձնացնեի․

*Ժառանգության պահպանում, պաշտպանություն եւ վերակենդանացում` այս մասով կատարյալ պարտություն, վառ օրինակ՝ քանդված դպրոցի շենքը, որը նախագծել էր Մարկ Գրիիգորյանը (վերջին դեպքերից):

*Ժամանակակից համաշխարհային ճարտարապետական պրոցեսներից կտրված լինելը եւ ամենինչից հետ մնալը: 20 տարի կորցրել ենք, անում ենք 99%-ով ժամանակավրեպ ճարտարապետություն

2. Այս տարի հատուկ փոփոխություն չեմ կարող մտաբերել: Ինչ-որ բաներ քանդվեցին, ինչ-որ բաներ կառուցվեցին: Բայց իհարկե, քաղաքի գլխավոր իրադարձությունը, որպես խորհրդանշական մշակութային եւ քաղաքաշինական երևույթ, Աֆրիկյանների տան քանդելն էր…

Հասմիկ Սիմոնյան, գրող, բանաստեղծ

1. Ամենալավն ինձ մոտ բանաստեղծություն գրելն է ստացվում, և եթե այդ բանը քիչ եմ անում, հետևություն. այս տարի ավելի շատ վատ բան եմ արել, քան՝ լավ: Քանի որ բանաստեղծություն գրել, նշանակում է քաղաքի օրերին ավելացնել հնարավոր ժամանակ ու տարածություն՝ հնարավոր դեպքերի լինելիությամբ: Չգրելով՝ կրճատել եմ քաղաքի ժամանակը՝ ի տեղ տալով այն բացասականին, որի հակընդդեմը նախ՝ պիտի գրվեր, որ հետո լիներ:

2. Դրական փոփոխություններն առաջին հերթին ինձ համար գրի, գիտելիքի շուրջ կատարվածն են, իսկ դրանք քիչ չեն, «Մետրո» գրախանութ՝ Բարեկամության անցումում, «Դարակ» հրատարակչութան բացումը, «Բարձր գրականություն» հաղորդաշարը, Բունtv-ի գիտակարգերը: Բացասականը ես միշտ կապում եմ խոսքի բացակայության հետ: Եթե խոսքը լինի, ինչպիսին էր, օրինակ, Սիսթըմի ու հանդիսատեսի միջև եղած զրույցը՝ վստահելի, էներգիայի փոխատեղմամբ, կփոխվի որակապես շատ բան, շենքեր չեն քանդվի, ցույցերը թամաշայով չեն փոխարինվի, այո-ն չէր անցնի և տարոն պարոնին ամեն անգամ չէինք ասի շնորհակալություն, որ գետերը աջ ու ձախ կողմ ունեն, արևը մայր է մտնում ու դուրս գալիս, երկրագունդն էլ պտտվում է անդադար:

Արտավազդ Եղիազարյան ` «Երևան»  քաղաքի ամսագրի գլխավոր խմբագիր

1. 2015 թվականին, կարծես թե, լուրջ փոփոխություններ Երևանում տեղի չեն ունեցել, որը, հաշվի առնելով վերջին տարիների փորձը, արդեն ինքնին դրական փաստ է: Իհարկե, բազմաթիվ հարցեր այդպես էլ չլուծված մնացին (օրինակ՝ վաղուց խոստում էր տրվել, որ ավտոբուսները կփոխարինեն բոլոր երթուղայիններին, կամ «Զվարթնոց» օդակայանի պատմական շենքի ճակատագիրը):

2. Այդուհանդերձ, այս տարի եղավ մի իրադարձություն, որի նմանը վաղուց չէր եղել Երևանում: #ԷլեկտրիկԵրևան շարժումը բոլորովին նոր շունչ տվեց քաղաքին և դրա գլխավոր պողոտային ու քաղսքացիներին՝ անկախ շարժման վերջնական արդյունքներից:

Զարինե  Բուդաղյան,`Թումո տեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար

1. Ինչպես Երևանի այնպես էլ այլ քաղաքների համար, որտեղ ունենք Թումո կենտրոններ, մենք  միշտ փորձելու ենք անել առավելագույնը: Դժվար կլինի թվարկել այն , ինչ չենք արել, անգամ  պատկերացնելն է դժվար, քանզի մենք մեծ ջանք ենք թափում իրականացնելու այն ամենը, ինչ «Թումո» կենտրոնի հնարավորության սահմաններում է: Այն երեխաները ովքեր նաև այլ քաղաքներից հաճախում են «Թումո», մեզ  մոտ զարգացնում են  իրենց ստեղծարար, տեխնոլոգիական և ինտելեկտուալ պոտենցիալը, այսինքն` նաև  մեր հայրենիքի ապագա պոտենցիալը:

Մեր խնդիրն է մաքսիմալ կերպով օգտագործել այդ պոտենցիալը այնպես, որ տեսանելի լինի ազզդեցությունը  քաղաքների և  բնակիչների վրա:

4. 2015-ի Երևանի դրական փոփոխություններից են եղել «ՀԱՅՓ»-ի շարժական  ցուցահանդեսը, «Հարթակ» փառատոնը, ամենամյա «Ոսկե Ծիրան», «ՌեԱնիմանիան»: Երբ նմանատիպ փառատոնները դառնում են ստաբիլ, կարծում դա նույնպես կարելի է որպես դրական փոփոխություն արձանագրել: Եվ,  իհարկե,  Թումոյի այգին , որn առանձին հարթակ է` նախատեսված հասարակական միջոցառումների համար:

 

 

Վարդան Մարաշլյան , «RepatArmenia»

 1. Մենք չենք զբաղվում քաղաքի զարգացմամբ, մենք օգնում ենք հայրենադարձներին, որոնք զգալի մասը բնակություն են հաստատել Երևանում և ակտիվորեն մասկանցում են քաղաքի զարգացմանը: Ինձ համար դժվար է պատասխանել, հատկապես թե ինչ չենք արել քաղաքի համար:

 Սկսեմ դրականից. քաղաքի կյանքը ավելի բազմազան է դարձել, հասարակական վայրերում ժամանակակից և հետաքրքիր միջոցառումներ են իրականացվում, ինչպիսիք են առաջին միջազգային կիսամարաթոնը և Yerevan color run-ը: Հայաստանում ակտիվորեն աշխատում է Street Workout  ֆեդերացիան, այն իրականացնում է բազմաթիվ միջոցառումնեը , որոնք ուղղված են առողջ ապրելակերպի եւ սպորտի զարգացմանը: Վստահ եմ նմանատիպ  օրինակներն ավելի կարագացնեն հայրենադարձությունը: Այս տարի բացվել է  Impact Hub  հարթակը հատուկ նորարարական կազմակերպությունների, զարգացած մշակույթի, հակասրճարանների համար: Շարունակվող բացասական  միտումներից  է   նաև այն, որ քաղաքի կենտրոնում շարունակում են ավելանալ անհոգի նորակառույցներ: Չլուծված խնդիրներից են նաև է  կանաչապատված տարածքների պակասը, մեքենաների քանակի աճը և  հանրային ավտոկայանատեղերի  պակասը:

Այս թեմայով