20 Մարտ 2013, 12:04
1240 |

Գայդարի գլուխը

Կամերային թատրոնը կարելի է համարել մեր բոլոր թատրոններից ամենաքաղաքայինը: Իսկ դրա հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը հարազատ քաղաքի ամենամեծ սիրահարներից է:

Երևանը միշտ էլ հարուստ էր կերպարներով՝ փոքր-ինչ տարօրինակ, խելագար… Դրանցից մեկը Գայդար անունով տղան էր: Քաղաքում նրան գիտեին բոլորը, հանդիպելիս միշտ հարգալից բարևում էին, հարցնում որպիսությունը: Երբեմն նույնիսկ թվում էր, որ առանց Գայդարի քաղաքը կդատարկվի: Մի օր, Թումանյանի փողոցով անցնելիս, տեսնեմ՝ Կարապի լճի մոտ խմբված մարդկանց բազմություն: Սովորաբար, այստեղ մարդաշատ է լինում գարնանային ու ամառային երեկոներին, բայց ուշ աշուն էր: Հարցնում եմ, թե ինչ է պատահել, պատասխանում են. «Մի տես Գայդարն ինչեր է անում»: Տեսնեմ՝ իրոք, ջրից հայտնվում է Գայդարի գլուխը, հետո ինքն ամբողջությամբ, հանդիսավոր կերպով՝ սեփական նշանակալիության գիտակցմամբ, գրեթե որպես ծափերի ներքո ներկայացող դերասան: Ընդ որում, ոչ թե ինչ-որ շարքային դերասան, այլ գլխավոր դերակատար: Ջրից նրա յուրաքանչյուր ելքը գոչյուններով ու ծափահարություններով էր ուղեկցվում: Նրա վրայից պարբերաբար սահելով ընկնում էր անդրավարտիքը, բայց նա, կարծես ոչինչ էլ չի պատահել, քաշում էր այն վերև ու կրկին ջրի տակ անցնում: Այս պատկերը մինչ օրս վառ է ուղեղումս, ես երբեք չէի հանդիպել այսպիսի հրճված վիճակում գտնվող մարդու: Ավելին, Կարապի լճի եզրին կանգնած թաց, գրեթե մերկ Գայդարն ինձ համար երջանկության կենդանի մարմնավորումն էր:

Տարիներ անց «Ալքիմիկոս» պիեսի վրա աշխատելիս՝ ես, չգիտեմ ինչու, հիշել էի այդ դեպքը: Ու կրկին զգալով ուշ աշնան բույրը՝ Հեքիաթասացին հետևյալ խոսքերը հատկացրի. «Երջանկությունը ապուշներին հարիր վիճակ է: Նույնիսկ կարճաժամկետ կացությունն այդ վիճակում անհապաղ միջամտություն է պահանջում»:

Այս թեմայով