13 Հոկտեմբեր 2015, 15:19
1686 |

Միասին փնտրելով տեղական լուծումներ

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն՝ հայերի հետ առաջին շփման, Հանրապետության հրապարակի զարմանալի ճարտարապետության, Կասկադի, «Միրզոյան» գրադարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ձեռքբերումների մասին:

Իմ Երևան գալը պատահականություն չէր, ես իսկապես ուզում էի աշխատել և ապրել Երևանում: Եվ երկու տարի անց բոլորովին չեմ փոշմանել այդ որոշման համար:Ես մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյում: Հիշում եմ, երբ երեխա էի, սկսեցի հասկանալ, որ մեծ թվով հայեր են ապրում թե՛ մեր քաղաքում, թե՛ Կալիֆորնիա նահանգում: Հետո պարզեցի, որ նրանք հիմնականում լիբանանահայեր էին, ովքեր արտագաղթել էին քաղաքացիական պատերազմի պատճառով: Ծանոթ էի Վիլյամ Սարոյանի ստեղծագործություննե-րին, ով Կալիֆորնիայի կենտրոնական դաշտավայրից էր: Մեր նահանգապետը, մինչ Շվարցնեգերը, ամերիկահայ էր: Իմ մանկության հիշողություններում հայերը շատ կարևոր դերակատարություն ունեին քաղաքականության մեջ և բիզնեսում: Ու հիշում եմ, երբ հորս հարցրեցի՝ որտե՞ղ է այդ երկիրը, որտեղից այսքան լուրջ ու կարևոր մարդիկ են գալիս, երևի մի հսկա պետությու՞ն է: Հայրս բացատրեց, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, պատմեց ցեղասպանության և այլնի մասին:

Երբ հաստատվեց, որ գալիս եմ այստեղ, պարզվեց, որ ընդամենը մեկ ծանոթ ունեմ, որ եղել է Հայաստանում: Ընկերս՝ Դագլասն էր, որը 90-ականներին Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարն էր Հայաստանում: Նա վախեցած սկսեց ինձ ասել, որ անպայման հետս լապտեր տանեմ, տաք հագուստ ու պատրաստ լինեմ, որ այնտեղ կարող է չլինի էլեկտրականություն և սնունդ, որ պարտադիր ռուսերեն սովորեմ: Իրականում, երևի կատակում էր, քանի որ այդ ամենն արդիական էր քսան տարի առաջ:

Դագլասը նաև ասաց, որ Հայաստանում ձեռք բերված ընկերներնիր մտերիմներն են մնացել նույնիսկ այստեղից հեռանալուց երկար տարիներ անց: Ես էլ իր պես շուտով հասկացա, որ այստեղ ապրում են անհավանական ջերմ մարդիկ, ում համար ընկերությունը սուրբ գործ է, և այն ժամանակի ընթացքում դառնում է խոր և ամուր:  

Ամենաառաջին տպավորությունս Երևանից՝ գերժամանակակից և արդյունավետ նոր օդանավակայանն էր: Նաև ցուրտ եղանակը՝ ձմռանը ժամանեցի: Օդանավակայանից վարորդն ինձ տարավ այնպես, որ մենք շրջեցինք Հանրապետության հրապարակով: Մի փոքր տարօրինակ, բայց շատ գեղեցիկ ճարտարապետությունն աչքովս ընկավ:

Մինչ այստեղ ժամանելը «վարդագույն քաղաք» արտահայտությանը հանդիպել էի տարբեր աղբյուրներում և անմիջապես նկատեցի այն: Նաև զարմանալի էր, որ չնայած ցուրտ եղանակին, փողոցները լի էին  մարդկանցով, ովքեր զբոսնում էին, այցելում սրճարաններ և ռեստորաններ: Դա ինձ հիշեցրեց միջերկրածովյան քաղաքները, որտեղ նույնպես մարդիկ օրվա զգալի մասն անցկացնում են սրճարաններում, շփվելով միմյանց հետ, և զբոսնում են քաղաքում:

Կարող եմ ասել՝ Երևանը որոշ ընդհանրություններ ունի իմ այցելած միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի քաղաքների հետ: Բայց կա նաև մեկ ակնհայտ տարբերություն, որն առանձնացնում է Երևանը աշխարհի շատ քաղաքներից՝ քաղաքի և ողջ երկրի շեշտված արվեստի, մշակութային ավանդույթները: Կարող եմ ժամերով քայլել Փարաջանովի թանգարանի սրահներում և Գաֆէսճեան կենտրոնում:

Քաղաքում իմ ամենասիրելի վայրերից մեկը «Միրզոյան» գրադարանն է, որտեղ այժմ գտնվում ենք: Այն հիշեցնում է ինձ այն գողտրիկ արվեստի վայրերը, որոնք ժամանակին կային Սան Ֆրանցիսկոյում և Նյու- Յորքում, որտեղ կարելի է հանդիպել ընկերների, ծանոթ և անծանոթ արվեստագետների և երաժիշտների: Մի քանի օր առաջ, օրինակ, «Միրզոյանում» շփվեցի թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ: Մի խոսքով, հույս ունեմ, որ գրադարանը դեռ երկար կապրի ու կհզորանա:

Աշխատանքից հետո երևի չափից շատ ժամանակ եմ անցկացնում In Vino-ի պես վայրերում և վայելում գինի ըմպելու ավանդույթները: Շատ ուրախ եմ, որ գինին գնալով կրկին ավելի ու ավելի ամուր տեղ է զբաղեցնում Երևանի քաղաքային կյանքում:

Սիրում եմ զբոսնել քաղաքում առավոտյան, երբ աշխատանքի գնացող մարդկանց հոսքն այդքան մեծ չէ, և մեկ գավաթ սուրճ վայելել քաղաքի բազմաթիվ սրճարաններից մեկում: Գաֆէսճեանի երաժշտական սրահը կյանքումս եղած լավագույն երաժշտական վայրերից է: Անկեղծ եմ ասում, ընդ որում՝ ոչ միայն ամենաբարձրորակ ջազն է զարմացնում, որ կարելի է լսել այնտեղ գրեթե ամենշաբատ օր, այլև չքնաղ տեսարանը, որ բացվում է բեմից: Վերջերս մայրիկս էր եկել ինձ մոտ հյուր, և նա էլ ապշած էր մնացել:

Երևանը, իհարկե, Հայաստանը չէ: Բարեբախտաբար, ես հասցրել եմ պտտվել երկրի գրեթե բոլոր անկյուններով, հատկապես շատ եմ եղել հյուսիսում: Բնությունը տպավորիչ է, և գյուղերն են շատ գեղեցիկ: Ափսոս, սակայն, որ մարդիկ ստիպված լքում են դրանք, գալիս Երևան կամ մեկնում արտասահման: Եվ մեր գործունեության նպատակներից մեկնայդ միտումի կասեցումն է և ապահովել, որպեսզի մարդիկ Հայաստանում ևս կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել:

Վերջին տարիներին ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում փոխվել է: Տարիներ առաջ մենք օգնել ենք երկրին հաղթահարել հակամարտության զրկանքները և երիտասարդ ժողովրդավարության դժվարությունները: Այսօր Հայաստանի զարգացման մարտահրավերներն այլ են: Ես առանձնահատուկ կնշեի կառավարության և քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը կանանց և տղամարդկանց հավասարության, սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի, երեխայի խնամքի հաստատությունների վերակազմավորման՝ մասնավորապես այնպես անել, որ անապահով ընտանիքներից երեխաները ստիպված չլինեն լքել իրենց ընտանիքները՝ առավել բարեկեցիկ պայմաններում ապրելու համար, սիրիահայերին աջակցության ուղղությամբ:

Մեր գործունեությունը կարելի է նկարագրել այսպես՝ օգնում ենք հայերին լուծումներ գտնել Հայաստանի առջև կանգնած խնդիրներին: Մեր դերը միավորելն է, խմբերին և մարդկանց համախմբելը:

 

 

 

 Կարդացեք հոդվածը ամբողջությամբ ԵՐԵՎԱՆ ամսագրի հոկտեմբերյան համարում

 

Այս թեմայով