16 Ապրիլ 2015, 12:51
1904 |

Քաղաքը՝ աշտարակից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը վերհիշում է հեռուստատեսությունում առաջին քայլերի, առանց ինտերնետի ամենօրյա հաղորդում ապահովելու, Երևանի բակային խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

Ես ապրել և մեծացել եմ այնտեղ, որտեղ և հայրս: Փաստորեն, մեր մանկությունը նույն բակում է եղել: Նույն դպրոցում էլ սովորել ենք: Ու մինչև հիմա մենք միևնույն տանն ենք ապրում:

Մեր բակում շատ ընդունված էր իրար տուն գնալը: Ցուրտ տարիներին մարդկային ջերմությունը մեղմում էր ծանր կենցաղը: Իմ մանկության տարիներին «գործագործ» խաղն իր շուրջն էր հավաքում մոտ հիսուն հոգանոց թիմ: Հիմա պլանշետներն ու սմարթֆոններն են ակտուալ:

Պապիկիս ամենասիրելի թոռը ես էի: Նա պետպաշտոնյա էր, շատ զբաղված մարդ, բայց միշտ ժամանակ գտնում էր ինձ համար: Ոտքով մեր տնից հասնում էինք «Հաղթանակ» զբոսայգի՝ մարզվելու: Ընթացքում անընդհատ պատմում էր իր հուշերը պատերազմից:

Դպրոցական տարիներիս կար մի ֆրանսիական կենտրոն, որտեղ ես նշանակվել էի պատի թերթի պատասխանատուն: Դրանք իմ առաջին քայլերն էին լրագրության ասպարեզում:

Դասարանում վառարան ունեինք, բայց միևնույն է՝ ցուրտ էր: Դպրոցի առաջին տարիներին էլ սկսվեց «ցուրտ ու մութը»: Այն շատ կտրուկ փոխեց մեր ընտանիքի կենցաղը: Մոռացվեց այն ամենը, ինչ նախկինում սիրելի ավանդույթ էր, օրինակ՝ հյուրասենյակի դաշնամուրը:

Ես հացի հերթի էլ եմ գնացել ու նույնիսկ՝ փայտ հավաքելու: Մեր տան շրջակայքում՝ Լամբադա կամրջի կողքին, ժամանակին կար արհեստական լճակ, որի շուրջ կային ծառեր: Այ հենց դրանց չորացած մասերն էլ հավաքում, վառում էինք, որ չսառչենք:

Մի շրջան կար, երբ հայրս աշխատում էր ֆրանսահայ հոգեբանների հետ: Այդ ընթացքում մեր բնակարանը վերածվեց ֆրանսահայերի հավաքատեղիի: Երևանը սիրող սփյուռքահայերի վերաբերմունքն առաջին անգամ նրանց մոտ տեսա:

1994-ին տեղափոխվեցինք Փարիզ, թեև երկար չմնացինք: Այդ տարիներին հստակ զգացի՝ ինչ է նշանակում հայրենիքը սիրել:

Թեև մայրս մեզ հետ էր, սակայն ես անչափ կարոտում էի հայկական կերակուրները: Մորս պատրաստած նույն տոլման Ֆրանսիայում բոլորովին այլ համ ուներ: Ես դրան ասում էի «տոլմայի պարոդիա»: Չէի հավանում նույնիսկ այդքան ճանաչված ֆրանսիական հացը, ինձ համար հայկականն ավելի համով էր:

Հանրային հեռուստաընկերության հետ իմ բախտը կապեց Էրիկ Անթառանյանը, ով այդ տարիներին «Ռուբիկոնի» աստղն էր: Մի քանի անգամ նրա հետ գնալով նկարահանումների՝ ես մեկընդմիշտ սիրահարվեցի հեռուստատեսությանը:

Նոր սերնդի ակտիվ, հավակնոտ հեռուստադեմքերը հավաքվում էին ռադիոտանը Հրաչ Քեշիշյանի մոտ: Ես նույնպես այդ ակումբի անդամ էի: Հրաչն առաջարկեց ինձ սյուժե նկարել: Գաղափար անգամ չունենալով՝ ինչ է սյուժեն, համաձայնեցի: Բայց բախտս բերեց, Հանրայինի խմբագիր Մերի Սանահյանը կանխեց դա: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես նա Հրաչին ասաց՝ «Դու էս երեխու աչքերը չե՞ս տեսնում, նրա էներգետիկան պետք է ցույց տալ մարդկանց»: Ու այդպես ես սկսեցի վարել իմ առաջին՝ R&B երաժշտական հաղորդումը:

Հետո եկավ առավոտյան ծրագիրը: Չորս տարի վաղ առավոտյան ուղիղ եթերում հայերին «Բարի առավոտ» ասելն իմ կյանքի ամենաբերկրալի ժամանակաշրջանն էր: Ամեն առավոտ մի վատ «ՌԱՖ» մեքենա հաղորդման թիմը հավաքում էր քաղաքի տարբեր հատվածներից ու բերում հեռուստատեսություն: Ես պաշտում էի այդ առավոտները, այդ մութ բակերը, արթնացող քաղաքը, դեռ քնած շներին, ժրաջան հավաքարարներին: Մեքենան հաճախ էր փչանում, ու բոլորն իջնում էին հրելու: Բոլորը, բացի ինձնից: Ես ամենաերիտասարդն էի, ինձ խնայում էին: Ճանապարհը դեպի հեռուստատեսություն թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստներով ինձ համար մի ամբողջ կյանք էր, լուսավոր պատմություն: Մի օր անձրև, մի օր ձյուն՝ ապրում ու շնչում էի քաղաքի հետ: «Երևանցի» հասկացությունը ներքին, ներազգային կոնֆլիկտ է առաջացնում: Ղարաբաղցի, գորիսեցի և այլն՝ չէի ուզենա տարբերակել, իրականում երևանցին բնավ էլ վերին արտի ցորեն չի: Նա նույնպես հայ մարդ է ու վերջ: Մարդը մարդ լինի:

Ազգային ինքնագիտակցության հետաքրքիր ֆենոմեն ունենք. մեր մասին խոսելիս ինքներս մեզ օտարում ենք: Ասում ենք՝ «հայերը ուշացող են, հայերը սկզբունքային չեն»: Իրականում դա հոգեբանական շեղում է, աննորմալ երևույթ: Երբ ասում են «հայավարի», հասկանում են նեգատիվ ինչ-որ բան: Եթե փորփրենք ազգային հոգեբանությունը, իհարկե, կգտնենք դրա պատճառները: Առաջ շարժվելու համար այդ երևույթը վերացնել է պետք: Թեև դա փոխելու համար կպահանջվի մեծ թվով անհատների քրտնաջան ջանքեր:

Երևանի իմ սիրած վայրերից է Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիայի դահլիճը: Մայրս աշխատում էր Լորիս Ճգնավորյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբում, հիմա արդեն՝ Թոփչյանի ղեկավարության ներքո: Ես հաճախ էի գնում մամայի համերգներին, մենակ նստում դահլիճում ու զմայլվում: Մինչև հիմա էլ համերգի մենակ գնալն ինձ համար ընդունելի է: Ես համերգի եմ գնում երաժշտություն լսելու, ոչ թե կողքինիս հետ զրուցելու կամ ցուցադրվելու:

Մութ ու ցուրտ տարիներին Ճգնավորյանի շնորհիվ ֆիլհարմոնիայի դահլիճը եզակի ջեռուցվող շենքերից էր: Մարդիկ գալիս էին ոչ միայն հոգևոր սնունդ ստանալու, այլև տաքանալու:

Շատ եմ սիրում «Դալան» ցուցասրահն ու բակի սրճարանը, նաև՝ Կասկադը: Ասեմ ավելին, գիտեմ՝ որն է դրանց հաջողության գաղտնիքը: Բանն այն է, որ իրականում երկուսն էլ անտեր չեն, ու տերերն էլ լավ գիտեն իրենց ունեցածի արժեքը:

Պաշտում եմ Երևանի տեսարանը Հանրային հեռուստաընկերության բարձունքից՝ տարվա բոլոր ժամերին ու բոլոր եղանակներին: Այս տարիների ընթացքում ես գրեթե բոլոր հնարավոր տարբերակները տեսել եմ՝ ամպամած, արևային, անձրևոտ, տխուր, գորշ, ծիածանապատ, կանաչ, կապույտ, դեղին... Իսկ երբ քաղաքի վրա մառախուղ է իջնում, քաղաքը ջնջվում է ու թվում է՝ աշխարհում միայն հանրայինն է մնացել: Հիշեցնում է Նոյան տապանն Արարատի վրա:

«Մաևտիկա» ընկերությունում աշխատանքի տարիներին առաջին անգամ զգացի Երևանի բիզնես-շունչը: Պետական ծառայողները, բանկային աշխատակիցները, սպիտակ օձիքավորները, դրես-կոդը, լանչի հերթերը, գործնական խոսակցությունները... դա նույնպես իմ Երևանն է:

Ամեն անգամ բախվում եմ տհաճ իրավիճակի, երբ արտասահմանցի հյուրերիս հպարտությամբ պատմում եմ՝ քանի դարի պատմություն ունի Երևանը, և նրանք ուզում են տեսնել գոնե մեկ դար առաջվա կառույց: Չկա: Այնքան անփույթ ենք եղել մեր ժառանգության նկատմամբ, որ առերևույթ առաջին շերտում ցույց տալու բան արդեն գրեթե չունենք Երևանում:

Ֆիրդուսի հետևի սեփական տների բակերում այնքան թաքնված գեղեցկություն կա, այնքան ջերմ մթնոլորտ: Պարզապես նկատել է պետք:

Ամեն բարերար եթե տեր կանգնի հին շենքերից գոնե մեկին, ապա այն կպահպանվի: Մենք անհատական խաղացող ենք, ու առայժմ Երևանի նկարագիրը պահպանում են խելացի ու սրտացավ մի շարք անհատներ:

Կռվարար չեմ, հանգիստ եմ, ափերից հազվադեպ եմ դուրս գալիս, գժություններ էլ եմ քիչ անում: Վերջին դեպքը վաղուց էր. ընկերուհուս ու նրա ընկերոջ հետ մի ամառային բարի երեկո զբոսնում էինք Օպերայի շուրջ: Ընկերն ասաց՝ հիմա հանում ենք մեր կոշիկներն ու արագ վազում խոտերի վրայով: Հաճելի էր, հատկապես, որ նոր էր անձրևել:

Կուզեի, որ «Երևան» ասելով չհասկանայինք միայն Օպերան, Հրապարակն ու Աբովյան փողոցը: Քաղաքի ծայրամասերում էլ ակտիվանար կյանքը: Շատ խնդիրներ կլուծվեն, եթե ուշադրությունը կենտրոնից ապակենտրոնացվեր: Քաղաքը կսկսեր շնչել: Այս առումով հիանալի գաղափար էր Թումոն Աջափնյակում կառուցելը:

Երևանը փոքր քաղաք է, ու դա հստակ երևում է նաև այն ժամանակ, երբ ինչ-որ մեկին անձամբ չես էլ ճանաչում, բայց թվում է՝ ամեն ինչ գիտես նրա մասին: Նրանք բնավ էլ հայտնի մարդիկ չեն, աստղեր կամ քաղաքական գործիչներ: Օրինակ՝ ինչ-որ խանութի վաճառողուհի կամ մեկը, ում անընդհատ հանդիպում ես քո սիրած սրճարանում... այսպիսի մարդկային հարաբերությունները քաղաքին անփոխարինելի համուհոտ են տալիս:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N2, 2015

Այս թեմայով