13 Մարտ 2015, 14:08
3012 |

Մետաքսի ճանապարհը

Ուսումնասիրում ենք Երևանի նախկինում խոշոր, իսկ այսօր ամբողջությամբ կամ մասամբ լքված գործարանները: Այս անգամ ուշադրության կենտրոնում մետաքսի գործարանն է:

Մեծ մետաքսե ճանապարհից հետո
Երևանի Լենինի անվան մետաքսի կոմբինատը գտնվել է Սեբաստիա 37 հասցեում: Նախկին փառքից բան չի մնացել, միայն լքված տարածքներ: «Կիա մոթորս» ընկերությունը և մի քանի շինարարական կազմակերպություն վարձով են վերցնում մասնավոր սեփականություն դարձած հսկայական կոմբինատի մի մասը, իսկ ավելի մեծ մասը ուղղակի մատնված է դատարկության՝ պատուհանները ջարդված են, դռներ չկան, իսկ հաստոցները և մեծ քանակի տեխնիկան արդեն վաղուց վաճառվել են: Լուսանկար անել չի թույլատրվում. նոր սեփականատերերը զգուշանում էին՝ յուրաքանչյուրի մեջ տեսնելով ԱՄՆ քաղաքացի և լրտես:

Շուրջ վեց տասնամյակ առաջ իրավիճակն այստեղ բոլորովին այլ էր: Լենինի անվան մետաքսի գործարանը ստեղծվել է 1955 թվականի հունվարի 1-ին Շահումյանի և Երևանի մետաքսագործական ֆաբրիկաների հիմքի վրա: Հաջորդ տարի մեծացրել է ծավալները և մեխանիկորեն դարձել կոմբինատ: Այս կոմբինատին զուգահեռ աշխատում էին նաև Մետաքսաթելի գործարանը, Կարի ֆաբրիկան:

Կոմբինատը ուներ բնական և արհեստական մետաքսաթելի, ոլորման, գործվածքի ներկման, վերամշակման արտադրամասեր: Մինչև 1996 թվականի սնանկացումն ու փակումը այստեղ աշխատել են մոտ 100 հազար ջուլհակուհիներ, կտոր ներկողներ, նկարիչներ, հաստոցների տեխնիկներ և այլն և այլն: Նրանց աշխատանքի արդյունքն ապահովում էր ողջ Հայաստանը:

Բարեկամներ դարձած մեքենան, բոժոժը և Սիրուշը
Ավելի լավ հասկանալու համար ժամանակները, որոնցում գործում էր Մետաքսի կոմբինատը, պետք է պեղումներ կատարել Երևանի ազգային արխիվում: Գործարանի բաժնի գտածոները չեն հիասթափեցնի: Այստեղ արձանագրված է «աշխատավոր» Խորհրդային Հայաստանի կյանքի ամեն վայրկյան: Նշվում էր ամեն օրվա արված աշխատանքը, այն էլ այնպիսի գեղարվեստականությամբ, որ կարդալիս մեկ-մեկ մոռանում ես, որ գրողի ուշադրության թիրախը մետաքսագործական հաստոցն է: Իսկ պլանը գերակատարելու մասին արձանագրվում էր էպիկական պաթոսով, անթաքույց հրճվանքով և հպարտությամբ:

Պարզապես մեջբերենք կոմբինատի աշխատակից Սիրանույշ Վարդանյանի նկարագրականից. «Որքան էլ ուշադիր դիտես, ոչ մի թերություն չես գտնի շնորհալի ավտոմատավարուհու աշխատանքում: 1947 թվականից են բարեկամներ դարձել մեքենան, բոժոժը և Սիրուշը: Նա կտրվածքները վերացնում էր շատ արագ՝ 20 վայրկյանում, իսկ մյուսները՝ 25-30-ում, ուստի նրա արտադրողականությունը շատ բարձր էր, իսկ պարապուրդի ժամանակը՝ աննշան»: Կամ ահա մեկ այլ բնութագիր, որի վերնագիրը հանգիստ կարելի է դնել «Տաղ գովերգման Գյուլվարդ Խաչատրյանի». «Նա, որպես պայման, աշխատանքի գալով 15-20 րոպե շուտ, այն օգտագործում է նպատակային ձևով՝ ստուգում է տեղի մաքրությունը, հումքի տարաները և օգնում հերթափոխին»:

Կոմբինատի աշխատակիցների մեծամասնություն կազմող կանայք, անգամ զեկուցելիս, չէին մոռանում հուզականության և զգայականության մասին: Բավական է տեսնել թեկուզ հոդվածների վերնագրերը՝ «Որ լավ աշխատեն վաղվա մեր փոխարինողները», «Որ ապրի մեր համերաշխ կոլեկտիվը» կամ այսպես՝ «Նա սպիտակ, ոսկեգույն մետաքս էր մանում»:

Մրցակցություն և ընկերություն կոլեկտիվի ներսում
Կանոնները և չգրված օրենքները ենթադրում էին, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ պետք է աշխատանքը դնի առաջին տեղում, իր գոյը չպատկերացնի առանց աշխատանքի և միևնույն ժամանակ մնա ընկերական, փոխզիջող և միշտ ձեռք մեկնի իրեն դիմող գործընկերոջը: Մրցակցային ոգին սնելու համար կազմակերպվում էին «Բանվորական վարպետության» մասսայական ստուգատեսմրցույթներ: Առաջին տեղը զբաղեցրած երջանիկները պարգևատրվում էին գումարով (25-30 ռուբլի բրիգադի յուրաքանչյուր անդամ), հուշանվերներով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրաված բրիգադներին հանձնում էին ալբոմներ: Այո, ալբոմներ…

Առանց ռեկլամացիայի
— Դրական, պայծառ կոլեկտիվ էր մերը, մեծ հաճույքով էինք գնում գործի, իսկ կոմբինատի տարածքը փոքրիկ «գոռոդոկ էր», որտեղ ամեն ինչ կար՝ խանութներ, ճաշարան, բաղնիք, վարսավիրանոց: Ընդմիջմանը հարդարում էինք մազերը, մատները, գեղեցկանում, գոհ և ուրախ ետ գալիս աշխատանքի, — երազային թվացող աշխատանքային պայմանների մասին նոստալգիայով պատմում է 1983 թվականից կոմբինատում արխիվի վարիչի պաշտոնը զբաղեցրած Նազելի Պետրոսյանը:

Դրական հուշեր ունի նաև 30 տարի կոմբինատում չափի հսկիչ աշխատած Աննա Եգոյանը.
— Ոչ մի անգամ ռեկլամացիա (աշխատանքի վերաբերյալ դժգոհություն — խմբ.) չի եկել, անգամ եթե անզգուշության պատճառով մի հինգ մետր պակաս էի ուղարկում, ղեկավարությունը առանց ինձ ասելու լուծում էր խնդիրը, — պատմում է նա: Տիկին Եգոյանը հիշում է, որ աշխատողների թիվը ամեն տարի ավելանում էր. «Երիտասարդ մանկավարժներն ու, բժիշկներն անգամ գալիս էին մեզ մոտ աշխատելու, որովհետև լավ էին վարձատրում. 300 ռուբլին քիչ գումար չէր: Ափսոս էր, շատ ափսոս, լավ էինք աշխատում»: Բայց կային և այլ աշխատանքային երևույթներ: Տիկին Աննան սկսեց պատմել, թե ինչպես էին կոմբինատի որոշ աշխատակիցներ պահեստից թաքուն մետաքս վերցնում և տուն տանում. «Լավ էլ գողանում էինք, պահեստներում շատ-շատ կտոր կար, օր էր լինում երեք օտրեզ (երեք մետրանոց կտորներ — խմբ.) տանում էինք, բայց վերջ չկար կտորներին, ոչ մեկ էլ չէր նկատում»:

30 տարի կոմբինատում չափի հսկիչ աշխատած Աննա Եգոյանը
30 տարի կոմբինատում չափի հսկիչ աշխատած Աննա Եգոյանը

Զինվորական համազգեստ՝ մետաքսի փոխարեն
Մինչև 1996 թվականի չարաբաստիկ սնանկացումը պահեստները լի էին, աշխատակիցները լավ վարձատրվում էին, կոմբինատը աշխատում և մեծ պատվերներ էր ստանում, իսկ աղետների ժամանակ վերակազմավորվում է և իր ներուժը օգտագործում ժողովրդի կարիքները հոգալու համար: Սպիտակի երկրաշարժից հետո կոմբինատը հսկայածավալ օգնություն էր ուղարկել աղետի գոտի, իսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ կանգնեցրել բարձրորակ մետաքսի արտադրությունը և սկսել բանակի համար զինվորական համազգեստներ կարել: Հարյուրավոր ջուլհակուհիներ ու դերձակներ գիշեր-ցերեկ աշխատում էին կոմբինատում՝ ոչ մի վարձատրություն չակնկալելով: Կոմբինատի ղեկավարությունը բազմիցս փորձել է չթուլանալ դժվարություններից և շարունակել աշխատանքը, սակայն հսկայածավալ և անգամ փոքր արտադրությունը անհնարին էր հարևան երկրների առավել մատչելի գործվածքների առկայության, էլեկտրաէներգիայի, ջեռուցման բարձր գների, չթարմացվող հին հաստոցների պատճառով: Հիմնարկը պատրաստ չէր նոր ժամանակներին ու խաղի նոր կանոններին: Կոմբինատը փակվեց, վաճառվեց մասնավոր անձանց, իսկ պահեստներում մնացած մեծաքանակ կտորեղենը բաժանվեց մանկապարտեզներին: Այդպիսին էր մետաքսի կարճ, բայց փառավոր ճանապարհը Երևանում:

 Մետաքսի կոմբինատը աշխատակիցները
Մետաքսի կոմբինատի աշխատակիցները
 
 
 
Մետաքսի կոմբինատը, 1960-ականներ
Մետաքսի կոմբինատը, 1960-ականներ
Այս թեմայով