08 Մարտ 2015, 12:49
2667 |

Ֆաինա Հարությունյան. ես երկաթյա լեդի չեմ

Կանանց միամսյակի կապակցությամբ Imyerevan.com կայքը ներկայացնում իր նոր նախագիծը՝ «Կինն ու գինին»: Դրա շրջանակներում տարբեր ոլորտների հաջողակ կանայք կխոսեն սիրո, խանդի, գեղեցկության, տղամարդկանց և գինու մասին: Նախագծի առաջին հյուրն է դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն ամուսնության ինստիտուտն ավելի շատ կանանց է կործանել, քան սովը և պատերազմները՝ միասին: Ընդամենը մի քանի օր առաջ քո կյանքում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել: Չե՞ս վախենում վիճակագրությունից:

- Ո՛չ, աշխարհի բոլոր վիճակագրություններն անզոր են հայ կնոջ առջև, նա ուրիշ հումքից է պատրաստված: Ցանկացած հայ կնոջ մեջ դեռ մանկուց արմատացած է այն, որ ամենակարևորն ընտանիքն է, ամուսինը, երեխաները, առաջին հերթին նա կին է և մայր, այլ ոչ թե գործարար կամ տնօրեն: Մենք այդպես կոդավորված են ծնվում, այդ իսկ պատճառով վիճակագրական տվյալները մեզ համար վախենալու չեն:

Որպես կանոն, երկաթյա լեդիների տղամարդիկ ավելի արագ են ենթարկվում կորոզիայի կամ, ավելի պարզ ասած` «ժանգոտում»: Կինը պե՞տք է գնա կոմպրոմիսի կարիերայի և անձնական կյանքի միջև:

- Ես չեմ կարծում, որ ես երկաթյա լեդի եմ: Ավելին՝ վստահ եմ, որ իմ տղամարդն ինձնից ուժեղ է, այդ պատճառով չեմ կարծում, որ նա «կժանգոտի»: Հակառակը՝ նա պողպատ կոփող տեսակին է պատկանում, օգնում ինձ ավելի վստահ լինել սեփական ուժերի վրա: Ես նրան չեմ կոտրում, նա է ինձ մշտապես ոգևորում և ներշնչում: Կար մի շրջան, երբ ես նրա կողքին չէ, և այդ ժամանակ իմ գործերը վատ էին ընթանում: Ընդ որում՝ բոլոր առումներով: Ես չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, ստեղծագործել: Եվ հասկացա, որ իմ մտքերը ծաղկում են միայն այն ժամանակ, երբ նա իմ կողքին է:

Դու միասե՞ր ես:

- Տարածված կարծրատիպ կա, որ ստեղծագործող մարդը, արվեստի մարդը պետք է մշտապես սիրահարվի, նոր հույզեր, նոր զգացմունքներ ու մուսաներ փնտրի, բայց ես արդեն քանի տարի է անընդհատ սիրահարվում եմ միևնույն տղամարդուն: Մշտապես, և ամեն անգամ այլ կերպ եմ սիրահարվում:

Իսկ հիմա ի՞նչ կերպ է:

- Հասուն սիրո շրջանն է: Հիմա ես այնպիսին եմ, ինչպես երբեք չեմ եղել: Հիմա ես ինքնավստահ և ուժեղ եմ: Ես ինձ հրաշալի եմ զգում և՛ իմ տարիքային այս շրջանում, և՛ իմ կարգավիճակում:

Սիրել, նշանակում է դադարել համեմատել: Սիրո առաջին նախանշանը`ըստ քեզ:

- Միշտ դեմ եմ եղել համեմատություններին, դա մեծագույն սխալներից է ցանկացած հարցում: Չի կարելի զուգահեռներ անցկացնել ո՛չ աշխատանքում, ո՛չ էլ անձնական կյանքում: Համեմատությունների ժամանակ միշտ ինչ-որ մեկը պարտվում է, որպես կանոն, դու: Պարզապես պետք է իրականությունն ընդունել այնպիսին, ինչպես կա:

Ի՞նչ հատկություններ պետք է ունենա գործնական կինը, որպեսզի կարողանա մրցակցել արական ամբիցիաների այս աշխարհում:

- Ես չգիտեմ հաջողության այդպիսի պատրաստի բանաձևեր: Եթե իմանայի, հաստատ ավելի հաջողակ կլինեի բոլոր հարցերում: Ես դեռևս իմ ճանապարհի նախնական փուլում եմ: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանում բիզնեսում կին լինելը շատ ավելի հեշտ է, քանի որ ոչ մի ուրիշ երկրում չկա այսպիսի վերաբերմունք կնոջ հանդեպ:

Իսկ արդյո՞ք ճիշտ է սեփական հմայքն օգտագործել նպատակներին հասնելու համար:

- Պատերազմում բոլոր միջոցներն էլ արդարացված են: Սա, իհարկե, կատակ էր: Իրականում հայ տղամարդիկ գերագույն հաճույք են զգում, երբ օգնում են կանանց:  Մեր տղամարդիկ կնոջ մեջ մրցակից չեն տեսնում, եթե, օրինակ, հարցը վերաբերում է բիզնեսին: Եվ այս գործոնը էապես օգնում է կնոջը: Դու բազմաթիվ փուլեր արագ-արագ անցնում ես, մինչ նրանք ժպտում են ու փորձում հասկանալ ուզածդ: Առհասարակ, ես կցանկանայի կանանց տեսնել ղեկավար պաշտոններում: Կուզեի տեսնել ավելի շատ կին ոստիկանների, նախարարների, դեսպանների, որովհետև կանայք ավելի լավ են ղեկավարում, ավելի հաջող վարում բանակցությունները: Յուրաքանչյուր կին, որը կարողանում է լավ ղեկավարել իր ընտանիքը, ընտանեկան բյուջեն, կարող է ղեկավարել նաև մի ամբողջ երկիր: Ցանկացած ընտանիք մինի-պետության մոդել է:

Թեև Հին Կտակարանում ասվում է, որ ամեն ինչ ունի իր ժամանակը` ծիծաղելու ու լացելու, քարեր թափելու ու հավաքելու, սակայն ինձ ավելի հարազատ է Կոկո Շանելի տարբերակը՝ «Կա աշխատելու ժամանակ և կա սիրելու ժամանակ: Ուրիշ էլ ոչ մի ժամանակ գոյություն չունի»:

- Միանգամայն համաձայն եմ Շանելի հետ: Իսկապես, ուրիշ էլ ոչ մի ժամանակ գոյություն չունի: Ես շատ զգացմունքային մարդ եմ: Եթե ես չեմ սիրում, չեմ կարողանում աշխատել: Ասում են՝ շատ աշխատասեր եմ: Թեև ես գտնում եմ, որ ծույլի մեկն եմ, կարող էի ավելին:

Հակաբիոտիկները բուժում են մեզ, բայց իսկապես երջանիկ մեզ դարձնում է գինին: Ո՞ր գինի է երջանիկ դարձնում քեզ:  

- Սիրում եմ կարմիր գինի, շատ էմոցիոնալ խմիչք է: Բայց որքան էլ խմեմ, երբեք չեմ կորցնում ինքնատիրապետումը: Երևի հենց դա է այն միակ «երկաթյա լեդիությունը», որի մասին խոսեցինք սկզբում: Ցանկացած՝ անգամ ամենածանր իրավիճակում ես չեմ կորցնում վերահասկողությունն իմ նկատմամբ:

Իսկ ի՞նչ ես նախընտրում գինու հետ:

- Քանի որ ես մսակեր եմ, ապա գինու հետ նախընտրում եմ միայն մսային խորտիկներ:

Այսօր մարտի 8-ն է՝ աշխարհի կանանց տոնը։ Ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

- Հաստատ ոչ առողջություն, սեր, քանի որ այդ բառերը, վստահ եմ, նրանք դեռ շատ կլսեն այս մեկ ամսվա ընթացքում: Կնոջ համար ամենից կարևորը նրա ընտանիքն է, երեխաները, ամուսինը, ըստ այդմ՝ կցանկանայի, որ մեր կանայք և երեխաներն ապրեին բացառապես խաղաղ երկնքի տակ, երբեք չտեսնեին պատերազմ:


Այս թեմայով