06 Մարտ 2015, 17:59
12371 |

Ինչպես ճիշտ անգլերեն սովորել

ImYerevan.com-ը զրուցել է անգլերենի ուսուցման մասնագետների հետ` պարզելու, թե ինչպես են ժամանակակից աշխարհում լեզուներ սովորում:

Առաջին հայացքից նոր լեզու սովորելն այդքան էլ հեշտ գործ չէ: Չգիտես` որտեղի՞ց սկսել, ո՞ւմ դիմել ճիշտ ուսուցման համար: Հատուկ ծրագրեր կան մեծահասակների ու փոքրերի, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ զարգանում են նաեւ ուսուցման մեթոդները: Մենք զրուցել ենք երեւանյան ամենահայտնի ու մեծ վարկանիշ ունեցող ուսուցման կենտրոններից մեկի` ICLT-ի, ինչպես նաև «Բու» նախակրթարանի մասնագետների հետ` պարզելու, թե ո՞ր տարիքից երեխան կարող է օտար լեզու սովորել, ինչպե՞ս անել, որ ուսումնական գործընթացը հետաքրքիր լինի թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին եւ ինչո՞ւ է պետք հանձնել միջազգային քննություններ:

Լուսինե Ազարյան. «Օտար լեզուն զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունն ու երեխաների երեւակայությունը»:
Շատ ծնողների ու հոգեբանների հետաքրքրում է, թե ո՞ր տարիքից երեխան կարող է օտար լեզու սովորել: Կարծիք կա` որքան շուտ, այնքան` լավ: Բայց իմ կարծիքով ծնողները պետք է գիտակցեն, որ մինչեւ երեք տարեկանը երեխան դեռ սովորում է մայրենին: Առաջատար լեզվաբանների եւ մանկավարժների կարծիքով ամենալավ տարիքը լեզուներ սերտելու համար 3-8 տարեկանն է: Բայց ամենահարմար ու արդյունավետ տարիքը 9-13 տարեկանն է: Հենց այդ ժամանակ է մարդն ակտիվորեն յուրացնում նոր գիտելիքներ: Փոքր հասակում պաշար են հավաքում, մեծանալով` յուրացնում նորանոր գիտելիքներ: Դասերի ընթացքում երեխաների համար հատուկ վարժություններ են մշակված, որոնցով զարգանում է նրանց տեսողական եւ ասոցիատիվ հիշողությունը:

Մտայնություն կա, որ երկու լեզվի տիրապետող երեխաները խնդիրներ ունեն թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ  երկու եւ ավելի լեզվի տիրապետող երեխաների մոտ կոգնիտիվ ունակություններն ավելի զարգացած են: Օտար լեզուների իմացությունն նպաստում է նաեւ երեխաների հոգեբանության եւ մտածողության զարգացմանը:

Լիլիթ Գալստյան. «Խաղերը լեզուն յուրացնելու գործում պետք է մեծ տեղ ունենան»:
Երիտասարդների հիշողությունը բավականին ճկուն է: Եթե այն ժամանակին ճիշտ օգտագործվի, հետագայում կարող է լուրջ հենարան դառնալ: Դասերի ընթացքում զանազան վարժություններ ենք անցկացնում, որոնց ընթացքում սովորողն օգտագործում է իր լեզվական ունակությունները: Հետաքրքրությունն ավելացնելու համար օգտագործվում են տարբեր դիդակտիկ նյութեր, տեխնիկական միջոցներ ու գնահատման տարատեսակ մեթոդներ:

Գայանե Հակոբյան. «Մեծահասակներն ու փոքրերը ուսուցման ընթացքում պետք է լինեն նախաձեռնողի դերում»:
Ժամանակակից աշխարհը վաղուց արդեն մոռացել է ուսուցման հին ու ավանդական մեթոդների մասին: Ուսումնական պլանը պետք է հետաքրքիր, նորարարական ու ինտերակտիվ լինի: Մեծահասակներն ու փոքրերը ուսուցման ընթացքում պետք է զգան իրենց նախաձեռնողի դերում, նրանք պետք է ինքնուրույն ընտրեն իրենց ուսուցման ձեւն ու նոր գիտելիքներ յուրացնեն: Ուսուցչի դերն արդյունքի հասնելու գործում ոչ պակաս կարեւոր է: Ուսուցման ժամանակակից մեթոդների հետ կիրառվում են նաեւ տարբեր խաղեր, երգեր, պատմություններ, որոնք բանավեճերի առիթ են դառնում` հմտացնելով լեզվական ունակությունները: Երեխան պետք է նույնը շարունակի նաեւ տանը: Ծնողները կփաստեն, որ համացանցում բազմաթիվ նման կայքեր կան, որոնք զարգացնում են երեխաների լեզվական պաշարն ու մտածողությունը:


Հռիփսիմե Բալյան. «Մեծերի հետ` մեծավարի»: Օտար լեզվի ուսուցումը վաղուց արդեն դուրս է եկել աշակերտ-ուսուցիչ ստանդարտ շփումից, երբ դասավանդողը կարդում է թեման, նոր գիտելիքներ տալիս ու գնահատում դիմացինի սովորածը:
Մեծահասակներին ուսուցանող մասնագետն առաջին հերթին նրանց ընկերը պետք է լինի, զրույցների ու քննարկումների միջոցով օգնի նոր գիտելիքներ ձեռք բերել: Դասերը պետք է հարթ եւ հանգիստ ընթանան, առանց լարվածության: Դրա համար, սակայն, ուսուցիչը պետք է լուրջ պատրաստություն ունենա եւ մանրամասն պլանավորի դասը: Երբ մի խմբում հավաքվում են տարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդիկ, էլ ավելի է հեշտանում ուսուցման գործընթացը, մթնոլորտն ավելի հետաքրքիր եւ զբաղեցնող է դառնում:
Շատ մարդիկ խոստովանում են, որ աշխատանքային օրվա ընթացքում մայրենի լեզվով ավելի քիչ են խոսում, քան այստեղ` անգլերեն: Ամեն օր ես ականատես եմ լինում՝ ինչպես կայացած ու հասուն մարդիկ գալիս են այստեղ ոչ միայն գիտելիքների, այլեւ հետաքրքիր զրույցների, շփման ու դրական էներգիա ստանալու:



Սեւագ Արոյան-Թեստերի կարեւորության մասին
Այսօր շատ ուսումնական կենտրոններ ու նույնիսկ կոմերցիոն ընկերություններ ամբողջ աշխարհում պահանջում են, որ իրենց ուսանողներն ու աշխատակիցները ոչ միայն տիրապետեն անգլերենին, այլեւ ունենան համաշխարհային թեստերով ստացած որակավորում: Ուսանողների շրջանում ամենատարածված թեստերից են TOEFL-ը, IELTS-ը եւ Cambridge English Exams-ը:
Շատ մարդիկ, ուզած-չուզած, կյանքի որոշակի փուլում ստիպված են լինում թեստ հանձնել (ցանկալի է' բարձր գնահատականներով), որպեսզի սովորեն որեւէ ուսումնական հաստատությունում, ընդունվեն աշխատանքի, նոր երկիր տեղափոխվեն կամ ավելի բարձր պաշտոնի հասնեն: Միջազգային թեստերը լեզվի իմացության հիմնականում 4 ուղղություններն են ստուգում' հասկանալ, կարդալ, գրել եւ խոսել:
Թեստերին նախապատրաստվելու համար պետք է մեծ աշխատանք կատարել: Հատուկ կուրսեր եւ դասընթացներ կան, որոնք զգալիորեն հեշտացնում են խնդիրը: Որպես TOEFL iBT-ի դասավանդող' ուսուցման շեշտը դնում եմ լսարանում ժամանակակից մեթոդների կիրառության վրա: Մեր ուսանողների համար ապահովում ենք ամենշաբաթյա օնլայն ուսուցում: Դա թույլ է տալիս հարմար վայրում միանալ ցանցին եւ շարունակել ուսուցումը կենտրոնից դուրս: Դասերի ընթացքում լսարանում օգտագործում ենք պրոեկտոր եւ ժամաչափ: Դա քննության տպավորություն է ստեղծվում' ուսանողներին պատրաստելով վերջնական թեստը լրացնելուն:

Մի քանի խորհուրդ Վարդուհի Շահնազարյանից նրանց համար, ովքեր պատրաստվում են ինքնուրույն անգլերեն սովորել 
Հստակ որոշեք ուսուցման նպատակը.
կազմեք գրաֆիկ, որը կհամապատասխանի օրվա ծանրաբեռնվածությանը: ICLT-ն միշտ պատրաստ է անվճար կազմել Ձեր անհատական ուսուցման պլանը:
Մոտիվացրեք Ձեզ. Դուք պետք է ցանկանաք սովորել լեզուն:  Եթե ուզում եք մեծ արդյունքի հասնել, ապա կուրսերը պետք է համատեղեք ինքնակրթության հետ: Հաջորդ կետը հենց այդ մասին է:
Զբաղվեք ինքնակրթությամբ. համացանց այսօր ողողված է լեզուներ սովորեցնող կայքերով: Սկսնակներին խորդուրդ ենք տալիս օգտվել Duolingo.com կայքից, ավելի լուրջ լեզվական գիտելիքներ փնտրողներին` Coursera.org-ից:
Կարդալ, կարդալ եւ կարդալ. շաբաթական մի քանի հետաքրքիր հոդված կարդացեք, դուրս բերեք անծանոթ բառերը:
Երգեք. սովորեք երգել սիրելի անգլերեն երգերը կամ գոնե կարդացեք դրանք:Ժամանակի հետ կմտապահեք բառերը:
Հետաքրքրություններ գտեք. ամեն ինչանգլերեն դիտեք: Այստեղ երկու մոտեցում կա: Առաջին` ընտրել լեզվի իմացության ձեր մակարդակի ֆիլմեր կամ մուլտֆիլմեր: Երկրորդ`  միացրեք հեռուստացույցն ու ականջի ծայրով լսեք անգլալեզու հեռուստաալիքներ կամ ռադիոկայաններ (CNN, BBC կամ NPR): Կարող է անօգուտ թվալ, բայց այն իր դանդաղ ներգործությունը կունենա:
Գտեք օտարեկրկրացի ընկերներ. օտար լեզվով շաբաթական 1 ժամ անմիջական շփումն անգնահատելի օգնություն կլինի:  

Այս թեմայով