12 Մարտ 2015, 12:56
1951 |

Հինգհարկանի Երևան

Երաժիշտ, «Արձագանք» խմբի ու ստուդիայի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը պատմում է այսօր գոյություն չունեցող Անկախ մայլայի, «Դվին» հյուրանոցում Մհեր Մկրտչյանի հետ երգելու, Հանրապետության հրապարակին խանգարող բարձրահարկերի և այլնի մասին:

Այն տարածքը, որտեղ անցել է մանկությունս, կոչվում էր Անկախ մայլա: Այն գտնվում էր Կայարանի ու Հրուշակեղենի ֆաբրիկայի միջև ընկած հատվածում: Հիմա այնտեղ լքված գործարաններ են: Բանվորի արձանի դիմաց գտնվող Օրջոնիկիձեի անվան թիվ 111 դպրոցն եմ գնացել: Արձանն էլ չկա, դպրոցն էլ չի գործում:

Չգիտեմ՝ ինչու էր այս տարածքը Անկախ կոչվում, ենթադրում եմ՝ նրանից է, որ սա անկառավարելի թաղ էր, ու ամեն տեսակի մարդիկ կային: Մեծ հեղինակություն էին վայելում վարորդները, պատկերացնո՞ւմ եք:

Մեր հարևանությամբ մի երաժիշտ էր ապրում՝ Արմենը, նրա անունը թնդում էր ամբողջ թաղում, որովհետև Ռոզի Արմենի հետ թմբուկ էր նվագել:

Մեր տանը «Գրյունդիկ» մագնիտոֆոն կար: Առաջին ձայնագրությունը, որ լսել եմ կասետով՝ բելգիահայ երգիչ Մարկ Արյանի կատարումներն էին: Նա առաջիններից էր, որ այժմյան Հանրապետական ստադիոնում համերգ ունեցավ: Ես շատ փոքր էի, բայց ներկա էի այդ համերգին ու շատ լավ հիշում եմ:

Երաժշտական ընտանիքում եմ մեծացել: Մայրս հրաշալի երգում էր, փոքր եղբորս էլ ստիպում էին, որ ակորդեոն նվագել սովորի: Սփյուռքահայ պրոֆեսորի մոտ սկսեց պարապմունքների հաճախել: Իսկ մորս հորեղբոր ամբողջ ընտանիքը դհոլչիներ էին: Դհոլչի Էֆոյին գիտե՞ք՝ նրանց սերնդից է:

Մանկապարտեզում ինձ անընդհատ երգացնում էին: Ես էլ կատարում էի «40 տարիս լրացավ» երգը: Մի պահ գիտակցեցի, որ դա ինձ սազական երգ չէ, բայց երևի թե զվարճալի էր բոլորի համար: Մի անգամ էլ չդիմացա ու ապտակեցի դաստիարակչուհուս ականջին, որ ստիպում էր ինձ այդ երգը երգել: Լուրջ վնասվածք ստացավ, ինձ էլ պատժեցին, բայց արդյունքում նոր ռեպերտուար կազմեցի:

Ֆուտբոլ էի խաղում, մի անգամ էլ վնասվածք ստացա, ինձ հիվանդանոց տարան:Հենց այնտեղ առաջին անգամ հանդիպեցի կիթառ նվագող մի տղայի: Հունաստանից էր եկել այստեղ ու Ռեյ Չարլզի երգերից մեկն էր նվագում: Աշխարհն ինձ համար շուռ եկավ: Այդ պահից սկսեցի երազել կիթառ ունենալու ու նվագելու մասին: Հենց տուն վերադարձա՝ բարձրացրեցի կիթառ ունենալու հարցը:

Վեցերորդ դասարանում կիթառ ունեցա: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չեղավ: Երաժշտական գործիքների խանութում երկու տեսակի կիթառ կար՝ 7,50 և 9,50 ռուբլի արժեր: Աչքս 9,50-ի վրա էր: Մայրս վերջապես ինձ տվեց երկար սպասված 7.50-ը: Մորաքրոջս տղան էլ ասաց, որ մի ռուբլի ունի հավաքած, ու կարող ենք դրանով «բիզնես անել»: «Հայրենիք» կինոթատրոնում «Հրաշալի յոթնյակ» ֆիլմն էին ցուցադրում, տոմսի համար հերթեր էր: Մենք որոշեցինք, որ մեկ ռուբլով չորս հատ 25 կոպեկանոց տոմս կգնենք ու կվերավաճառենք 50-ով: Ամբողջ օրը այդ գործի վրա էինք, 9,50 հավաքվեց, ու գնեցի երազանքիս կիթառը:

Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում եմ սովորել:Չնայած այդ ուղին չեմ շարունակել, բայց վստահ եմ՝ մաթեմատիկական մտածողություն ունեցող մարդը որևիցե ասպարեզում չի թերանում: Կրթությունս մինչև այսօր էլ օգնում է ինձ:

Իններորդ դասարանում արդեն խումբ հիմնեցինք, որ կոչվում էր «Պրիոր», իսկ հետո «Արձագանք» դարձավ: Հետագայում փոխվեց միայն հարվածային գործիքներ նվագողը, մնացած կազմը անփոփոխ էր: Բայց դպրոցական տարիներին նվագում էինք Ջիմի Հենդրիքս, «Բիթլզ» ու այլն:

80-ականներին «Արձագանքով» մեծ հաջողություն ունեցանք Ռուսաստանում:Բացառապես հայերենով էինք երգում: 1985 թվականին մեզ առաջարկեցին մնալ Մոսկվայում ու երգել ռուսերենով: Մենք չհամաձայնվեցինք ու վերադարձանք Հայաստան: Առաջարկը կենտրոնական հեռուստատեսությունից էինք ստացել, արդյունքում՝ մեր ելույթը «Песня года-85» համերգից կտրեցին ու չցուցադրեցին:

«Դվին» հյուրանոցում էինք նվագում: Մհեր Մկրտչյանը, ոնց էլ լիներ, տարվա ընթացքում հինգ-վեց անգամ գալիս էր այնտեղ: Քեֆը լավ՝ մոտենում էր ու ասում՝ «Տղերք ջան, մի հատ երգեմ էլի»: Իսկ մեզ համար ուրախություն էր: Ու կատարում էր «Մեջս կյանք չմնաց» երգը: Անընդհատ համոզում էի, որ ձայնագրեմ նրան ստուդիայում: Այդպես էլ չստացվեց:

Երևանի ամենագրավիչն ինձ համար Կարապի լիճն է: Այնտեղ հին ուռենի կար, որն ինձ համար հին ու իմ մանկության Երևանի խորհրդանիշն էր: Վերջին շրջանում մի երգ գրեցի՝ «Սա իմ քաղաքն է, ես չեմ թողնի ոչ մեկին», կրկներգը հենց մանկությանս Երևանը հիշելով եմ գրել:

Քաղաքն իր քարերով ոչինչ է, կարևորը՝ ոգին է, մարդիկ: Սակայն ես այդ քարերն էլ եմ սիրում, հատկապես հորդ անձրևից հետո, երբ դուրս է գալիս արևը:

Շատ բան է փոխվել Երևանում: Քաղաքի կենտրոնը «գեղի մեյդանի» է վերածվել, իսկ այն ժամանակ քաղաքով զբոսնելիս Հովհաննես Շիրազին, Հրաչյա Ներսիսյանին էինք տեսնում: Բոլորը բոլորին գիտեին, ամեն ինչն իր տեղում էր: Օպերա գնալուց մարդիկ ամենասիրուն հագուստն էին կրում, այսօր ամեն ինչ այլ է, փոփոխությունը բնական է, սակայն հարց է, թե ի՞նչ փոփոխություն:

Վերջերս զբոսնում էի, որոշեցի անցնել մեր մտավորականների սիրելի սրճարանների մոտով՝ «Սկվազնյակը», «Արաքսը» չկան, «Պոպլավոկը» էլ
էն չի, միայն «Կազիրյոկն» է համեմատաբար պահպանել իր մթնոլորտը:

Դուրս չի գալիս, որ մեր Հրապարակը խեղճացել է: Երբ կանգնում ես Հրապարակի ամենակենտրոնում՝ տեսնում ես, թե կողքից մոնստր շենքերը թևերն ինչպես են բացել ու ճնշում: Իսկ մեր ժամանակ Հրապարակն այնքան վեհ էր՝ կարծես աշխարհի կենտրոնում լինեիր: Մեծ շենքերը շատ բան փչացրեցին, սիրում էի «հինգ հարկանի» Երևանը:

Նորագյուղը կարելի էր «դաունթաունի» վերածել, եթե շատ էին ցանկանում, թող նույնիսկ 50 հարկանի շենքեր կառուցեին: Դա կլիներ մեր բիզնես կենտրոնը, իսկ քաղաքում օդ կմնար: Երևանի կենտրոնն այսօր կարծես մի մեծ սրճարան լինի, դուրս ես գալիս տնից ու վերածվում ես հաճախորդի:

Իհարկե, այսօր լավ բաներ էլ կան: Օրինակ՝ չնայած Հյուսիսային պողոտան մեռյալ մթնոլորտ ունի, բայց շենքերն առանձին-առանձին, գեղեցիկ են: Ի դեպ, մեր քաղաքացիները շատ են գեղեցկացել, լավ երիտասարդություն ունենք, հրաշալի կլինի, եթե նրանք կապվեն Երևանի հետ: Իսկ դրա համար սրտացավ ազգային մտածելակերպով կառավարություն է պետք, որ պայմաններ ստեղծի, որպեսզի նոր սերունդը կարողանա ռեալիզացնել իր ուժերը, ինքնադրսևորվել իր հայրենիքում:

Երևանում ապրող ամեն բնակիչ երևանցի չի դառնա: Երևանցին կոչում չէ, այլ պարտավորություն, որակ: Եթե ինչ-որ մեկը Երևանում է ծնվել, դա դեռ չի նշանակում, որ քաղաքն իրեն պարտավոր է:

Հին երևանցիները կնամեծար էին: Մեր մեծերը պատմում են, որ աղջկա հետևից ռեպլիկ բաց թողնելը արգելված էր: Գուցե աղջիկների մեղքն էլ կա, որ ավելի մատչելի են դարձել ու այսօր փողոցում հաճախ նման դրվագների ականատեսն ենք լինում: Փողոցում միշտ սաստում եմ ռեպլիկ թողող երիտասարդներին: Կարծում եմ՝ ավագ սերնդի առաքելությունն է՝ դաստիարակել նոր սերնդին ու փոխանցել արժեքները:

Կյանքիս ամենառոմանտիկ, ամենալուսավոր, ամենաբերրի ժամանակն այստեղ՝ այս քաղաքում եմ անցկացրել: Ուր էլ գնամ՝ 16-րդ օրը սկսում եմ կարոտախտով տառապել ու վերադառնում եմ: 

Երևանը մի կարևոր առանձնահատկություն ունի՝ ով գալիս է այստեղ, սիրահարվում է իրեն:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1, 2015

Այս թեմայով