18 Փետրվար 2015, 10:56
8323 |

Ձիարձանի առեղծվածը

Նոր Նորքի բարձունքում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանն աշխարհում ամենամեծն է ու ամենաբարձրը` հենված 2 ոտքի վրա:

Նոր Նորքի բնակիչները գիտեն՝ ժամադրվելու համար միայն «Գայի արձան» ասելը բավարար է: Գայի արձանի տեղը գիտեն բոլորը, Գայի մասին` գրեթե ոչ ոք: Հայ կամավորական շարժման ակտիվիստ, ռազմական ճանաչված գործիչ Հայկ Բժշկյանը մասնակցել է Էրզրումի, Մուշի կռիվներին: Իսկ Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է, Բժշկյանը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարինեին: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների եւ բարձր կարգապահության համար կոչվել է «Երկաթե դիվիզիա»: Անհատի պաշտամունքի տարիներին, սակայն, մտավորականներին զուգահեռ` գլխատվեցին նաեւ ռազմական այն գործիչները, ում շնորհիվ կայացել էր երկիրը: 1937-ին անհիմն բռնադատվեց եւ մեկ տարի անց գնդակահարվեց նաեւ Գայը:
Տարիներ անց նրա հիշատակին կանգնեցվեց հուշարձան Ուլյանովսկում, նաեւ՝ Երեւանում:  
«Բացումը 1978 թվականին էր, փետրվարի 18-ին, բայց դրանից առաջ` շուրջ կես տարի, արձանը ուկրաինական տեխնոլոգիայով ձուլել էինք: Այս տարիներին ես արձագանքների էի սպասում, որովհետեւ աշխարհում նման ձիարձան չկա, մինչդեռ դրա մասին ոչ միայն հայ ժողովուրդը չգիտի, այլեւ մասնագետներն են լռում",- պատմում է ձուլող-վարպետ Վիտալի Լիխովիդսկին։ 
Գայի արձանը կշռում է 30 տոննա, պատվանդանի հետ միասին ունի 12.5 մետր բարձրություն: Այս վիթխարի աշխատանքը հեղինակել է քանդակագործ Սուրեն Նազարյանը՝ 1974-75 թվականներին: Ձիարձանը քանդակելու հնարավորությունը Սուրեն Նազարյանը մրցույթով էր շահել: Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիեւից: Այսօր արդեն հուշարձանի հարակից պուրակը Սուրեն Նազարյանի անունով է:

Այս թեմայով