10 Փետրվար 2015, 09:16
701 |

Հայկական հավելվածը կտեղեկացնի բջջայինը կորցնելու մասին

SIM Card Change Notifier հավելվածը կօգնի գտնել կորած հեռախոսը:

Հայ ծրագրավորողները ստեղծել են հավելված, որի միջոցով Android օպերացիոն համակարգով(ՕՀ) աշխատող սմարթֆոնների օգտատերերը սմարթֆոնը կորցնելու դեպքում կարող են տեղեկանալ այդ մասին: Հավելվածը կոչվում է SIM Card Change Notifier: Այն թարգմանաբար նշանակում է SIM քարտի փոփոխման մասին ծանուցում: Հավելվածը սմարթֆոնի SIM քարտի փոփոխման դեպքում կորցված սմարթֆոնի GPS կոորդինատներն անմիջապես ուղարկում է սմարթֆոնի տիրոջը:

Հավելվածը ստեղծել են Instigate Mobile ընկերության մասնագետները: Ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը Imyerevan.com-ի հետ զրույցում նշեց, որ հավելվածը յուրահատուկ է նրանով, որ սմարթֆոնը գտնողն այն չի տեսնում. հավելվածն ասես թաքնված է, սակայն հենց թաքնված հավելվածն էլ կորցված սմարթֆոնի կոորդինատները ուղարկում է SMS հաղորդագրության տեսքով:

«Այդ ամենի համար հավելվածը ներբեռնելիս անհրաժեշտ է նշել, թե սմարթֆոնը կորցնելու դեպքում հավելվածը ո՞ր հեռախոսահամարին պետք է SMS հաղորդագրություն ուղարկի՝ կորցված սմարթֆոնի տվյալների մասին»,- ասաց Չոփուրյանը՝ նշելով, որ հավելվածն աշխատում է Android 2.2-ից սկսած սմարթֆոնների համար: Սակայն շուտով կթողարկվի հավելվածի նորացված տարբերակը, որը կունենա նոր ֆունկցիաներ և ավելի արդյունավետ կլինի Android ՕՀ-ով աշխատող սարքերի նոր տարբերակների համար:

Ըստ մեր զրուցակցի՝ iOS ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար նման հավելվածի ստեղծումը հնարավոր չէ, քանի որ, ի տարբերություն Android-ի, iOS-ը բավականin սահմանափակումներ ունի, ուստի չեն կարող ստեղծել այն ֆունկցիոնալությունը, որը պետք է օգտագործվի նշյալ հավելվածի կիրառման համար:

Չոփուրյանը նշում է, որ հավելվածի համար իրենք որևէ գովազդ կամ տեղեկատվական արշավ չեն արել, սակայն դրա նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է. մինչ օրս հավելվածը ներբեռվել է ավելի քան 60 000 անգամ:

Հավելվածն աշխատում է Android ՕՀ-ով աշխատող ցանկացած սարքի հետ, որն ունի SIM քարտ: Այն անվճար է, կարելի է ներբեռնել այստեղ.

Տեղեկացնենք, որ նմանատիպ հավելվածներ միջազգային շուկայում շատ կան, իսկ հայկական շուկայում SIM Card Change Notifier-ը կարծես թե միակն է:

Այս թեմայով