Neustiftgasse 19, 1070 Vienna
Մխիթարյանների Վիեննայի միաբանության ֆիրմային լիկյորը` «Մխիթարինեն», պատրաստվում է 1889-ից: Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից Կոստանդնուպոլսից Վենետիկ բերված խմիչքի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Ժամանակին Ավստրիայի կայսեր արքունիք մատակարարվող հանրահայտ լիկյորը պատրաստվում է էկզոտիկ մրգերով, 42 խոտերով, արմտիքով և համեմունքներով` առանց սինթետիկ և քիմիական հավելումների: «Մխիթարինեի» ֆիրմային խանութը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների միաբանության վանքից մի քանի քայլ հեռու: Վաճառասեղանի մոտ է հայր Անդրեասը` վարդապետ, ով պահում է բուժիչ լիկյորի բաղադրատոմսի գաղտնիությունը և մի քանի տասնամյակ է, ինչ ղեկավարում է արտադրությունը: Խանութից կարելի է ձեռք բերել ըմպելիքի մի քանի տեսակներից մեկը («ազնվական քաղցր», «քաղցր», «կիսադառը», «դառը», «ազնվական դառը», «կիսաքաղցր»), ինչպես նաև շփվել հայր Անդրեասի հետ, ով ձեզ կպատմի ապրանքանիշի պատմության մասին, ցույց կտա «Մխիթարինեի» վինտաժային գովազդային պաստառներ, տարբեր ցուցահանդեսներում շահած շքանշաններ և շշեր, որոնց մեջ լիկյորը լցվում էր 80 տարի առաջ: