Ամսագիր Մայիս 2012 Կոմիքսապատում

25 Հունիս 2012, 20:18
1342 |

Կոմիքսապատում

Շատերը համոզված են, որ կոմիքսը պարզունականացված գրականություն է: Իսկ դրա հեղինակները պնդում են, որ կոմիքսը պատմություն պատմելու պարզապես ուրիշ լեզու է՝ այն խառնուրդ է տառի ու նկարի: Նրանք նաև համոզված են, որ հայերեն «պատկերապատում» բառն ամենից ճիշտն է ընտրված՝ նկարագրելու պատկերներով պատումը: Ապրիլի վերջին գրական-նկարչական այս խառնուրդ ժանրը ներկայացվեց երևանցիներին պատկերապատման արդեն երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Իսկ մենք փորձենք հասնել հայաստանյան պատկերապատման ակունքներին:

Խորհրդային Միության տարիներին տպագրվում ու երկրի ամբողջ տարածքով տարածվում էին «Мурзилка», «Веселые картинки» ամսագրերը, որոնց հատուկենտ էջերին կային նաև պատկերապատումներ: Սակայն մինչ այս ամսագրերում մի քանի էջ էր տպագրվում, արևմուտքում, նախ և առաջ՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում պատկերապատումը մեծ թափ էր առնում: Հետաքրքիր է, սակայն, որ առաջին հայալեզու գրաֆիկական նովելը տպագրվել է Հայաստաում՝ դեռ մինչ ԽՍՀՄ փլուզումը, 1991 թ.: «Իշխան Նարեկը» պատմական սյուժեով մի պատմություն էր երեխաների համար, որի առաջին հատորը լույս է տեսել այսօրվա համար ահռելի թվացող 70 հազար տպաքանակով: Այդուհանդերձ, անկախության առաջին տարիներն իրենց հետ բերեցին բացատրելի անտարբերություն կոմիքսների հանդեպ և հաջորդ հայալեզու պատկերապատումը լույս տեսավ միայն 1998-ին: «Գարեգին Նժդեհ» ռազմահայրենասիրական կոմիքսն էլ, սակայն, մեծ ուշադրության չարժանացավ:
Նորանկախ Հայաստանի առաջին պատկերապատողներից մեկը՝ Տիգրան Մանգասարյանը, 90-ականներին կոմիքս նկարելով է գումար վաստակել: Բազմաթիվ պատվերներ է ունեցել, բայց ոչ տեղացիներից: Նոր անկախացած Հայաստանում ինչ-ինչ մեխանիզմներ աշխատեցնելու համար դրսից գումարներ էին ներդրվում, Տիգրանին ու նրա ընկերներին պատվիրում էին պատկերապատումներով նկարազարդել ամենատարբեր թեմաներով գրքույկներ, որոնք հազարավոր օրինակներով տպվում ու անվճար բաժանվում էին: «Ոմանք երևի դեռ կհիշեն, թե 90-ականներին որքան ոջիլի դեղ էր ներկրվում Հայաստան: Դրան զուգահեռ ինձ պատվիրեցին պատկերապատում նկարել, որում կնկարագրեմ ինչպես օգտագործել այդ դեղերը», — հիշում է Տիգրան Մանգասարյանը:
90-ականներին Տիգրանը փորձեր արել է տարածել պատկերապատումը Հայաստանում ու այն ավելի ճանաչելի դարձնել՝ 92-ին թողարկել է 4 համար 16 էջանոց թերթ, որը չի վաճառվել: «Մարդկանց համար նորություն էր շուկայում, չէին հասկանում ինչ է, վերցնում էին, շուռումուռ տալիս ու էլի դնում տեղը», — հիշում է նա: 97-ին հրատարակել է 2 համար զուտ կոմիքսային ամսագիր՝ ֆրանսիական Pif-ի օրինակով արված: Կրկին շատ վատ է վաճառվել ու 3-րդ համարը մնացել համակարգչի մեջ: Ի վերջո, զբաղվե՞լ պատկերապատում նկարելով, թե՞ ոչ: Մտահոգված Մանգասարյանը այս հարցը մտքում 2000 թվականին առաջին անգամ այցելել է Անգուլեմ, որտեղ բոլոր հարցականները դարձել են շեշտ: Երևանից պստիկ քաղաքներ էլ կան աշխարհում ու դրանցից մեկը Անգուլեմն է: Պստիկ քաղաք՝ պատկերապատման ահռելի շուկայով: «Ես հասկացա, որ կա ահռելի շուկա ու այն փակ չէ ոչ մեկի համար, այդ մենք ենք փակ: Մեկ այլ խնդիր է, թե որքանո՞վ է պրոֆեսիոնալիզմդ ներում մտնելու այդ շուկա», — ասում է Տիգրանը:

Վերակենդանացած պատկերապատում
Ագատայի ու Իրինայի կոմիքսամոլությունը սկսել է ճապոնական մանգաներից: Երևանում երկար փնտրել են իրենց նման կոմիքս սիրողների ու նկարողների: Սկզբում կարծել են, որ մենակ են ու առաջինն են Հայաստանում: Բայց հետո հանդիպել են Տիգրան Մանգասարյանին, ում համար ևս զարմանալի է եղել, որ Երևանում կոմիքս նկարել ցանկացող մարդիկ կան: Ագատայի ու Իրինայի պարագայում էլ պատմությունը կրկնվում էր. ինչպես Մանգասարյանը, նրանք էլ պակաս փորձեր չեն արել տարածել ու զարգացնել պատկերապատման մշակույթը Հայաստանում: Որտեղից որտեղ Ագատան ու Իրինան հանդիպել են պատկերապատումով զբաղվող ֆրանսիացիների, 2007-ին Անգուլեմում հիմնադրվել է Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը, իսկ արդեն 2008-ին կազմակերպվել է առաջին փառատոնը Երևանում:
«Մենք միշտ բախվում ենք այն կարծիքին, որ կոմիքսը ծաղրանկար է կամ եսիմ ինչ՝ երեխաների համար: Երևի հենց բառն է մեղավոր՝ կոմիքս: Ինձ համար կոմիքսն իրականում լավագույն ձևն է պատմություն պատմելու: Կա ֆիլմ, կա գիրք, կա թատրոն, կա անիմացիա, բայց իրականում դրանք բոլորը հիմնված են պատմություն պատմելու վրա: Ինձ միշտ ասում են ծաղրանկարիչ, բայց ես ամենևին ծաղրանկարիչ չեմ, ես պատկերապատող եմ», — ասում է Ագատան:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով