04 Հուլիս 2013, 13:41
98 |

Դոնաթանոց

Պրոսպեկտի «Յամ-Յամը»` Մաշտոցի 39/12 հասցեում գտնվող «դոնաթնոցը», պատմական վայր էր: Ինչքան դիպլոմայիններ ու կուրսայիններ են գրվել «Յամի» սեղաններին, ինչքան աշակերտներ են ընդունվել բուհ՝ հենց այնտեղ մի ամբողջ տարի պարապելով, ինչքան սիրո խոստովանություններ, բամբասանքներ, արցունքներ են տեսել ու լսել այդ սրճարանի պատերը, որ լուռ ու մունջ դիմանում էին ընտանիքի անդամների վերածված հաճախորդների արկածներին: Հին «Յամը» չկա, բայց հուշերը դեռ երկար կապրեն:

Ինտերյեր
Երևանում դեռ մութ ու ցուրտ, անլույս ու կիսասոված տարիների ստվերն էր, երբ 1997 թվականի դեկտեմբերի 9-ին Մաշտոցի պողոտայում բացվեց այն ժամանակվա երևանյան իրականության հետ ոչ մի կապ չունեցող «Յամ-Յամ Դոնաթս» սրճարանը: Տերը Թորոսն էր Նյու Ջերսիից, երևի այդ պատճառով էլ դիզայնն անսովոր էր՝ այդպիսին միայն ամերիկյան ֆիլմերում էինք տեսել: Դեղնավուն պատեր, մոտ վեց հոգու համար նախատեսված վարդագույն սեղաններ ու արծաթագույն աթոռներ, որոնց շուրջ հենց վեց հոգով էլ նստում, մեկ սուրճ ու կոլա պատվիրում և ժամերով խոսում, գոռգոռում, ծիծաղում էինք: Ապակեպատ դռան կողքին կախիչներն էին, որ ձմռան ամիսներին կորում էին բաճկոնների ու վերարկուների տակ, պատերին` մեծ չափի վառ գույներով լուսանկարներ: Մուտքի դիմաց համով դոնաթների ու սուրճերի վաճառասեղանն էր: Կար, սակայն, մի անհարմարություն. «Յամում» զուգարան չկար, ու այցելուներն իջնում էին հարևանությամբ գտնվող «Ջինսնոց» սրճարանն ու օգտվում նրանց զուգարանից: Բայց մի՞թե դա կարող էր խնդիր համարվել...

Շեֆություն
Նունե Սահակյանը՝ Թորոսի քույրը և սրճարանի առաջին մենեջերը, հիշում է. «Յամ-Յամ Դոնաթսի» բացման գաղափարը եղբորս մոտ առաջացավ դեռ այն ժամանակ, երբ Երևանում չկային արագ սպասարկման սրճարաններ: Այն ժամանակ գուցեև մի փոքր ռիսկային նախագիծ էր, բայց քանի որ դոնաթները սիրված էին ողջ աշխարհում, կասկած անգամ չկար, որ դրանք կսիրվեին նաև մեր ժողովրդի կողմից»: Եվ իսկապես, «Յամը» ոչ թե պարզապես սիրվեց, այլ դարձավ քաղաքի կյանքում առանձնահատուկ վայր. «Մարդիկ այնքան էին կապվել սրճարանի հետ, որ շատերը այցելում էին մեզ օրվա մեջ մի քանի անգամ, — նոստալգիայով պատմում է Նունեն, — ղեկավարությունն էլ միշտ ուշադիր է եղել արտադրանքի, ինչպես նաև սպասարկման բարձր որակի նկատմամբ, դա է պատճառը, որ մեզ մոտ հաճախում էին ոչ միայն դոնաթներ համտեսելու, այլև իրենց հանգիստը վայելելու, միմյանց հետ շփվելու և յուրահատուկ միջավայրում լավ ժամանակ անցկացնելու համար: Մեզ մոտ իսկապես ձևավորվել էր ջերմ և ընտանեկան մթնոլորտը: Յուրահատուկ էին նաև մեր հաճախորդները...»

Մարդիկ
Հաճախորդները իսկապես տարբերվում էին` երկար մազերով տղաներ, «ջագիգուգի» հագուստներով առաջադեմ երիտասարդություն՝ հիմնականում գեղարվեստի, ճարտարապետականի, պոլիտեխնիկի, կոնսի ուսանողներ: Դա չի նշանակում, որ դասախոսները, լուրջ պաշտոնյաները, հնարավոր ու անհնար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպանատների աշխատակիցներն այնտեղ չէին սրճում: «Յամ-Յամի» պատերից դուրս այս մարդկանցից շատերը դժվար թե ծանոթանային, առավել ևս՝ ընկերանային ու հարազատներ դառնային: Նկարիչ Վրեժ Քասունին, Joke Show-ի տղաները, Դարավանդի Ռազմիկը, Լորիս Ճգնավորյանը, Րաֆֆի Հովհանիսյանը, Արամ Ղարաբեկյանը, Երգի պետական թատրոնի երեխեքը, Արմիշը, Նվարդը, Կարենը, Միքայելը, ճարտարապետներ Սարհատը, Սևադան, Մերուժանը, օտարերկրացի Այհամը, Նիդալը… Կարելի է անվերջ թվարկել «Յամ-Յամի» «բնակիչների» անունները: Մեկն էլ կար, ում «Յամի» ուրվական էին անվանել` սպորտային հագուստով պատի տակ նստող հաճախորդը: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ պարզել՝ ով է նա:

Սիրո «Յամը»
Մի զույգ կար, շատ հաճախ էր գալիս «Յամ-Յամ»՝ տղամարդը գեր էր, տաբատն էլ միշտ ներքև էր իջնում ու հետույքը երևում էր, աղջիկն էլ վուլգար զգեստներ էր կրում: Իրար շատ էին սիրում, ու բոլորը հետևում էին նրանց սիրո արտահայտմանն ու զարգացմանը: «Յամում» աղջիկների հետ հեշտ էր ծանոթանալ՝ սեղաններն իրար մոտ էին, կարելի էր հանգիստ զրուցել: Սա փրկություն էր առավել ամաչկոտների համար: «Յամյամային» սիրային պատմությունները շատ-շատ են, և դրանք հաճախ սկսվում ու ավարտվում էին հենց այդ սեղանների շուրջ: 

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով