Ամսագիր Ապրիլ 2015 Եկան, տեսան, հարգեցին

15 Ապրիլ 2015, 10:05
2042 |

Եկան, տեսան, հարգեցին

Չնայած, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը կառուցվել է դեռ 1960-ականներին, խորհրդային տարիներին արտասահմանցի հյուրերին այնտեղ հաճախ չէին տանում: Իրավիճակը փոխվեց անկախությունից հետո: Այժմ գրեթե բոլոր կարևոր մշակութային և հասարակական գործիչները գնում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Վերհիշել ենք 10 նշանակալից այցելություն այս սրբավայր՝ հատուկ շրջանցելով քաղաքական գործիչներին:

Ալեն Դելոն
2012 թվականի դեկտեմբեր
Ինչու էր Երևանում
Ֆրանսիական կինոյի կենդանի դասականը Երևանում ներկայացնում էր իր մասնակցությամբ նշանավորված ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» կատակերգությունը: Ցեղասպանության հուշահամալիր Դելոնը ևս եկել էր ռեժիսորի հետ: Դերասանը նաև հատուկ ուշադրություն ցուցաբերեց Հիշողության պուրակում գտնվող այն եղևնուն, որը մի քանի տարի առաջ տնկել էր Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Ի դեպ, որոշ ժամանակ անց կատակերգության պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, որում կնկարահանվի նաև Դելոնը: Այդ նախագծի մասին, սակայն, առայժմ որևէ լուր չկա:

Մեջբերում (Վալերի Սահարյան)
«Ցեղասպանության հուշահամալիրի այցելության ժամանակ նա այնքան հուզված էր, որ չկարողացավ զսպել իրեն և լաց եղավ»:

Ժերար Դեպարդյե
2010 թվականի սեպտեմբեր
Ինչու էր Երևանում
Հռչակավոր ֆրանսիացի դերասանը, որն այն ժամանակ դեռ չէր հասցրել ընկերանալ Ռամզան Կադիրովի հետ և ստանալ ռուսական անձնագիր, Երևանում էր «Կարոտ» փառատոնի հրավերով: Վերջինիս հիմնադիր Մեցո Իգիթյանի հետ էլ եկել էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Մեջբերում
«Այսօր այցելել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինչպես և նմանատիպ այլ հուշարձանները, օրինակ՝ «Յադ Վաշեմը» Իսրայելում: Հայաստանի մասին ես վաղուց գիտեմ, քանի որ Ֆրանսիայում ունեմ բազմաթիվ հայ ծանոթներ և գիտեմ, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել և թե ինչ է իրենց համար ցեղասպանությունը»:

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II և Շառլ Ազնավուր
2001 թվականի սեպտեմբեր
Ինչու էին Երևանում
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հայաստանյան այցը կապված էր մեր երկրում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ (ինչպես գրեթե ամեն ինչ 2001 թվականին): Եռօրյա այցի ընթացքում Հովհաննես Պողոս II-ը հասցրեց նաև այցելել Ծիծեռնակաբերդ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին և երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ: Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում աղոթք կարդաց՝ անգլերեն, սակայն «ցեղասպանություն» բառն արտասանեց հայերեն: Բայց այդ միջոցառման ամենահիշարժան պահը, անշուշտ, Շառլ Ազնավուրի ելույթն էր. շանսոնյեն երկու եկեղեցիների առաջնորդների ներկայությամբ հավերժ կրակի մոտ կատարեց Ave Maria-ն:

Մեջբերում (Հռոմի պապի աղոթքից)
«Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը»:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով