15 Ապրիլ 2015, 09:38
2270 |

Իրապատում

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մի շարք ժամանակավոր ցուցադրություններ է պատրաստել: Դրանցից մեկը կրում է «100 ԻՐապատում Հայոց ցեղասպանության մասին» անվանումը: Ցուցադրվելու է թեմային վերաբերող հարյուր իր՝ գրքեր, հագուստ, նամակներ, զարդեր, փամփուշտ, կրծքանշան, կենցաղային իրեր և այլն: Ներկայացնում ենք դրանցից 10-ի պատմությունը:

«Նեպտուն» լիմոնադի պիտակը
Այս ըմպելիքն արտադրվել է Կոստանդնուպոլսում մինչ 1915-ը, ուներ քառալեզու՝ հայերեն, արաբատառ թուրքերեն, հունարեն և ֆրանսերեն պիտակ: Գործարանը 1911-ին հիմնադրել է Մկրտիչ Թավադյանը: Ապագա գործարարը ծնվել էր Ռուսական կայսրությունում գտնվող Նախի (Նախիջևան) քաղաքում 1864 թվականին: 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ որպես հեղափոխական հալածվում է և Ռուսաստանից տեղափոխվում է Պարսկաստան: Այնտեղից էլ մի քանի տարի անց՝ 1911 թվականին՝ Պոլիս, որտեղ Շիշլի թաղամասում հիմնել է «Նեպտունի» գործարանը: Նա ապրիլի 24-ին Պոլսից աքսորված և սպանված երևելի հայերի շարքում էր:

Ամանորի հանգանակության տուփ
1915-ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ հայ երեխաների օգտին հանգանակություն կատարելու նպատակով պատրաստված մետաղյա տուփն օգտագործվում էր Սուրբ ծննդյան տոների ժամանակ ամերիկացի երեխաների շրջանում դրամահավաք կազմակերպելու համար: Տուփի վրա Շուշան անունով մի որբ աղջկա պատկերն է՝ հետևյալ գրությամբ. «Ես Շուշանն եմ, քո փոքրիկ հայ ընկերը: Ինձ նման 500 000 տղաներ ու աղջիկներ կան, որ քաղցած են: Դու չես թողնի մեզ սովամահ լինել, այնպես չէ՞»: Մետաղյա տուփի մյուս կողմում գրված է. «Դի՛ր Սուրբ ծննդյան քո նվերն այս տուփի մեջ և խնդրիր հայրիկիդ ուղարկել իր կտրոնը Քլիվլենդ Դոջին Մեդիսոն պողոտա 1, Նյու Յորք, Հայ-սիրիական նպաստամատույց»:

Հայ որբերի պատրաստած տիկնիկի զգեստ
Զգեստը պատրաստել են Մուշի հայկական որբանոցի սաները, որի կառավարիչը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ-Կատարինե Բյորնն էր: Մուշի հայերի կոտորածների ժամանակ 1915-ին թուրքական բանակը քաղաքը հրկիզեց, ինչի հետևանքով ողջակիզվեցին նաև որբանոցի սաների մեծ մասը: Սարսափելի ոճրագործության ականատես Բյորնը որպես սրբազան մասունք պահպանել է իր որբերի ձեռքի աշխատանքը՝ տիկնիկի զգեստը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով