19 Նոյեմբեր 2014, 11:13
4470 |

ԹՄԻ համաշխարհային XXXIV կոնգրեսը Երևանում

Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում նման միջոցառում։ Այն նշանակալի իրադարձություն է երկրի մշակութային կյանքի համար։ Համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 300 պատվիրակ աշխարհի 100 երկրներից։ 

ԹՄԻ գլխավոր տնօրեն Տոբիաս Բյանկոնեն հայտարարեց, որ Հայաստանում միջոցառումն անցկացնելու որոշումն ընդունվել է երկրի` խոսքի ազատությանը հավատարիմ լինելու սկզբունքից ելնելով։ «Մենք ունեինք մի շարք հավակնորդներ, այդ թվում` Ադրբեջանը։ Սակայն ընտրեցինք Հայաստանը, քանի որ այստեղ պահպանվում է խոսքի ազատությունը, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Մենք ընտրություն կատարեցինք ոչ թե հօգուտ փողերի, այլ հօգուտ մի երկրի, որտեղ գնահատվում է թատրոնը»,– ասաց Բյանկոնեն։

Թատրոնի միջազգային ինստիտուտը 1948-ին ստեղծված թատերական կազմակերպություն է, որի նպատակը թատերային գործիչների միջև միջազգային կապերի խրախուսումն է։ ԹՄԻ–ն իր գործունեությունն իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համագործակցությամբ։ ԹՄԻ համաշխարհային կոնգրեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այս տարի կոնգրեսի թեման է «Նոր ձայներ, նոր հանդիսատես. Ժամանակն է երկխոսության»։

Կոնգրեսի շրջանակում Երևանում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում` հանդիպումներ թատերական գործիչների հետ, բեմադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ։

Այս թեմայով