14 Մարտ 2013, 14:49
1788 |

Հրաժեշտ Հակոբ Հակոբյանին

«Սպիտակ կտավի շատ պետք ունեմ, որպեսզի վրան կյանք դնեմ»

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ վերջին հարցազրույցներն իր բնակարան-արվեստանոցում է: Ասաց՝ այստեղ ապրում եմ, այստեղ ստեղծագործում, այս է իմ աշխարհը: Զարմանում էր՝ ինչու են մարդիկ հարցնում իր՝ հայրենադարձելու մասին:

 - Հայաստան եկա 1962-ին՝ այստեղ մշտապես հաստատվելու: Եկա, տեսա, որ Հայաստանն ամենևին էլ այն երազային երկիրը չէ, ինչ մենք կպատկերացնեինք օտար հողին վրա: Բայց մեկ վայրկյան անգամ չեմ զղջացել, երբեք չեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին, բնավ: Ի՞նչ կրնան ընել հայերն օտար հողին վրա, հա՞ց վաստակիլ, հապա հայրենի հողին ուժը, կրնա՞ն այդ ուժն զգալ օտար հողին վրա: Երբեք:

Վարպետի արվեստանոցում նկարակալներին անավարտ գործեր կային, մյուս սենյակում նրա քանդակների աշխարհն էր: Զարմանում էր, որ  համարյա 90 տարեկանում սկսել է լրջորեն զբաղվել քանդակներով:

«Մեր մշակույթը միշտ մեկ հիմնական թերություն է ունեցել. ոչ թե հանճարի պակաս է եղել, այլ եղել է երկրի աղքատությունը, թագավորի ու պետականության պակասությունը: Մենք ունենք մեր որակը, մեր գեների մեջ է դա, գալիս է ու կարող է շարունակվել»:

Հակոբ Հակոբյանին կարելի էր տեսնել միայն արժեքավոր նկարների ցուցահանդեսներին, անխառն արվեստագետների կողքին: Շփումների մեջ սահմանափակ էր, չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց սիրում էր ամենադիպուկն ասել ու ամենասուրն արձագանքել:

- Մահվան մասին չեմ մտածեր, գիտեմ, որ ապրելուս ժամանակը կարճ է, բայց մահը չէ, որ ինձ կանհանգստացնե, այլ կիսատ թողած գործերս:

Արվեստասեր հանրությունը մարտի 14-ին վերջին հրաժեշտը տվեց Հակոբ Հակոբյանին: Մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ և ուղղակի վարպետի կողքին ապրող հայ մարդիկ՝ նրա արվեստը գնահատողները, խորին հարգանքով ու ակնածանքով էին շրջապատել նրան: Մեր քաղաքն ու մենք աղքատանում ենք: Հակոբ Հակոբյանի մարմինն ամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ մեծերի կողքին:

Տիգրան Մանսուրյան  (ՀՀ ժողովրդական արտիստ)

Եթե կար մեկը, ով փորձեց մեղմել իր փառքի ու անունի սահմանները, հենց ինքն էր՝ Հակոբը: Նրա արվեստը շատ ավելի մեծ տարածք է ընդգրկելու, քան մենք ենք պատկերացնում: Հակոբն այսօրվա ու վաղվա մեծագույն նկարիչն է: Տարիներ առաջ, երբ մենք վերջին հրաժեշտն էինք տալիս Մարտիրոս Սարյանին նրա իսկ տանը, Հակոբը հուշեր պատմեց Սարյանից: Մենք ափսոսում էինք, որ վարպետը հեռացավ մեզնից, թվում էր՝ Սարյանից հետո դատարկվել է նկարչական աշխարհը, բայց Հակոբը եղավ, չէ՞: Հիմա խոր ցավ ապրելով նրա համար՝վստահ եմ, որ նրանից հետո նոր նկարիչներ են գալու, նրանք արդեն կան, հետո կպարզվի, որ կան:

Անատոլի Գրիգորյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)

Հակոբը նոր էջ բացեց գեղանկարչության մեջ: Ազդված լինելով սոցռեալիզմից՝ նա ստեղծեց գեղանկարչական իր ուրույն ոճը: Դա անհերքելի էր թե՛ տեղի, թե՛ համամիութենական, թե՛ արտասահմանյան ցուցահանդեսներում:

Սարո Կալենց(գեղանկարիչ) - Հակոբ Հակոբյանի տեղն անհնար է լրացնել: Նկարիչներ կան, որոնց ավելի լավերն են փոխարինում: Սա այդ դեպքը չէ: Նրա ստեղծած նշաձողը միայն իրենն է: Հակոբ Հակոբյանը երևույթ է, որ էլ չի կրկնվի:

 

Այս թեմայով