16 Հունիս 2014, 11:55
1320 |

Նոր է լինելու, թեժ է լինելու

Երբ դասական բեմում հայտնվում են նորարար մոտեցումներով մի խումբ երիտասարդներ, արժե ակնկալել մեծ իրարանցում: Համենայն դեպս, այսպիսին է կանխատեսումը հուլիսի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվող «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի պրեմիերայից: Ստեղծագործական խումբը վստահեցնում է, որ բոլոր սպասելիքներն արդարացվելու են:

Բալետային ներկայացման հիմքը կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի համանուն երաժշտական պոեմն է, բեմադրող-ռեժիսորը Սամվել Թադևոսյանն է, խորեոգրաֆը՝ Արման Բալմանուկյանը, մենակատարները՝ Էդուարդ Սարգսյանն ու Վահագն Մարգարյանը: «Սա նոր մոտեցում է բեմականացման ժանրում: Միախառնվելու են մի քանի ժանրեր, սակայն, իհարկե, գերիշխողը պարային հատվածն է: Հանրապետության տեխնիկապես ամենահագեցած թատրոնի հնարավորություններն առավելագույնս ներգրավվել են բեմադրության մեջ»,-մեզ հետ զրույցում նշեց բեմադրող ռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Խորեոգրաֆ Արման Բալմանուկյանն էլ հավելեց, որ պարային բեմադրությունը դրամայի առանցքն է, քանի որ նա կարևորել է դետալային մոտեցումը. «1 օրվա փորձը մեզ ընդամենը 50 վայրկյան մաքուր պարային հատված է տալիս: Ահա այսպիսի բարդ աշխատանք ենք ընտրել, քանի որ նախ և առաջ ինքներս ենք պատասխանատու մեր աշխատանքի առաջ: Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը լիարժեք բավականություն ստանա, ու, նաև՝ մեր ներդրումն ունենանք այն գործում, որ այսպիսի մշակութային իրադարձությունից երես դարձրած մարդիկ վերադառնան մեծ դահլիճ ու վայելեն մեր դասական մշակույթը»:

Ավանդական արժեքների ու բացառիկ նորի համադրում, դրամատիկ զարգացումներով ինքնատիպ ներկայացում, որի նախաձեռնողը ՊԻԿ մշակութային նախագիծն է: Գաղափարն իրականացվում է Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հետ համատեղ: Կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ներկայացրեց երաժշտական պոեմի գաղափարը. «Սա պատմություն է ոչ թե ինքնասպանության մասին, այլ այն երաժշտական իրականությունն է, որը ծնվում է անելանելի մարդկային հոգեվիճակում: Այդ կետում է ծնվել ստեղծագործությունը: Մեր մշակութային նախաձեռնությունն էլ՝ ՊԻԿ, հենց դա է խորհրդանշում՝ Պայմանական Իրականության Կենտրոն: «Ինքնասպանի Գրառումներ» երաժշտական պոեմի ստեղծման ժամանակ ես հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքին վերջ դնելու փորձ էին արել: Նրանց պատմության վավերագրումն իմ կյանքում մեծ նշանակություն ունեցավ: Ծնվեց այս ստեղծագործությունն ու հույսով եմ՝ դեռ երկար ճանապարհ կանցնի»:

Ամբողջ ընթացքում ստեղծագործական թիմը պատրաստվում է, քննարկում, փորձեր իրականացնում, որպեսզի հուլիսի 3-ին Օպերային բեմում մեծ ներկայացում լինի՝ անհավանական մոտեցումներով:

Այս թեմայով