13 Հունիս 2014, 16:00
2020 |

Ծիրանը սարի հետևում չէ

Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և հայկական ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը կինոսիրողներին ներկայացրեցին այն ամենը, ինչին ականատես կլինի «Ոսկե ծիրանի» հավատարիմ հանդիսատեսն այս տարի: 11-րդ փառատոնը, ինչպես հայտնի է, նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին և կբացվի վերականգնված «Նռան գույնը» կինոժապավենով: Ցուցադրությանը ներկա կլինեն Փարաջանովի այրին և մեծանուն ռեժիսորի հետ երբևէ աշխատած արվեստագետները: Նախատեսված է նաև Փարաջանովին նվիրված կլոր սեղան, որին կմասնակցեն ճանաչված կինոքննադատներ:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 70 ֆիլմ. 10-ը «Միջազգային խաղարկային», 12-ը՝ «Միջազգային վավերագրական», 18-ը՝ «Հայկական համայնապատկեր», 30-ը՝ «Կորիզ» անվանակարգերում: Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը նկատել է՝ եթե նախորդ տարիներին ֆիլմերն ունեին թեմատիկ ընդհանրություն, այս տարի դրանք բավականին տարբեր են: Անվանակարգում ներկայացված են ինչպես հանրաճանաչ ռեժիսորներ, այնպես էլ սկսնակ, բայց խոստումնալից դեմքեր: Կազմակերպիչներն առանձնացրեցին երկու անգամ «Օսկարի» ներկայացված ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերին և սկսնակ ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկին: Վերջինիս «Ցեղը» կինոժապավենը Կաննում կինոքննադատների հավանությանն է արժանացել ու մրցանակի արժանացել: Այս անվանակարգի ժյուրին կղեկավարի կինոաշխարհի երեք համբավ ունեցող մարդկանցից մեկը: Խոսքը իտալացի կինոքննադատ Մարկո Մյուլերի մասին է: Վերջինս 8 տարի ղեկավարել է Վենետիկի կինոփառատոնը:

Միջազգային վավերագրականի ժյուրին կգլխավորի Իտալիայից ժամանած մեր հայրենակից ու հայտնի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: Ի դեպ, փառատոնի ժամանակ Ջանիկյանը նաև իր «Բարբարոսների երկիր» ֆիլմը կներկայացնի, որի պրեմիերան դեռ չի եղել:

«Հայկական համայնապատկերի» 120 թեկնածու ֆիլմ է եղել ընտրվել է 18-ը: Ֆիլմերի հիմնական մասը պրեմիերաներ են: Ժյուրին կղեկավարի «Positif» կինոհանդեսի քննադատ եւ խմբագրական կոլեգիայի անդամ Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Հայկական համայնապատկերին զուգահեռ կլինի նաև հայկական արտադրության, սակայն ծրագրում չընդգրկված ֆիլմերի ցուցադրություն: Այդ ֆիլմերը կցուցադրվեն «Հայեր. հայացք դրսից» խորագրի ներքո: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին կղեկավարի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Էրեզ Փերին:

Այս թեմայով