31 Մայիս 2014, 12:38
215 |

Դրամահավաք կոմիքսների համար

Indiegogo քրաուդֆանդինգային կայքում հայկական նոր նախագիծ է հայտնվել: Նախաձեռնել է այն HY pictures հայկական ֆիլմարտադրող ընկերությունը, մասնավորապես՝ «ՆոլաԼենդ» տրանսմեդիայի ստեղծագործական թիմը: Նախագիծը բազմահարթակ է՝ բաղկացած վեբ կայքից, «Երգ Նոլայի համար» խաղարկային ֆիլմից, որն էկրան կբարձրանա 2016 թվականին, համակարգչային խաղից, ինչպես նաև ռոք ալբոմից:

Ընդհանուր պատմությունը, որը մաս առ մաս բացվելու է տարբեր մեդիա հարթակներում, հյուսվում է «ՆոլաԼենդի» գլխավոր հերոսների՝ նոլալենդցիների շուրջ: Նրանք վանաձորցի պատանիներ են, ովքեր իրենց հասակակիցների պես հետաքրքրասեր և երազկոտ են, ինչի պատճառով էլ հաճախ տարատեսակ արկածների մեջ են ընկնում:

Առաջինը կներկայացվի վեբ կայքը, որտեղ պարբերաբար կհրապարկվեն վեբ կոմիքսներ: Կայքում անձնական օրագիր է վարելու գլխավոր խաղարկային հերոսուհին՝ Նոլան, լինելու են վիդեոդասեր, ստեղծագործական մրցույթներ, ֆորում, ինչպես նաև գրքերի, ֆիլմերի և կոմիքսների գրախոսություններ: Այս ամենի նպատակը երիտասարդների ստեղծագործական շփման խրախուսումն է, Հայաստանում կոմիքսային մշակույթի առաջխաղացումն ու տարածումը: Դրամահավաքի հաջող ընթացքի դեպքում «ՆոլաԼենդ» վեբ կայքը մոտ ժամանակներս արդեն կգործարկվի:

Վեբ կայքի ստեղծմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև «Երգ Նոլայի համար» խաղարկային ֆիլմի ստեղծման ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, մեծ էկրան կբարձրանա 2016 թվականին:

Այս թեմայով