26 Մայիս 2014, 13:41
1820 |

Կենսակերպի մրցաշարը

Բրեյք դանսի արմատը բրոնքսյան ասֆալտներում է, փողոցային արվեստն այսօր բազմամիլիոնանոց ինդուստրիայի մի մասն է։ Ամեն տարի, բոլոր մայրցամաքներում անց են կացվում Break Dance մրցաշարեր։ Ու դրանցից ամենաակնառուն R16 կորեական համաշխարհային Բրեյք Դանս մրցաշարն է։

Չնայած հայ երիտասարդությունն արդեն երկար ժամանակ է՝ ինչ հետաքրքրված է Break Dance-ով, տարբեր միջոցառումների ժամանակ մեր բիբոյները միշտ ցանկալի հյուրեր են, այնուամենայնիվ, նրանք դեռևս չեն մասնակցել համաշխարհային որևէ մրցաշարի։

Բրեյքդանսյան անհասանելի օլիմպը մայիսի 25-ի բաթլից հետո արդեն շոշափելի է: Երևանում առաջին անգամ պաշտոնապես կայացավ R16 մրցաշարի նախընտրական փուլը։
Երիտասարդական ուրախ հավաքույթ հիշեցնող մրցաշարն իրականում անցնում էր միջազգային ժյուրիի խիստ հսկողության ներքո։ Հայ պատանի ու երիտասարդ բիբոյներն ու բիգրլզներն իրենց ուժերը փոձեցինք Երևան Մոլում տեղակայված պարահարթակում։ Զարմացնելով փորձառու ժյուրիին իրենց անհավանական շարժումներով՝ պատանիներն ու աղջիկներն ապացուցեցին, որ իրենք նույնպես մրցունակ են համաշխարհային Break Dance ինդուստրիայում։

Մրցույթը անցավ երկու փուլով։ Առաջին փուլից հետո, երբ ներկայացան էլեկտրոնային տարբերակով գրանցված բոլոր դիմորդները, ժյուրին բրիֆ-քննարկում արեց, որից հետո մրցակցության համար պարադաշտ դուրս եկան 16 մասնակից։

Ու այստեղ սկսվեց իսկական «դրայվը»։ Երբ լավագույններից լավագույնները, հիփ-հոփ երաժշտության ռիթմերից ոգևորված, դուրս եկան պայքարի, ժյուրիի անդամների համար հաղթողի ընտրությունը գրեթե անհնարին դարձավ։

Ըստ R16 մրցաշարի կանոնակարգի, ժյուրիի 5 անդամներից յուրաքանչյուրը մասնակցի ներկայացման մեջ գնահատում է մեկական չափանիշ' պլաստիկան, արտիստիզմը, պրոֆեսիոնալիզմը, տեխնիկան ու համարի օրիգինալությունը։ Երկար քննարկումներից հետո արդյունքում հաղթող ճանաչվեց 21-ամյա Սարգսյան Հայկը։ Հինգ տարի պրոֆեսիոնալ բրեյքդանսով զբաղվող բիբոյն ասաց, որ այն իր համար ուղղակի զբաղմունք չէ։ «Բրեյքն ինձ համար ապրելակերպ է, իսկ իմ խումբը' իսկական ընտանիք։ Համոզված եմ, որ շուտով ամբողջ աշխարհից գալու են Հայաստան մասնակցելու միջազգային Break Dance մրցաշարերի»:

Միջոցառման կազմակերպիչ Derart Studio-ի տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները հիանալի հնարավորություն են տալիս հայ երիտասարդներին ներկայացնելու իրենց տաղանդը միջազգային շուկայում։

Ռոստովյան կիսաեզրափակչում հաղթանակելուց հետո մասնակիցները կներկայանան Կորեայում, որտեղ էլ կկայանա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։

Այս թեմայով