05 Մայիս 2014, 12:19
2434 |

Վազենք հանուն փոքրիկների

Run in Yerevan-ի մասնակիցները մրցավազքը մեկնարկեցին Մանկական երկաթուղու մուտքի հարակից հրապարակից: Ձորափի փողոցով նրանք վազեցին 2.5 կմ, որտեղ ստանում էին ռետինե գունավոր թևնոցներ՝ ի նշան նրա, որ հաղթահարել են հեռավորության կեսը, և ապա վերադառնում նույն ճանապարհով:

Run in Yerevan միջոցառումը կազմակերպվել էր Cilicia Capital ընկերության, Գեորգի Թովմասյանի հիմնադրամի, «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության աջակցությամբ: 5 կմ երկարությամբ բարեգործական մրցավազքի նպատակն էր գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի Հայաստան, առավել հասանելի մարզաձևի՝ վազքի միջոցով քարոզել առողջ ապրելակերպ և օգնել Հայաստանի երեխաներին: Մասնակցությունը մրցավազքին անվճար էր, փոխարենը վազորդները կարող էին ձեռք բերել Run in Yerevan 2014 տարբերանշանով շապիկներ, որոնց արժեքն իրենք էին որոշում: Նվազագույն գումարը 2000 դրամն էր, թեև մեծամասնությունը առնվազն 5000 դրամ և ավելի էին պատրաստ վճարել, իսկ մեկն անգամ 100 000 դրամ չխնայեց:

Հավաքված գումարն ուղղվելու է «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Վերջինս իր հովանու ներքո միավորում է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին և նրանց մայրերին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն փոքրիկների ճակատագրերի հանդեպ: Ի դեպ, փոքրիկները նույնպես ներկա էին մրցավազքին, որին հաջորդեցին Street Workout Armenia-ի երիտասարդների ցուցադրական ելույթները զուգափայտերի վրա:

Մրցավազքից հետո փոքրիկների՝ երկինք բաց թողած գունավոր փուչիկները խորհրդանշում էին այն, որ մրցավազքում հաղթեցին բոլորը, հաղթեց բարեգործությունն ու փոքրիկների լուսավոր ապագայի հանդեպ հույսը:

Այս թեմայով