28 Ապրիլ 2014, 11:46
1526 |

Նոր ընտրանի

Ապրիլի 25-ին «Արամե» պատկերասրահում բացվեց «Նոր ընտրանի, 2014» խորագիրը կրող ցուցահանդես։ Այս անգամ ևս պատկերասրահը ներկայացրել էր իր մշտական ցուցադրվող հեղինակների աշխատանքները, ընդ որում՝ ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի: Գառզուի, Ժանսեմի, Գայանե Խաչատրյանի արդեն դասական դարձած կտավների կողքին ներկայացված էին Սարգիս Համալբաշյանի, Տարոն Մուրադյանի, Տիգրան Մատուլյանի, Արթուր Հովհաննիսյանի, Ռուբեն Աբովյանի և այլոց աշխատանքները: Ընդհանուր առմամբ ցուցադրության էր ներկայացվել 50 գեղանկար և 20 քանդակ։

«Արամե»-ի հիմնադիր-տնօրեն Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ ցուցահանդեսի գլխավոր խնդիրը պատկերասրահի նոր հավաքածուն ցուցադրելն էր, ինչի մասին հուշում է հենց ցուցահանդեսի խորագիրը: Ի դեպ՝ Գառզուի, Ժանսեմի և Գայանե Խաչատրյանի նոր ձեռք բերված 10 աշխատանքները մինչև օրս երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել:

Դասական ու ժամանակակից հեղինակների համատեղ ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նկատելու սերունդների ստեղծագործական կապը: Բայց դրա հետ մեկտեղ ցուցահանդեսը հայ կերպարվեստի զարգացման միտումները, թեմատիկ յուրահատկություններն ու ժանրային գերապատվությունները գնահատելու կարևոր առիթ է:

«Նոր ընտրանի, 2014» ցուցահանդեսը բաց կլինի ուղիղ մեկ ամիս՝ մինչև մայիսի 25-ը։

Այս թեմայով