17 Մարտ 2014, 17:46
2199 |

Շուտով նորից կվերածնվենք

Այս տարի երաժիշտ –կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը նվիրված է Արմեն Տիգրանյանի 135-ամյակին և Արցախյան գոյամարտում հաստատված հրադադարի 20-ամյակին: Այն տեղի կունենա ապրիլի 10-19 Գյումրիում: Կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

«Վերածնունդ» փառատոնի շրջանակներում կանցկացվեն երաժշտական մրցույթներ: Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեվ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր և երաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) և այլք: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաև տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում: Երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով:

Իրենց անվանակարգերում բացարձակ 14 հաղթողները կարժանանան 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ մեդալների, դիպլոմների և այլն: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը՝ ապրիլի 18-ին:

Այս թեմայով