06 Փետրվար 2014, 20:12
2264 |

Սոչիի Օլիմպիադան բացվեց առանց «Արմենիայի»

Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկում են 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը: Քաղաքն ամբողջովին պատրաստ է ընդունելու Օլիմպիադայի հյուրերին՝ մարզիկներին, մարզիչներին, հանդիսատեսներին ու ԶԼՄ-ներին: Սոչիի Իմերեթական դաշտավայրն ի սկզբանե ծրագրվել էր տրամադրել Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքներին, հյուրանոցային համալիրներին և ժամանցային հաստատություններին: Այդտեղ պետք է տեղ գտներ նաև հայ ճարտարապետների նախագծած «Արմենիա» հյուրանոցային համալիրը, բայց...

Դեռևս 2009-ին Իմերեթական դաշտավայրում որոշվեց տարածքի մի մասը հատկացնել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի՝ ազգային ճարտարապետության տարրերով նախագծված հյուրանոցային համալիրների կառուցմանը: Հայաստանյան նախագծի ընտրությունը ՀՀ կառավարությունը վստահել էր Ռուսաստանի առաջատար շինընկերություններից մեկին' Bamo-ին, որն էլ պետք է հանդես գար որպես հյուրանոցի շինարարության գլխավոր ներդրողը: Ընկերությունը ՀՀ քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ճարտարապետների միությունների հետ միասին հայտարարեց հյուրանոցի լավագույն նախագծի մրցույթ: Ներկայացված 43 հայտերից հաղթող ճանաչվեց «Հայնախագիծ» ինստիտուտի' Սարգիս Սարդարյանի գլխավորած ճարտարապետների խմբի (Անի Վերանյան, Ռուզաննա Մամյան) նախագիծը: Այն հաստատվել էր նաև Ռուսաստանի կառավարության կողմից, և Bamo-ն պատրաստվում էր գործարք կնքել հաղթողի հետ, որից հետո կսկսվեին նախագծի իրականացման աշխատանքները:
«Հայաստանը քարերի երկիր է, համաշխարհային մշակույթին արվեստի հազարավոր գլուխգործոցներ պարգևած. մեր նախագիծը ստեղծելիս հենց այդ գաղափարներով ենք առաջնորդվել: Այդ են վկայում համալիրի ուրվագծերը, ասիմետրիկ կառուցվածքը, իսկ հայկական հողն ու ջուրը, կանաչն ու օդը խորհրդանշական կերպով փորձել ենք վերարտադրել նախագծի արտաքին և ներքին ձևավորման մեջ: Բնական լանդշաֆտային առանձնահատկություններից զատ կարևոր շեշտ ենք դրել նաև պատմամշակութային ժառանգության վրա»,- պատմում է Սարգիս Սարդարյանը:
14-հարկանի հյուրանոցային համալիրն իր մեջ ընդգրկում է շուրջ 500 տարատեսակ հյուրանոցային համարներ, որոնք զբաղեցնում են 3-14-րդ հարկերը, առողջարան, մարզասրահ, սրճարաններ, ստորգետնյա ավտոկայան, ցուցասրահ, համերգասրահ, նիստերի դահլիճ, զանազան ֆունկցիոնալ հատվածների բաժանված նախասրահ, ինչպես նաև հայկական մատուռ՝ հայոց այբուբենի տառերով: Հայկական զարդանախշերը տեղ են գտել կառույցի արտաքին և ներքին հարդարանքում, որը կատարվելու էր հայկական բնաշխարհի քարերով, դեկորատիվ բետոնով, ապակով և մետաղներով: Զանազան մակարդակներում գտնվող հարթակներն ու կանաչապատ տարածքները նախատեսված են որպես հանգստյան գոտիներ:

«Արմենիա» հյուրանոցային համալիրի շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2010-ին, սակայն նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա՝ անգամ հեղինակների համար ոչ հստակ պատճառներով: Բայց, չնայած դրան, նախագիծը ունեցավ նաև այլ հաջողություններ. վերոհիշյալ մրցույթը շահելուց հետո Սարդարյանի արվեստանոցը հյուրանոցի նախագիծը 2010-ին ներկայացրեց ճարտարապետության համաշխարհային ինտերնետ-հանրության դատին: Վերջինս երեք ամիսը մեկ այդ շրջանի լավագույն նախագծի մրցույթ է հայտարարում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Եվ ահա «Արմենիա» հյուրանոցային համալիրի նախագիծը 9-րդ շրջանում հաղթող ճանաչվեց՝ ընդգրկվելով 77 լավագույն աշխատանքների մեջ, որից հետո՝ համաշխարհային «ոսկե» քսանյակի մեջ:

Այս թեմայով